Վովա Կոստանյան. «Ես դերասան չեմ, բայց ժողովուրդը կասի` ես դերասա՞ն եմ, թե՞ չէ»
«Ես համոզված ձեզ ասում եմ, որ Հմայակ Հովհաննիսյանից 2-3 անգամ շատ ձայն եմ հավաքելու: Մնալու ենք մենք երկուսով»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ այսպիսի կանխատեսում արեց թիվ 10 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու, դերասան Վովա Կոստանյանը:
«Ես մշտապես սատարել եմ Հայաստանը բարեփոխումների ճանապարհով տանող, այլ ոչ թե քարուքանդ անող ղեկավարությանն ու քաղաքական մեծամասնությանը, աջակցել եմ նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանին և շարունակելու եմ աջակցել: Ուստի չեմ հանդուրժի մեր երկրի նախագահին վարկաբեկող ու պետականության դեմ գնացող թեկնածու Հովհաննիսյանի հաղթանակը և անելու եմ ամեն ինչ կրկնակի ձայներով հաղթելու համար: Առաջ Հայաստան, առաջ Երևան, առաջ Կենտրոն ու 10-րդ ընտրատարածք»,- նշվում է Վովա Կոստանյանի հայտարարություն մեջ, որը թեկնածուն ընթերցեց ասուլիսի ժամանակ:
Դերասանն ասաց, որ ինքը չի սատարում Հանրապետական կամ որևէ այլ կուսակցության, այլ սատարում է երկրի նախագահին ու նրա աշխատանքները: «Եթե մենք բոլորս ընտրել ենք մեր նախագահին, ձայն ենք տվել, անկախ նրանից` ով ոնց, ինչ, ուրեմն պետք է հարգենք այդ պաշտոնը և սատարենք այդ մարդուն, որովհետև ինքը մեր դեմքն է ցույց տալիս ամբողջ աշխարհին: Այսօր մեկս մյուսին «գցելով»` ոչ մի բանի չենք հասնելու: Ընտրել ենք, եկեք բոլորս էլ շարունակենք գնալ այդ մարդու հետևից»,- նշեց նա:
Վովա Կոստանյանն ասաց, որ իր ամենամեծ մրցակից համարում է Նիկոլ Փաշինյանին, ում շատ հարգում է, և եթե Փաշինյանին գրանցեին, ընտրություններն ավելի արդար կանցնեին: Նա ասուլիսի ժամանակ խնդրեց «մեր ղեկավարությանը, որ Նիկոլ Փաշինյանին թույլ տան մասնակցել այս մեր ընտրությանը, եթե օրենքը թույլ է տալիս: Եթե Մադաթյանին թույլ տան, նրան` ոչ, դա նշանակում է մարդու իրավունքների կոպիտ խախտում»:
Միաժամանակ Վովա Կոստանյանի հայտարարության մեջ ցանկություն է հայտնվում, որ հանձնաժողովը գրանցի նաև Էդուարդ Մադաթյանի թեկնածությունը, և բոլորը մրցեին արդար ու հավասար պայքարում: «Առանց արձագանքելու Դավիթ Հակոբյանի` անգրագետ ու ոչ կոռեկտ կերպով իմ հասցեին արտահայտած քառատողերին` ցավով եմ փաստում, որ նա էլ չի գրանցվելու որպես պատգամավորության թեկնածու (խնդրում եմ չհարցնել, թե ինչու. դա ուղղակի իմ համոզմունքն է)»,- ասաց Վովա Կոստանյանը:
Ըստ նույն հայտարարության` եթե նույնիսկ «Ազգային միաբանության» ներկայացուցիչը ինքնաբացարկ չհայտարարի, արդեն ակնհայտ է, որ ընտրություններին մասնակցելու են երկու հիմնական թեկնածու` ընդդիմադիր և իշխանամետ: Ընդդիմադիր ասելով` Վովա Կոստանյանը նկատի ունի Հմայակ Հովհաննիսյանին, որը «պախարակել է երկրի ղեկավարներին, պետական ինստիտուտները և հատկապես նախագահին»:
«Ինչ վերաբերում է ինձ, այո, անդամակցել եմ «Օրինաց երկրին», բայց երբ այդ կուսակցությունը րոպեական փոխեց իր քաղաքական կուրսը, իսկ հետո տեսանք, թե ինչ եղավ, ես անմիջապես հեռացա այնտեղից»,- նշված է դերասանի հայտարարության մեջ:
Երբ լրագրողներից մեկը նշեց, որ Հայաստանի առաջադիմական կուսակցությունը (ՀԱԿ) սատարում է Վովա Կոստանյանին, վերջինս ասաց, որ ինքը եղել է ՀԱԿ վարչության անդամ, համագումարին հայտարարել է, որ իրենց բոլոր ձայները տալիս են նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն ընտրություններից առաջ դուրս է եկել կուսակցության շարքերից, և այս պահին անկուսակցական է: Սակայն այն, որ Առաջադիմական կուսակցությունը որոշել է սատարել Վովա Կոստանյանին, վերջինի խոսքերով, որևէ բան չի նշանակում, քանի որ «լիքը մարդիկ կան, որ ինձ սատարում են` իմ սպորտսմեն ընկերներն են, իմ ապրած տարիների ընկերներն են, նույն այն ժողովուրդը, որը տեսել է ինձ հեռուստատեսությամբ»:
Վովա Կոստանյան ասաց, որ մամուլը ստահոդ տեղեկություններ է տարածել իր մասին, և հորդորեց լրագրողներին իր մասին ինչ-որ բան գրելուց առաջ նախ խոսել իր հետ:
«Մամուլում գրվեց, որ Դուք հայտնի եք որպես ընտրակեղծարար: Դա ճի՞շտ է, թե՞ ոչ»,- հարցրեց լրագրողներից մեկը: Վովա Կոստանյանը պատասխանեց, որ դրա համար գոյություն ունի Կենտրոնական ընտրական հանձնաժողով: «Ով որ գրում է, թող գնան հանեն արխիվը, ու որտեղ ես եղել եմ հանձնաժողովի նախագահ, թող վերցնեն և տեսնեն` այստեղ մի հատ բողոք եղե՞լ է, մի անգամ ինձ (ոչ թե կենտրոնական, այլ) ընտրական տեղամաս հրավիրե՞լ են, որ ստուգեն, տեսնեն` ես սխա՞լ եմ արել, թե՞ ճիշտ: Ու թող այդ ժամանակ գրեն` կեղծարար է»,- ասաց նա:
Ասուլիսի ժամանակ նաև Վովա Կոստանյանին հարցին, թե ինչո՞ւ է թողնում դերասանությունը և ուզում պատգամավոր դառնալ: «Ես դերասան չեմ, բայց ժողովուրդը կասի` ես դերասա՞ն եմ, թե՞ չէ»,- ասաց Վովա Կոստանյանը:
Նա հավելեց, որ ինքը կրթությամբ դերասան չէ և տարբեր աշխատանքներ է կատարել` բանվորից մինչև թատրոնի տնօրեն: Ուզում է պատգամավոր դառնալ, որպեսզի մշակույթին վերաբերող խնդիրները ԱԺ ամբիոնից բարձրաձայնի: Օրինակ` թատրոնը վաճառված մեկ տոմսի համար անգամ հարկ է մուծում պետությանը, ինչի արդյունքում դերասանն ընդամենը 17-20 հզ. դրամ աշխատավարձ է ստանում: Եվ թատրոնին պետք է ազատել հարկերից:
«Դուք հիշո՞ւմ եք` վերջին անգամ երբ է մշակույթի մարդ եղել ԱԺ-ում: Մարդիկ մոռանում են, որ կա մշակույթ: Փառք Աստծու, լեզուս էլ է աշխատում, կրթությունս էլ է հերիքում: Ես գնում եմ ԱԺ իմ ժողովրդի համար, գնում եմ` որպես մշակույթի մարդ, որ մշակույթի մարդկանց մասին ինչ-որ մի բան ասեմ: Եվ բոլոր մշակույթի մարդիկ ինձ սատարում են, իմ կողքին են, և այդ օրն էլ կտեսնեք` ինչքան մարդ ինձ ձայն է տալու»,- ասաց Վովա Կոստանյանը:
Պատգամավոր դառնալու դեպքում Վովա Կոստանյանը խոստանում է բեկումնային փոփոխություններ և շատ հարցերի լուծում: Թե որ հարցերի` պարզ կդառնա, երբ մեկնարկի քարոզարշավը, և թեկնածուն ներկայացնի իր նախընտրական ծրագիրը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել