Իշխանական թեկնածուն Հմայակ Հովհաննիսյա՞նն է
Երեկ հայտնի դարձավ, որ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է մերժել հինգ տարվա բնակության մասին տեղեկանք տրամադրել` ԱԺ պատգամավոր առաջադրվելու համար, այլև Էդուարդ Մադաթյանին, որին բոլորը համարում էին իշխանության թեկնածու:

Այս հանգամանքը երեկ բավական զարմանքի տեղիք էր տվել: Հայտնի է, որ Մադաթյանին հովանավորում էր Հովիկ Աբրահամյանը, իսկ դա նշանակում է, որ կամ բարձր իշխանությունը որոշել է պատժել Արգամիչին, կամ տարաձայնություններ են առաջացել, որի ժամանակ ԱԺ նախագահը փորձել է ինքնուրույն խաղ խաղալ, ինչպես տեսնում ենք` անհաջող:
Ինչ վերաբերում է թիվ 10 ընտրատարածքին, ապա ակնհայտ է, որ «դաբրոն» բաժին է հասել մի երրորդ անձի: Դատելով այս տարածքում առաջադրված թեկնածուների ցանկից` դա կամ Հմայակ Հովհաննիսյանն է, կամ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Արամ Սիմոնյանը: Վերջինիս թեկնածությունը փորձագետները մերժում են: Կնշանակի` իշխանական թեկնածուն բազում կուսակցություններ փոխած, Էդուարդ Մադաթյանին իշխանական թեկնածու լինելու մեջ մեղադրող և նրա հասցեին քլնգող հարցազրույցներ տվող, Նիկոլ Փաշինյանին իր համակրանքն ու համագործակցությունն առաջարկող Համոն է, որն, ըստ լավատեղյակ աղբյուրների, միշտ էլ տակից համագործակցել է գործող իշխանությունների, վրայից` ընդդիմության հետ:
Դատախազը կալանավորված է
«Հրապարակը» տեղեկացրել էր, որ ԱԱԾ-ն 600 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով ձերբակալել էր «Գորիս» ՔԿՀ-ի պետ Արմեն Պետրոսյանին և պետի տեղակալ Կարո Զադոյանին` առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու փորձի համար:
Նշել էինք նաև, որ, ըստ ԱԱԾ-ի, իրենք ակնկալում էին զարգացումներ: Այդ համատեքստում դատախազության հարուցած քրեական գործում մեղադրանք առաջադրվեց նաև ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազ Լեռնիկ Խաչատրյանի նկատմամբ (վերջինս սպանված դատախազ Հենրիկ Խաչատրյանի եղբայրն է):
Ըստ գործի նյութերի` Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Հերոս Բագրատ-Մասիհիի Ներսսյանն ԱՄԷ-ի կողմից գտնվել է հետախուզման մեջ: Նա մեղադրվել է կեղծ վճարային քարտեր պատրաստելու մեջ: 2009-ի օգոստոսին, Իրանից գալով Հայաստան, ձերբակալվել է Մեղրու սահմանային անցակետում: Կալանավորին տեղափոխել են «Գորիս» ՔԿՀ:
Նրան կալանքից ազատելու համար անհրաժեշտ բժշկական կեղծ թղթեր ձևակերպելու առիթով Ներսսյանի հայրը 12 հազար ԱՄՆ դոլարով նրան կալանքից ազատելու շուրջ համաձայնության է եկել դատախազ Լեռնիկ Խաչատրյանի հետ: Վերջինս ձերբակալվածի հորն ուղարկել է «Գորիսի» պետի մոտ` որդուն «Դատապարտյալների հիվանդանոց» տեղափոխելու համար գումարի մասին պայմանավորվելու:
«Զամբյուղի» մասին մոռացան
Վերջին շաբաթների ընթացքում առաջին անհրաժեշտության ապրանքները թանկացել են, մի մասը զգալիորեն` 300-400 դրամով, իսկ որոշ դեղեր` մի քնաի հազար դրամով: Կառավարության ներկայացուցիչները դրա վերաբերյալ որևէ հոդաբաշխ պատասխան չեն տալիս, և ինչպես որ դա նախորդ թանկացումների դեպքում էր, չեն հայտարարում, որ սոցիալապես առավել անապահով խավերին, որոնք գնաճից առավել շատ են տուժում, տրվելու է փոխհատուցում` թոշակների և նպաստների տեսքով:
Կառավարությանը մոտ կանգնած փորձագետները որպես թանկացումների պատճառ նշում են դոլարի կամ եվրոյի կուրսի բարձրացումը: Բայց ես չեմ հավատա այդ փորձագետներին այնքան ժամանակ, մինչև նրանք չբացատրեն, թե ինչու 2-3 տարի առաջ, երբ դոլարն ու եվրոն սրընթաց գահավիժում էին, ապրանքները չէին էժանանում: Ժողովուրդն ամեն ինչ բացատրում է մեր օլիգարխների ագահությամբ և գերշահույթներ ստանալու անհագ մոլուցքով: Դրան ես հավատում եմ: Բայց ագահությունն ու մոլուցքը տնտեսական կատեգորիաներ չեն, ոչ էլ քաղաքական:
Պարադոքսալ ձևով գների բարձրացումը չի հուզում նաև մեր ընդդիմությանը: Հասկանալի է, որ մեր քաղաքական վերնախավում սոցիալապես անապահով մարդիկ չկան, իսկ արտասահմանյան մեքենաների պատուհանից կյանքը բավականին պայծառ է թվում: Բայց հնարավոր էր չէ՞ խոսել այդ խնդրի մասին` գոնե ամբոխավարությունից ելնելով: Հավանաբար, Դաշնակցությունը լռում է, քանի որ մեր քաղաքացիների մի մասի սոված մնալը «ազգային խնդիր» չէ, համեմատելի չէ «դարավոր ոսոխի» թեմայի հետ: ՀԱԿ-ն էլ պետք է ասի` «մինչև Սերժ Սարգսյանը հրաժարական չտա, ձեթն ու ալյուրը չեն էժանանա»:
Գուցե և այդպես է, բայց իմացաբանական տեսակետից դա ոչինչ չի ավելացնում: Առաջ գոնե կար Սեյրան Ավագյանը, որը սիրում էր խոսել բնակչության «սպառողական զամբյուղից»: Բայց վերջին 10 տարում նա տարբեր պաշտոններում իր սեփական «զամբյուղը» լցրել է և մի կողմ է քաշվել:
...Երեկ «SAS» սուպերմարկետների ցանցը հայտարարեց որոշակի ապրանքների` կես գնով վաճառելու մասին: Տեսել եմ, թե ինչպես էին Մաշտոցի պողոտայում տարեց մարդիկ, իրար հրմշտելով «գրոհում» խանութը. երկու ժամում նրանք «սրբեցին» զեղչի ենթակա ապրանքների մի մասը: Գուցե ավելի լավ էր ակցիա չանել և մարդկանց չնվաստացնել:
Աղթամարը կլուսավորեն
Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչությունը մշակել է նախագիծ, ըստ որի` Վանա լճի Աղթամար կղզին և թանգարանը պետք է լուսավորվեն արևային էներգիայի համակարգերի շնորհիվ:
Հիշյալ վարչության պետ Զեքի Թաշթանի խոստովանությամբ` թանգարանի վերածված Աղթամարի եկեղեցին նպաստել է զբոսաշրջիկների թվի զգալի աճին, և պետք է լուծվի լուսավորության հարցը, որ զբոսաշրջիկները նաև երեկոները հնարավորություն ունենան այցելելու:
Դժբախտ երջանկություն
«Այն օրը, երբ ինձ հանեն գործից, դա կլինի ինձ համար ամենաերջանիկ օրը, հավատացեք»,- հայտարարել է Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:
«ՉԻ» - Փաստորեն, վերջապես գտնվեց մի հարց, որի շուրջ Սյունիքի մարզպետի և մարզի ազգաբնակչության շահերը համընկնում են, որովհետև այն օրը, երբ Լիսկային հանեն գործից, կլինի ոչ միայն նրա, այլև մարզի բոլոր բնակիչների ամենաերջանիկ օրը: Իսկ մինչ այդ տառապյալ մարզպետն, իր անձնական երջանկությունը մի կողմ դրած, տքնաջան աշխատանքով ծառայում է, ինչպես ինքն է ասում` «իմ հերոսական ժողովրդին»:
Նկատենք, որ ժողովուրդն իսկապես հերոսական է, եթե առ այսօր դիմացել է այդ «ծառայությանը»:
Ամեն դեպքում կարծում ենք` Սուրեն Խաչատրյանն իսկապես անուրանալի ծառայություններ է մատուցել ոչ միայն Սյունիքի մարզին, այլև ողջ Հայաստանին, ուստի նաև անձնական երջանկության իրավունք ունի: Թերևս ժամանակն է, որ Սերժ Սարգսյանը գնահատի նրա վաստակը, և հնարավորություն տա վայելել իր կյանքի ամենաերջանիկ օրը: Նման մարդասիրական արարքը, վստահ ենք, ըստ արժանվույն կգնահատվի ոչ միայն տառապյալ մարզպետի, այլև Սյունիքի ողջ ազգաբնակչության կողմից:
Հայտնաբերվել է խոզի գրիպի վիրուսի քայքայիչ պատվաստանյութը
Պատվաստանյութը հայտնաբերող կորեացի գիտնականները հայտնել են, որ հեղուկ դեղամիջոցը, բացի գերարդյունավետությունից, նաև մատչելի կլինի հասարակության տարբեր խավերի համար:
Կորեայի համալսարանի բժիշկ-գիտնական Վոնգ Լին նշել է, որ դեղամիջոցը բաղկացած է մաքուր ջրից, լաբորատոր պայմաններում ստացած օզոնային գազից և ածխաթթվից: Կարևորվում է հատկապես այն հանգամանքը, որ այս քիմիական միացումը, ներթափանցելով մարդու օրգանիզմ և լիարժեք ոչնչացնելով վիրուսը, անմիջապես ցնդում է, և մնում է միայն մաքուր ջուրը, որը չի թողնում ածխաթթվային ազդեցություն օրգանիզմի վրա:
Կորեացիները նշել են նաև, որ խոզի գրիպի բուժման իրենց մեթոդը չի հավակնում միակը լինելու, սակայն փաստ է, որ հայտնաբերված դեղամիջոցը վերացրել է H1N1 վիրուսը: «Բացի դրանից, մեր դեղամիջոցը շատ ավելի էժան է հակավիրուսային այլ մեթոդների կիրառումից»,- եզրափակել են կորեացի գիտնականները:
Հայաստանն էլ
ՀՀ-ն պաշտոնապես համալրեց խոզի գրիպով երկրների շարքը: Չնայած Լոնդոնի լաբորատորիայից պատասխանը կլինի միայն մեկ ամսից, սակայն ՀՀ գլխավոր վարակաբան Ա. Ասոյանը հայտնել է, թե չի կասկածում մեր լաբորատորիայի արդյունքներին:
Հիշեցնենք, որ սկզբնապես ոլորտի պատասխանատուները շատ զգուշավոր էին ու շարունակ վստահեցնում էին, որ հայտնաբերված երեք դեպքերը դեռևս կասկածելի են:
Երեկ արդեն իրավիճակը փոխվել էր: Գլխավոր վարակաբանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում երեկ հերքել է այն տեղեկությունը, թե H1N1 վիրուսով վարակվածների թիվը Հայաստանում 8-ն է, թեև նման լուրեր էին պտտվում նույնիսկ առողջապահության նախարարությունում: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչությունից էլ թերթի թղթակցին ասել են, որ իրենք մոտ 8 000 հիվանդի բուժման համար անհրաժեշտ դեղորայք են պահեստավորել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել