Էջմիածնում հոգեկան եւ նեւրոզով հիվանդների թիվն աճում է
«Եթե մեր բաժանմունք հաճախող հիվանդների թիվը վերցնենք, գրեթե ավելացում չկա, սակայն, հիվանդների թիվն ավելացել է եւ հիվանդությունն էլ երիտասարդացել: Եթե մի քանի տարի առաջ ինսուլտը մեծ մարդկանց մոտ էր հանդիպում, հիմա արդեն 30 տարեկանից սկսաց ինսուլտը հանդիպում է: Վերջին 10 տարվա ընթացքում բոլոր հիվանդությունները երիտասարդացել են»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Էջմիածնի հիվանդանոցի նյարդաբանական բաժանմունքի վարիչ Արմենուհի Բադալյանը:
Ըստ նրա` հիվանդությունների ավելացումն ու երիտասարդացումը բազմապատճառ է: Սոցիալ-տնտեսական պայմանների կտրուկ փոփոխությունները, տեղեկատվության ավելացումը, միգրացիան, սնունդը, մարդկանց հոգսերը եւ այլ հանգամանքները կարող են նյարդային հիվանդությունների պատճառ դառնալ: «Մարդիկ չեն հասցնում այդ ծավալի տեղեկատվությունն ընդունել եւ չեն հարմարվում: Համակարգիչները, բջջային հեռախոսները բոլորը սթրեսի պատճառ են:Կյանքն էլ դժվարացել է: Հիմա մեր երիտասարդները մեծ դժվարությունների առաջ են կանգնած: Ավարտում են համալսարանը, բայց ոչ մեկ չի երաշխավորվում, թե ինչպես է իր կյանքը դասավորվելու: Այսինքն, կարո՞ղ է տեղ գտնել կյանքում, իր գիտելիքներն օգտագործել: Բացի դա, մեր հանրապետությունում գրեթե ընտանիք չկա, որտեղ անդամներից մեկը արտասահմանում չլինի: Դա նույնպես սթրես է, ինչպես գնացողի, այնպես էլ ընտանիքի անդամների համար»,-նշեց բաժանմունքի վարիչը: Բժիշկը փաստում է, որ տարբեր պատճառներից ելնելով` հիվանդները ժամանակին չեն դիմում բժիշկի: Նրանց մի մասը հնարավորություն չունի, մի մասն էլ` ցանկություն. «Կոնկրետ մեր բաժանմունքում իրավունք ունեն պետպատվերով բուժվել միայն ինսուլտով հիվանդները, հաշմանդամները եւ սոցիալապես անապահով խավը: Մարդիկ ի վիճակի չեն վճարելու, քանի որ տարբեր հիվանդությունների համար 7-14 օր հիվանդանոցում պառկելն արժե 70 000 դրամ: Եթե նայեք ծախսերը, այդ գումարը մեծ չէ, որովհետեւ հիվանդը ե’ւ հետազոտվում է, ե’ւ բուժվում, ե’ւ դեղորայքն է ստանում, սակայն, աշխատանք չունեցող մարդու համար 70 000 դրամը մեծ գումար է»,-ասաց Ա. Բադալյանը: Բժշկությունը բավականին արագ առաջ է շարժվում, բայց մեր սոցիալ-տնտեսական բազան չի հասնում դրան: Բժիշկի հավաստմամբ, այստեղ խնդիրն այն է, որ մեզ մոտ պետական ապահովագրությունն առայժմ չի գործում: Նեւրոզով հիվանդների մոտ հենց ճգնաժամային իրավիճակներն են պատճառը, որ հիվանդությունը գլուխ է բարձրացնում: Ճգնաժամի գործոնով է պայմանավորված նաեւ, որ նախորդ տարվա համեմատ այս տարի վճարովի հիվանդները պակասել են մոտավորապես 50 տոկոսով: Տարվա ընթացքում միջինը 400 հիվանդ է գրանցվում, որոնք հոսպիտալացվում են: «Տեսե’ք, տարօրինակ բան է ստացվում, ինսուլտով հիմնականում հիվանդանում են ավագ տարիքի մարդիկ` 70-80 տարեկանները: Այսինքն` այն մարդիկ, ովքեր արդեն անաշխատունակ տարիքի են եւ չեն կարող աշխատել: Պետությունը նրանց հոգսերը հոգում է, բայց երիտասարդ հիվանդների, ասենք` ռադիկուլիտ ունեցողների, դեպրեսիաներով տառապողները եւ այլ հիվանդություններ ունեցողները չեն դիմում բժիշկի, որովհետեւ պետք է վճարեն: Դրանից տուժում է ե’ւ պետությունը, որ աշխատող ուժ է կորցնում, ե’ւ հիվանդը: Օրինակ` դեպրեսիայով հիվանդը պետք է լուրջ բուժում ստանա, մանավանդ որ այդ եւ հոգեկան հիվանդների քանակն ավելացել է: Ավելի շատացել են վահանաձեւ գեղձի ֆունկցիայի խանգարումով հիվանդների թիվը: Հիվանդությունն առաջին հերթին արտահայտվում է նյարդային ֆունկցիաի խանգարումներով: Ես նաեւ բրուցելոզի աճ եմ նկատում»,-ավելացրեց Արմենուհի Բադալյանը: Էջմիածնի պոլիկլինիկայի հոգեբույժ Անիկ Քեփիդյանը նույնպես փաստում է, որ հոգեկան հիվանդությունների թվի աճ ու երիտասարդացում է նկատվում:
«Դրա հիմնական պատճառը սոցիալական պայմաններն են: Մի քանի հիվանդներ էլ ունեմ, որ ընկել են աղանդավորական խմբերի մեջ եւ հոգեկան խանգարում են ստացել: Նրանց զառանցանքները հիմնականում կրոնական բնույթի են: Մենք ավելի շատ նոր ընդունված երիտասարդ հիվանդներ ունենք, քան ավագ տարիքի: Ավելի շատ են 25-30 տարեկան հիվանդները: Շատ են զինակոչային տարիքի` 18 տարեկան պատանիները: Այդ տարիքի պատանու մոտ հիվանդություններն առաջանում են գուցե եւ վախից` ծառայության նկատմամբ: Այդ տարիքում շատ են ինքնավնասումներ անում: Երբ ուղարկում ենք նրանց հետազոտման, մի մասը հիվանդության ախտորոշմամբ է գալիս, մի մասն էլ` առողջ է, սակայն ինքնավնասել է, որպեսզի խուսափի բանակից: Ընդհանրապես, հոգեկան հիվանդության հիմնական պատճառը վախն է ու սթրեսները»,-նշեց Ա. Քեփիդյանը: Հոգեբույժի կարծիքով` հիվանդության դեմն առնելու լավագույն միջոցը մարդկանց աշխատանքով ապահովելն է: «Երիտասարդները պարապ ման են գալիս: Չեմ ասում, որ պարապությունը հոգեկան հիվանդության պատճառ է դառնում, բայց մարդը պետք է զբաղված լինի: Երիտասարդները, եթե զբաղմունք չունեն, կամ պետք է թմրամոլ դառնան, կամ էլ ալկոհոլային խմիչքներ օգտագործեն»,-համոզված է Ա. Քեփիդյանը: Հոկտեմբերի դրությամբ` հոգեբույժի մոտ գրանցվել է 81 նոր հիվանդ: Նրանցից 6-ը 16 տարեկան են, իսկ 16-ը` 18 տարեկան: Ամբողջ 2008 թվականին գրանցված են եղել 78 հիվանդ, որից 5-ը` մինչեւ 17 տարեկան: Այս տարվա 4-րդ եռամսյակում ընդհանուր հիվանդների թիվը 1804 է: Քանի որ տարին դեռ չի ավարտվել, հիվանդների թիվը տարվա վերջին կարող է ավելանալ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել