HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ինչ էլ ավելանա, ի վնաս լրատվամիջոցների է լինելու»

11_11-Davtyan-BaxdasaryanԱմիսներ առաջ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ներկայացրեց «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին օրենսդրական փաթեթը, որը այժմ պետք է քննարկման դրվի Ազգային ժողովում: «Հայելի» ակումբում այս թեմայով այսօր բանավիճում էին ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերով հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը և  «Հետք» թերթի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

Արտակ Դավթյանը նշեց, որ Վիկտոր Դալլաքյանը այդ փաթեթը ուղարկել է 45 լրատվամիջոցների, որոնցից միայն երեքն են արձագանքել այդ նախագծին: Իրենց հանձնաժողովում օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ էլ որևէ ԶԼՄ-ի ներկայացուցիչ չի մասնակցել քննարկմանը: Է. Բաղդասարյանն էլ նշեց, որ «Հետքը» Վ. Դալլաքյանից նման նամակ չի ստացել: «Ինչո՞ւ են ուզում նոր օրենք ընդունել, ինչո՞ւ են կպել մամուլին ու նոր օրենք ուզում: Գործող օրենքն իսկապես լավն է: Հայաստանում օրենքի խնդիր չկա, ուղղակի օրենքները չեն գործում: Ու պարոն Դալլաքյանը չգիտեմ ինչու է որոշել, որ պետք է մամուլի մասին նոր օրենք գրել»,- ասաց «Հետքի» խմբագիրը, նշելով, որ եթե Վ. Դալլաքյանը շատ է մտահոգված Հայաստանով, թող գործող օրենքները կատարելով զբաղվի, երաշխիք կանգնի, որ օրենքները կատարվեն: «Օրենքով ԱԺ պատգամավորներն իրավունք չունեն բիզնեսով զբաղվելու, մինչդեռ նրանց հիմնական մասը զբաղված է բիզնեսով: Մեկ շաբաթ առաջ Սամվել Ալեքսյանյանի օղու արտադրությանը տուգանեցին 1,5 մլն դրամով: ԱԺ պատգամավորը կեծղօղի է արտադրել, և նրան ընդամենը 1,5 միլիոն դրամով են տուգանում: Թող Դալլաքյանը ստեղծի հանձնաժողով, որը կզբաղվի նրանով, թե ինչու են պատգամավորները բիզնեսով զբաղվում»,- ասաց նա: Ա. Դավթյանը նշեց, որ «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենսդրական փոփոխություններում հետաքրքիր նորամուծություններ կան, օրինակ` գաղտնի ձայնագրումն է թույլատրվում, սահմանվել են իրավունքներ և պարտականություններ: «Կոնկրետ իմ կարծիքով` դրականը այս փաթեթում գերակշռում է»,- ասաց նա: Ի պատասխան` Է. Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ եթե անգամ ինչ որ բաներ են ավելանալու, ապա դրանք ի վնաս լրատվամիջոցների են ավելանալու: «Լրագրողներն իրավունք կունենան թաքնված գրառում անելու: Սա մի՞թե ձեր շահերից չի բխում»,- հարցրեց Ա. Դավթյանը: Ի պատասխան` Է. Բաղդասարյանը նշեց, որ ինքը` որպես լրագրող, դեմ է գաղտնի ձայնագրությանը: Սակայն եթե հանրային մեծ հնչեղություն ունեցող հարց է` միևնույնն է` իրենք դա անում են` անկախ ամեն ինչից: «Երբ լրագրողը գիտի, որ դա հասարակական մեծ նշանակություն ունի, դա անում է: Չգիտեմ, օրենքով ինչո՞ւ են ամրագրում դա, երբ միևնույնն է` դա անում ենք»,- ասաց «Հետքի» խմբագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter