HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պահանջում են դադարեցնել հետապնդումը «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ

Այսօր մի քանի հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ պահանջում են չեղյալ հայտարարել ժողովրդավարության սկզբունքներին հակասող դատական որոշումը և դադարեցնել  «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ հետապնդումը եւ ֆինանսական խնդիրները լուծել համապատասխան հարթության վրա: «Նոյեմբերի 10-ին «Չորրորդ իշխանություն» օրաթերթը լույս չի տեսել: Դրա փոխարեն կրպակներում հայտնվել է ձեւավորմամբ ու բովանդակային ուղղվածությամբ նույնական «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:

Իսկ ընթերցող լսարանին հայտնի անունով թերթի տպագրությունը դադարեցնելու համար հիմք է ծառայել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի որոշումը, որում նշված է՝ «արգելել «Չորրորդ իշխանություն» օրաթերթի տպագրությունը ինչպես «Կողմնակի անձանց Մ» ՍՊ ընկերության, այնպես էլ ցանկացած այլ ընկերության կողմից, որեւէ այլ տպարանում»: Այս որոշման հիման վրա ԴԱՀԿ-ը կատարողական վարույթ է հարուցել: Նման որոշման առիթ է հանդիսացել տնտեսական վեճը «Գինդ» տպագրատան եւ «ՉԻ» հրատարակիչ (լրատվական գործունեություն իրականացնող) «Օգոստոս» գործակալության միջեւ: Մենք, հասարակական  կազմակերպությունների ներկայացուցիչներս, համարում ենք, որ թերթի տպագրության  արգելմամբ խախտվել է տեղեկատվության ազատ տարածման սկզբունքը: Նման որոշումը, ինչ պատճառաբանությամբ էլ այն կայացված լինի, հակասում է ՀՀ Սահմանադրության 27-րդ եւ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածներին: Ելնելով վերոհիշյալից՝ մենք պահանջում ենք. - չեղյալ հայտարարել ժողովրդավարության սկզբունքներին հակասող դատական որոշումը, - դադարեցնել  «Չորրորդ իշխանություն» թերթի նկատմամբ հետապնդումը եւ ֆինանսական խնդիրները լուծել համապատասխան հարթության վրա»,-ասված է հայտարարության տեքստում:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե Երեւանի մամուլի ակումբ ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» ՀԿ Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ-Հայաստան Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ Վանաձորի մամուլի ակումբ Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն Հայաստանի հելսինկյան կոմիտե

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter