HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ղարաբաղի մանկատունը կյանքի դժվարությունների վկան է

Երբեմնի որբանոցը վեր է ածվել մի հաստատության, որտեղ հոգ են տանում պատերազմ տեսած հասարակության զոհերի` երեխաների մասին:

Լեռնային Ղարաբաղի մանկատան այցելուների հետ կատակող երեխաների համար սա երջանիկ վայր է, որի գոյությունը, սակայն, բացահայտում է հասարակության դժվարությունները Ադրբեջանի հետ պատերազմից 15 տարի անց:

1992-ին իր անկախությունը միակողմանիորեն հռչակած Ղարաբաղը միակ տարածքն էր Խորհրդային Միությունում, որտեղ ընդհանրապես մանկատներ չկային: Սակայն պատերազմը շատ երեխաների անօգնական թողեց: Այդպես էլ միջազգային ճանաչում չստացած Ղարաբաղը՝ չկարողանալով լիովին վերականգնել պատերազմի հասցրած վնասը, չափազանց խոցելի է մնում: Ստեփանակերտի «Զանգակ» դպրոց-ինտերնատը հիմնադրվել է 2000 թվականին ուսուցչուհի Աննա Ասատրյանի կողմից պատերազմի հետեւանքով որբացած երեխաների մասին հոգ տանելու համար: Սակայն այժմ հաստատություն են հաճախում նաեւ ոչ միայն որբացած երեխաներ: «Ինձ այստեղ դուր է գալիս, մեզ լավ են կերակրում», - ասում է փոքրիկ շիկահեր տղան` առաջին դասարանցի, 6-ամյա Արթուրը: Դպրոց-ինտերնատի բոլոր երեխաներն Արթուրի պես աշխույժ են. սա պայմանավորված է  սաների նկատմամբ անձանակազմի ցուցաբերած ջերմ վերաբերմունքով, որին երեխաները մեծ սիրով են պատասխանում: «Մենք սա մանկատուն չենք կոչում: Այդ ձեւակերպումը լավը չէ, քանի որ այն որբանոց է հիշեցնում, որտեղ երեխաների հետ վատ են վարվում: Իսկ այստեղ մենք հաճույքով ենք գալիս եւ, անկեղծ ասած, շատ ենք սիրում երեխաներին», - ասում է ինտերնատի բուժքույր Լիա Սարգսյանը: Նա սկսել է աշխատել այստեղ 2008-ից, երբ հաստատությունն անցել է ԼՂ սոցիալական ապահովության նախարարության վերահսկողության տակ, որն օգնություն է տրամադրում այս կամ այն պատճառով ծնողազուրկ դարձած երեխաներին: «Դժբախտաբար, գոյություն չունի վիճակագրություն, որը թույլ կտար պարզել պատերազմի տարիներին ծնողազուրկ դարձած երեխաների քանակը: Պատերազմի տարիներին հաշվելու ժամանակ չկար: Ամենակարեւոր խնդիրը ողջ մնալն էր… Միայն այս պահին ենք սկսել զբաղվել ծնողազուրկ երեխաների օգնության նախագծերով եւ ծրագրերով` աստիճանաբար հավաքելով ողջ տեղեկատվությունը», - ասում է սոցիալական ապահովության նախարարության մամլո քարտուղար Վիլեն Բախշիյանը: Ներկայումս ինտերնատում 39 անչափահաս երեխա կա. 3-ը երկկողմանի ծնողազուրկ են, իսկ մնացածները կամ լքված են, կամ էլ միակողմանի ծնողազուրկ: Ինտերնատի ամենափոքրիկ սանը 7 ամսական Օլեգն է, ում փաղաքշաբար ասում են Օլեշկա: Երիտասարդ մայրը նրան թողել էր Ստեփանակերտի ծննդատանը եւ հեռացել Ռուսաստան. տղայի հայրն անհայտ է: Երբ Օլեշկայի մեկ տարին լրանա, նրան կորդեգրի ինտերնատի աշխատակիցներից մեկը՝ Զավենը: Լեռնային Ղարաբաղի օրենսդրության համաձայն երեխային կարելի է որդեգրել նրա մեկ տարին լրանալուց հետո: Երեխաներից ամենամեծը երկկողմանի ծնողազուրկ Նարինեն է, ով այս տարի 18 տարեկան կդառնա: Դպրոց-ինտերնատի տնօրեն Նոնա Մուսայելյանի խոսքերով, հաստատությանը հրաժեշտ տալուց հետո, Նարինեի նման երկկողմանի ծնողազուրկ երեխաներին պետական ծրագրով սեփական բնակարաններ են տրամադրում: Չափահաս դարձած 12 ծնողազուրկներ այս ծրագրով արդեն բնակարաններ են ստացել: «Մենք դատարկ բնակարաններ չենք տրամադրում: Դրանք կահավորված են եւ ունեն բոլոր անհրաժեշտ հարմարությունները, որպեսզի երեխաները ոչ թե դատարկ չորս պատ տեսնեն, այլ` ապրելու համար պիտանի տուն: Մինչեւ այս տարվա ավարտը եւս 12 ծնողազուրկների բնակարաններ կտրամադրվեն», - ասում է Բախշիյանը: Այնուամենայնիվ դպրոցի ոչ բոլոր սաներն են ծնողազուրկ: 9-ամյա Ալյոնա Օսիպյանը բազմանդամ ընտանիքից է, եւ նրա 6 եղբայներն ու քույրերը նույնպես այստեղ են ապրում: Նրանց մայրը հոգեկան հիվանդ է, հայր չունեն, իսկ մեծահասակ տատը չի կարող միայնակ նրանց մեծացնել: Չնայած ինտերնատի անձնակազմը ուրախ է, որ Ղարաբաղում այժմ կան միջոցներ այս երեխաներին պահելու համար, ովքեր հակառակ դեպքում դատապարտված կլինեին փողոցային կյանքին, միեւնույն է, ափսոսում են, որ նախկին ավանդույթներն այլեւս չկան: Դպրոց-ինտերնատի մոտ բնակվող թոշակառու Ռայա Մինասյանն ասում է, որ անհանգստանում է հաստատության սաների համար: «Սիրտս կտոր-կտոր է լինում, երբ տեսնում եմ, թե ինչպես են այս փոքրիկ երեխաները մեր տան մոտով վազում դպրոց եւ հետ վերադառնում: Երբեք մտքովս անգամ չի անցել, որ կգա ժամանակ, երբ Ղարաբաղում նման հաստատություններ կհիմնվեն երեխաների համար: Նույնիսկ խորհրդային տարիներին մենք հպարտանում էինք, որ Ղարաբաղը միակ տարածքն էր, որտեղ մանկատներ ընդհանրապես չկային», - ասում է Ռայան: «Այս անիծյալ պատերազմի պատճառով ամեն ինչ փոխվեց: Երեխաները զրկվեցին ծնողներից: Մարդիկ հազիվ են ծայրը ծայրին հասցնում: Այնքան հոգս է ընկել պատերազմի ժամանակ ամուսին կորցրած կանանց ուսերին: Այո, ամոթ է երեխաներին մանկատուն ուղարկելը, բայց մյուս կողմից հնարավոր չէ մեղադրել մարդկանց. մի մասը մահացել է, մյուսները պարզապես անօգնանական են: Ի՞նչ կարող ես անել: Ուրախ եմ, որ երեխաներին այստեղ լավ են պահում… Ես նրանց նույնիսկ քաղցրավենիք եմ առաջարկում, բայց չեն վերցնում», - պատմում է կինը: Դպրոցի դաստիարակները եւս ափսոսանք են հայտնում երկրի ներսում տեղի ունեցած այս փոփոխությունների կապակցությամբ, բայց եւ նշում են, որ ամեն ինչ անում են երեխաների համար տնային ջերմ մթնոլորտ ստեղծելու համար. փոքրիկները գնահատում են դա: «Ղարաբաղում ընդունված չէ երեխաներին մանկատուն ուղարկելը», - ասում է դպրոցի բուժքույր Լիա Սարգսյան, - «Ծնողազուրկ երեխաներին միշտ բարեկամներն էին պահում՝ քեռիները, հորաքույրները, տատիկներն ու պապիկները: Հիմա ապրելն ավելի դժվար է, կան անապահով ընտանիքներ, ահա թե ինչու են մեր երեխաներն այստեղ հայտնվում: Բայց նրանց համար այստեղ լավ է: Երբ մի քանի օրով տուն են գնում, զանգահարում են, կարոտում, ուզում են վերադառնալ»:

Կարինե Օհանյան, Ստեփանակերտ

Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի «Կովկասյան լրատու» պարբերականից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter