«Դենո Գոլդ Մայնինգ Քամփնին» չմասնակցեց
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը վերջերս Կապանի «Օրհուս» կենտրոնում ներկայացրեց իրենց կազմակերպության կողմից անցկացրած մոնիթորինգի արդյունքները: Ըստ ուսումնասիրությունների` «Դենո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ի ոչ ճիշտ գործունեության արդյունքում բնապահպանական մեծ խնդիրներ են առաջացել տարածաշրջանում:
Ընկերությունը դեռեւս չի լուծել Շահումյան բանավանի բնակիչների փոխհատուցման հարցը: Սյունիք եւ Գեղանուշ գյուղական համայնքների բնակիչներին հասցված վնասներն էլ զգալի են: Գեղանուշում գտնվող կոմբինատի պոչամբարը կառուցված է կանոնադրական խախտումներով:
Գեղանուշի գյուղապետ Կամո Ավանեսյանի խոսքերով` հողերի բերրիությունը նվազել է, բնակիչներից շատերը հրաժարվում են մշակել իրենց վարելահողերը: Իսկ 1000-ից ավելի ընկուզենիներից ստացած բերքը նախկինից զգալի տարբերվում է:
Ըստ ուսումնասիրությունների` կոմբինատը վարկավորում է ստացել Եվրոպական զարգացման բանկից (EBRD), որպեսզի տարածաշրջանում սոցիալ-տնտեսական եւ բնապահպանական անհրաժեշտ միջոցառումներ իրականացնի:
«Սակայն ընկերությունը ոչինչ չի արել ու չի անում: Կատարված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել են Եվրոպական զարգացման բանկին, սակայն դրական արձագանքներ դեռեւս չկան»,-ասաց Ինգա Զարաֆյանը:
Այս քննարկմանը «Դենո Գոլդ Մայնինգ» ՓԲԸ-ից ոչ մեկը չէր մասնակցում: Ընկերության ներկայացուցիչները հրաժարվել էին մասնակցել կլոր սեղան-քննարկմանը` պատճառաբանելով, որ մեկ օրը քիչ է պատրաստ ներկայանալու համար, եւ նման միջոցառումներ կազմակերպելիս` պետք է մեկ ամիս առաջ տեղեկացնել ընկերությանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել