HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերժվել է «Deno Gold Mining»-ի դեմ հայցը

11_11-Shahumyan1 Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է «Deno Gold Mining» ընկերության դեմ հայցը: Դատավոր Անահիտ Թումանյանը հիմնավորել է մերժումը նրանով, թե գործի նյութերում ներկայացված չեն մարդկանց առողջությանը եւ կյանքին վտանգ սպառնացող ապացույցներ: «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ի իրավախորհրդատու Արթուր Ղազարյանը «ԷկոԼուր»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ դա իրավաբանորեն սխալ որոշում է. «Մերժումից մեկ շաբաթ առաջ դատարանը կանգնեցրեց ընկերության գործունեությունը Շահումյանում հենց միայն կյանքի եւ առողջության վտանգի պատճառով` գործում ներկայացված ապացույցների հիման վրա»: Հիշեցնենք, որ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն պաշտպանում է Կապան քաղաքի Շահումյան բանավանի սեփականատերերի իրավունքները: Խնդիրն այն է, որ Շահումյան բանավանը գտնվում է Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրի վրա, որը ներկայումս շահագործվում է «Deno Gold Mining» ընկերության կողմից: Տարիներ շարունակ հանքավայրը շահագործվել է կանոնների կոպիտ խախտումներով: Հանքավայրի գետնանցքի վրայի հողի վերին շերտը փորփրված է, եւ հողը փլվում է` առաջացնելով փոսեր: 11_11-Shahumyan «Այստեղ կարելի է թաղվել հողի 30 մետրանոց շերտի տակ: Զգույշ եղեք, կփլվի, տակը կմնաք, ոչ ոք չի հանի»,- ասում է «Խուստուպ» ՀԿ-ի նախագահ Վլադիկ Մարտիրոսյանը, ով Շահումյան բանավան այցի ժամանակ ուղեկցել է «ԷկոԼուր»-ի խմբին: Ընկերությունը խոստացել էր բնակիչներին տեղափոխման համար փոխհատուցում տալ: Փոխհատուցում ստացել են մի քանի սեփականատերեր: Ներկայումս ընկերությունը դադարեցրել է փոխհատուցում տրամադրել` պատճառ բերելով գունավոր մետաղների համաշխարհային գների անկումը: Ինչպես հայտնի է, գները նորից բարձրացել են, իսկ ընկերությունը շարունակում է մերժել փոխհատուցման հարցում: Շահումյանի 77-ամյա բնակչուհի Արմիկ Ստեփանյանն ասում է. «Մենք ընդամենը երկու հոգի ենք` ես եւ ամուսին: Տղաներս մահացել են: Չգիտեմ` ինչպես ենք ապրելու: Այգին մշակում ենք, այն կերակրում է մեզ եւ թոռներիս: Ոչ մի փոխհատուցում ես չեմ ստացել, բոլորը խոստանում են եւ չեն տալիս»: Հայցի մերժումից հետո 6 սեփականատերեր հրաժարվել են դատական կարգով պաշտպանել իրենց իրավունքները: 28 սեփականատերերի անունից ներկայացվել է նոր հայց: Բայց դատարանը մերժել է նաեւ նոր հայցը` նույն հիմնավորմամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter