
«Մեր գերագույն խնդիրը Սևանի էկոհամակարգի պահպանման, վերարտադրության, բնականոն զարգացման և օգտագործման խնդիրների լուծումն է: Այդ խնդիրների լուծման համար պետք է լուծել եռամիասնական խնդիր. առաջինը` բարձրացնել լճի մակարդակը, երկրորդ` ապահովել լճի ջրերի մաքրությունը, և երրորդ` վերականգնել բնական կենսաբազմազանությունը»,- այսօր «Հայացք» ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նախագահին առնթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը:
Վերջինի խոսքով` իրենց հանձնաժողովի գործունեությունն իրականացվում է երկու ուղղությամբ. նախ` Սևանի հիմնահարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել` ուղղված էկոհամակարգերի պահպանմանը և գործառույթներ ունեցող նախարարությունների հետ միասին իրականացնել պրակտիկ գործնական միջոցառումներ` այդ խնդիրների լուծման համար:
«Ջրի մակարդակի բարձրացման ամենակարևոր գործոնը Արփա-Սևան թունելի գործոնն է: Այս տարի վերականգնված է 522 գծամետր թունելի հատակային մասը, որի արժեքը կազմում է մոտ 605 մլն դրամ: Արդյունքում այս տարի Կեչուտից Սևան ենք տեղափոխել 171 միլիոն խմ ջուր` անցյալ տարվա 168-ի դիմաց: Մենք պետք է շատ բերենք, քիչ բաց թողնենք, որպեսզի բարձրացնենք: Ոռոգման նպատակով այս տարի Սևանից 142 միլիոն հաստատած լիմիտի դիմաց բաց է թողնվել ընդամենը 126 միլիոն խմ, որն անցած հինգ տարիների միջինից պակաս է 65 միլինոնով, և անցյալ տարվա բաց թողածից պակաս է 174 մլն-ով: Այս տարի բնությունը նույնպես այս հարցում օգնել է: Հունվարի 1-ի դրությամբ ներկայումս Սևանի մակարդակը բարձրացել է 45 սմ-ով»,- ասաց նա:
Վ. Մովսիսյանի հավաստմամբ`այս տարի սկսվելու են ջրածածկվող անտառների մաքրման աշխատանքները: Սկսվել է նաև Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ծրագրերի շրջանակներում Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Սևանի և Ջերմուկի կոյուղագծերի վերակագնման ծրագիրը: Այդ աշխատանքները կավարտվեն հաջորդ տարվա դեկտեմբերին:
«Եկող տարի մենք կսկսենք խոշոր բնակավայրերի ջրամատակարարման կոյուղացման մաքրակայանների ծրագիրը: Մենք նաև պետք է վերանայենք կենցաղային աղբի տեղադրման բոլոր վայրերը, դրանք այսօր բարձիթողի վիճակում են գտնվում»,- ասաց նա:
Վ. Մովսիսյանը նշեց, որ եթե լճի մակարդակը բարձանա մինչև 1905 մետր ծովի մակեևույթից բարձր, ապա ջրի մակարդակը կազմելու է 1903.5 մետր: Բարձրացման արդյունքում առաջանում են մի շարք լուրջ խնդիրներ` ջրածածկ են լինում բավականին հողատարածքներ, ինժեներական կառույցներ, ճանապարհներ, շենքեր և շինություններ:
«Ջրածածկ կլինի 1967 շենք և շինություն: Դրանցից 481-ը օրինական գրանցված են, իսկ 1216-ը անօրինական ինքնակամ կառույցներ են, որոնցից 910-ը` շարժական:
806 միավոր վարձակալված հողատարածքներ գոյություն ունեն, որոնցից 699-ը օրինական գրանցված հողատարածքներ են: Դրանցից միայն 11 տոկոսն է օրինական կառուցապատված, 24 տոկոսն ինքնակամ կառուցապատված է, և 65 տոկոսը դեռևս կառուցապատված չէ: Ջրածածկ են լինելու շուրջ 15 կմ ճանապարհներ,որոնց մեծ մասի համար ափապաշտպան միջոցառումներ պետք է արվեն, իսկ մնացածը պետք է վերակառուցվեն կամ տեղափոխվեն»,- ասաց նա` նշելով, որ ջրածածկ լինելու արդյունքում իրենք կառաջարկեն կառավարությանը, որպեսզի օրինական բոլոր կառույցները փոխհատուցվեն օրենքով սահմանված կարգով: Իսկ ջրի մակարդակի բարձրացումը մինչև 1903.5 նիշը պետք է տեղի ունենա մինչև 2031թ.:
Վ. Մովսիսյանը նշեց նաև, որ իրենց հանձնաժողովը առաջարկությունների ընդհանուր փաթեթ է մշակել` բաղկացած ութ հիմնախնդիրներից, որն օրերս կուղարկեն կառավարություն` քննարկման:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել