Մարգար Օհանյան. «100-120 կմ/ժամ արագությամբ երթեւեկող վարորդին միայն Աստված կարող է փրկել»
2009 թվականի նոյեմբերի 9-ի դրությամբ հանրապետությունում տեղի է ունեցել 1685 ավտոտրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 271 քաղաքացի եւ վիրավորվել 2328-ը: 2008 թ.-ի նույն ժամանակահատվածում գրանցվել է 1836 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով զոհվել է 335 եւ վիրավորվել 2605 քաղաքացի:
«Պետք է ավելի ուշադիր լինենք ու եթե տարվա վերջին օրերին կարողանանք փրկել գոնե 60-70 կյանք, ուրեմն ճանապարհային ոստիկանությունն իզուր չի աշխատել: Ամեն տարի այս թիվը պետք է նվազեցնենք: Հանրապետությունում ավտոմեքենաները շատ չեն:
Ընդամենը 420 հազար տրանսպորտային միջոց ունենք եւ դա մեր հանրապետության համար շատ չէ, եւ այդ թվի համեմատ այսքան զոհեր ու վիրավորներ ունենալը շատ-շատ է: Հավատացեք խախտումների դեմն առնելը միայն ճանապարհային ոստիկանությունը չէր կարող: Լրատվամիջոցները մեզ շատ են օգնել: Մեզ էլ եք շատ քննադատում եւ դրանից ավելի ամրանում ենք ու ավելի լավ ենք փորձում աշխատել»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանը:
Նրա ասելով՝ պատահարներից խուսափելու համար պետք է օգտվել ամրագոտիներից: «Ասում են, թե բնակավայրերում մեքենան վարելիս արագությունը բավականին ցածր է եւ ամրագոտուց օգտվելու կարիք չկա: Անվտանգության գոտիները փրկում են մինչեւ 70 կմ/ժամ արագության դեպքում: 100-120 կմ/ժամ արագությամբ երթեւեկող վարորդին միայն Աստված կարող է փրկել: Մեքենա վարելիս՝ մեր կողքին նստած են ուղեւորներ, որոնց ամրագոտին պետք է: Եթե ղեկը վարորդին ինչ-որ չափով կարող է պաշտպանել, ապա կտրուկ արգելակման դեպքում ուղեւորը մանգամից գլխով հարվածում է դիմապակուն: Այս հարցով ինստիտուտներ ու մասնագետներ են աշխատել: Այնպես չի, որ Հայաստանի որեւէ չինովնիկ տեղից վեր կացավ եւ ասաց, որ պետք է անվտանգության գոտիները կապեն»,-ավելացրեց Մ. Օհանյանը:
Հոկտեմբերի 1-31-ը միայն Երեւան քաղաքում տուգանվել է 1526 հետիոտն, որոնք սխալ տեղից են ճանապարհն անցել: Տուգանվածներից 900-ից ավելին տեղում վճարել է տուգանքը` 3000 դրամ, իսկ մնացածի նկատմամբ կազմվել է արձանագրություն:
Մարգար Օհանյանը նաեւ տեղեկացրեց, որ 2009 թվականին հեռացվել է 4 ավտոտեսուչ, 2-ի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, որոնց գործերն արդեն հանձնվել է դատարան: Նշված 2 տեսուչները վարորդների հետ ծեծկռտուքի են բռնվել: 90 աշխատակից էլ ենթարկվել է կարգապահական պատասխանատվության:
Ծառայողական ավտոմեքենաներով խախտում կատարելու համար մի քանի ավտոտեսուչներ ազատվել են աշխատանքից, թվով 15 տեսուչ էլ տույժ է ստացել:
«4 տեսուչի խախտում անձամբ ես եմ տեսել: Մեկը Հալաբյան փողոցում անհարկի շրջադարձ կատարեց, մյուսը՝ Թումանյան փողոցում: Տեսուչներից մեկն արդարացավ, թե խախտում է նկատել դրա համար է շրջադարձ կատարել, սակայն վարորդի կատարած խախտումն ավելի փոքր էր, քան ավոտեսուչինը, որը փողոցի երթեւեկը կանգնացրել էր ու պտտվել: Մենք ունենք գումարտակի, դասակի հրամանատարներ, որոնք շրջելով հետեւում են տեսուչների աշխատանքին: Ես նույնպես ավտոմեքենայով շրջում եմ: Եթե հետամուտ չլինենք Երեւան քաղաքում ամեն օր մեր տեսուչներն էլ խախտումներ կկատարեն: Ամեն անգամ խորհրդակցությունների ժամանակ ոստիկանապետը հորդորում է, որ համակարգի աշխատողները, իրենց անձնական մեքենաներով՝ առավել եւս ոստիկանական ավտոմեքենաներով, եթե խախտում անեն ու ղեկավարն էլ վարորդի կողքը լինի, պետք է անպայման պատժել ղեկավարին»,-ավելացրեց ճանապարյհային ոստիկանության պետը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել