Խմելու ջուր` Մեծ Թաղլար եւ Ազոխ համայնքներում
ԼՂՀ Հադրութի շրջանի Մեծ Թաղլար եւ Ազոխ համայնքներում «Հայաստան» համահայկական հիմնադրամը շահագործման է հանձնել շուրջ 16 կմ երկարությամբ նորակառույց ջրագիծը, որը կսպասարկի համայնքների ավելի քան 2300 բնակչի: Ծրագիրը համաֆինանսավորում են Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինն ու ԼՂՀ կառավարությունը:
Հիմնադրամի մամլո ծառայության փոխանցմամբ` Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, կառավարությանն առընթեր կապիտալ շինարարության վարչության պետ Կարեն Շահրամանյանը, կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, փոխտնօրեն Արարատ Խլղաթյանը և այլք:
«Հիմնադրամի գործունեության մեջ առաջնային կարեւորության ոլորտները մի քանիսն են, սակայն չկա ավելի մեծ ձեռքբերում, քան հեռավոր գյուղերի բնակչությանը խմելու ջրով ապահովելը»,- իր շնորհավորական խոսքում նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:
«Մենք հարյուր տարի ջուր չենք ունեցել», - մինչ ժապաավենը կտրելն ասել է Մեծ Թաղլարի տարեց բնակչուհին եւ արարողությունը սկսել մոմավառությամբ:
Ջրատարը սնվում է Իշխանագետից: Աղբյուրի հաղորդմամբ` շինարարները վստահեցնում են, որ ջրընդունիչ կառույցը, պարզարանը, ջրի մաքրման ֆիլտրը կապահովեն ջրի մաքրությունն ու որակը, իսկ մետաղական խողովակներն ու փականները` ջրատարի անխափան աշխատանքը:
Ազոխ համայնքի ղեկավար Գեւորգ Գեւորգյանի խոսքով` խմելու ջրի հարցը տարիներ շարունակ քիչ թե շատ կարգավորվում էր, երբ տեղումներ էին լինում: «Ջրի առկայությունն էապես կփոխի գյուղացիների կենցաղը: Բոլորի անունից շնորհակալություն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի կառավարությանն ու Հիմնադրամին», - ասել գյուղապետը:
Հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանի տեղեկացմամբ` մինչեւ տարեվերջ կավարտվի նաեւ ջրագծի Դրախտիկ համայնքի 6 կմ երկարությամբ հատվածը:
Ընդհանուր առմամբ Մեծ Թաղլար, Ազոխ եւ Դրախտիկ համայնքներում ապրում է շուրջ 2750 բնակիչ, որի հիմնական զբաղմունքը հողագործությունն ու անասնապահությունն է:
Ջրատարի բացման արարողությանը հետեւել է Հիմնադրամի մեկ այլ` Սպիտակաշենի նորակառույց դպրոցի բացման արարողությունը: Հովանավորող կողմի եւ ծրագրի բարերարների այցով պայմանավորված` դպրոցի պաշտոնական բացումը տեղի կունենա 2010 թ. մայիսին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել