HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գեորգի Պոչեպցով. «Մենք հեշտությամբ ենք գնում նրա հետքերով, ով ղեկավարում է մեր երազանքները»

11_11-PochepcovԱշխարհում փոխվում են խաղի կանոնները: Մենք այսօր հայտնվել ենք նոր աշխարհում, որտեղ իրադարձությունները զգալիորեն արագացել են. այսօր սարսափելի հետևանքներով իրադարձություն տեղի է ունենում տարին մեկ, մինչդեռ անցյալում նման իրադարձություն հարյուր տարին մեկ էր լինում: Այս մասին այսօր կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պրոֆեսոր, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների փորձագետ, տեղեկատվական պատերազմների տեսության և կոմունիկացիայի տեսության մասին ավելի քան 50 գրքի հեղինակ Գեորգի Պոչեպցովը: Նա նշեց, որ այս արագացման պայմաններում մեծանում է որոշումների ընդունման, բնակչության հետ երկխոսության, երկրների միջև փոխհարաբերությունների դերը: Այսինքն` առաջանում է այլ համակարգ: «Անգամ զինվորականների վերջնական նպատակն այսօր ձևակերպված է հետևյալ կերպ` հարձակումներ ուրիշների որոշումների ընդունման կենտրոնների վրա, և 2-րդը` որոշումների ընդունման սեփական կենտրոնների պաշտպանություն: Այսինքն` իրավիճակը սկզբունքորեն փոխվել է, եթե զինվորականները սկսել են խոսել որոշում ընդունող մարդկանց, որոշումների ընդունման ձևերի և այլնի վրա հարձակումների մասին»,- ասաց Գեորգի Պոչեպցովը: Մեկ այլ փոփոխություն է այն, որ ֆիզիկական տարածությունը դադարել է առաջվա պես հետաքրքրել ժամանակակից զինվորականներին և ոչ միայն նրանց: Բավական է փոփոխություն կատարել մարդու գլխի մեջ, և այլևս կարիք չի լինի փոխել ֆիզիկական տարածությունը: Այդ պատճառով առաջանում է, օրինակ, ոչ մահաբեր զենքի խնդիրը, այսինքն` զենքը պետք է ոչ թե սպանի, այլ որոշակի ժամանակով «անջատի» մարդուն: Մասնագետի խոսքերով` ամենից կարևորն այն է, որ մենք պատրաստ չենք այդ աստիճան նոր աշխարհին: «Տեղեկատվական տարածության պաշարում է տեղի ունենում, ինչը հասկանալի է մեզ համար: Եվ մեզ պակաս հասկանալի է այն, որ տեղի է ունենում վիրտուալ տարածության պաշարում, որի մեջ մտնում են գաղափարախոսությունը, կրոնը: Այդ վիրտուալ տարածության գործիքների մի մասն են, օրինակ, ֆիլմերը: Ֆիլմերը շատ լավ են փոփոխության ենթարկում մեր ուղեղը, որովհետև գործում են այն ոլորտում, որը կարելի է անվանել ցանկություն կամ երազանք: Ֆիլմերը ղեկավարում են մեր երազանքները: Մենք հեշտությամբ ենք գնում նրա հետքերով, ով ղեկավարում է մեր երազանքները»,- ասաց Գեորգի Պոչեպցովը: Բացի դրանից` ֆիլմը առևտրային արտադրանք է, ուստի չի կարող այն աստիճան քարոզչական լինել, որ մենք երես թեքենք դրանից: Գեորգի Պոչեպցովի խոսքերով` աշխարհը կառուցված է նրա վրա, որ յուրաքանչյուր մարդ, յուրաքանչյուր երկիր, կազմակերպություն կամ ընկերություն փորձում է ընդլայնել իր տարածությունը: Եթե դա երկիր է, ապա այն ֆիզիկապես չի կարող ընդլայնել իր տարածությունը և ընդլայնում է իր տեղեկատվական ու վիրտուալ տարածությունը: «Մի հետաքրքիր արտահայտություն կա. «Ռազմի դաշտում ամենաթույլ տեղը զինվորի ուղեղն է»: Ամեն ինչ կարելի է պաշտպանել: Սաղավարտի փոխարեն գլխիս կարելի է տանկ հագցնել, բայց չէ՞ որ միևնույն է` ուղեղը կազդվի: Այդ պատճառով էլ ֆիզիկապես ինչպես էլ պաշտպանենք մեր ուղեղը, այն, միևնույն է, կլինի ամենախոցելի տեղը և դեռ շատ հարյուրամյակներ էլ այդպիսին կմնա»,- ասաց Գեորգի Պոչեպցովը: Լրագրողներից մեկը նրան հարցրեց, թե Ուկրաինայում Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի տեսակետն է գերակշռում: Բանախոսը պատասխանեց, որ այժմ Ուկրաինայում ամենակարևոր թեման խոզի գրիպն է: Սյդ պատճառով այնտեղ ոչ ոք չի խոսում Ղարաբաղի մասին, այլ բոլորը խոսում են այն մասին, թե որտեղից կարելի է բժշկական դիմակ գնել: Մասնագետի դիտարկմամբ` Ուկրաինայում խոզի գրիպը նախընտրական արշավի մաս դարձրին, օրինակ՝ սկսեցին հայտնել խոզի գրիպի հետևանքով մահացությունների մասին, մինչդեռ գրիպի պատճառով մահացության դեպքերը երբեք չէին հրապարակվում: «Հիմա, երբ ամեն օր հաղորդավարը էկրանից հաղորդումը սկսում է նրանից, որ «145 մահ», «175 մահ» է տեղի ունեցել, ժողովուրդը լիակատար խուճապի մեջ է: Լվովը լիակատար խուճապի մեջ է, բայց եթե օբյեկտիվ ես նայում, տեսնում ես, որ այս ընթացքում այնտեղ 15 մահացության դեպք է եղել, իսկ նախորդ համաճարակի ժամանակ` 300: Բայց այն ժամանակ «ամեն ինչ շատ լավ էր», քանի որ մահերի մասին ոչ ոք չէր խոսում»,- ասաց Գեորգի Պոչեպցովը: Լրագրողներից մեկը հարցրեց Կիևից եկած Պոչեպցովին, թե արդյոք օդանավակայանում բժշկական հետազոտության ենթարկվե՞լ է: «Ես պետք է անցնեի ջերմաստիճանային սկաների միջով, բայց միակ անսովոր բանը, որ արեցին, այն էր, որ տեղեկություն վերցրին, թե որտեղ եմ նստել, և թե ինչպես ինձ գտնել այդ տարածքում: Այսինքն` եթե, ենթադրենք, իմ տեղը 1 C-ն էր, և եթե պարզեն, որ 12 C-ն նույնպես հազացել է, ուրեմն ինձ պետք է վերցնել նրանից հետո»,- պատասխանեց Գեորգի Պոչեպցովը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter