Իրավապահները փնտրում են ավտովթարի մեղավորներին
ՀՀԿ անդամ, ԱԺ պատգամավոր 58-ամյա Մելիք Գասպարյանի մահվան կապակցությամբ նոր մանրամասներ են ի հայտ գալիս: Հիշեցնենք` նա վախճանվեց հոկտեմբերի 8-ին Հրազդան-Չարենցավան ճանապարհին տեղի ունեցած ավտովթարից: Նրա մահվանից ընդամենը երկու օր առաջ բանտից ազատ էր արձակվել նրա նկատմամբ 2002-ին կատարված մահափորձի մեղադրանքով 9 տարի ազատազրկման դատապարտված և դրանից 4 տարին կալանավայրում անցկացրած Սիլվա Ասատրյանը:

Գասպարյանի ողբերգական մահից մի քանի օր անց Ասատրյանին կրկին կալանավայր են տարել, թեև նրան նոր մեղադրանք չի առաջադրվել, և առնվազն ծիծաղելի է այդ կնոջը մեղադրել Գասպարյանի մահվան մեջ: Չնայած դրան` մեր աղբյուրները պնդում են, որ իրավապահները փնտրում են ավտովթարի մեղավորներին և կարծում են, որ դա սովորական վթար չէր: Ըստ որոշ վարկածների` մեքենայի արգելակման խողովակն է կտրված եղել:
Գասպարյանին մոտ կանգնած անձինք պնդում են, որ վթարի իրական պատճառները պետք է փնտրել նրա տնտեսական գործունեության մեջ: Հայտնի է, որ նա Երևանի կենտրոնում հսկա տարածքի սեփականատեր էր և Ամիրյանի վրա էլիտար շենքեր էր կառուցում: Մեր աղբյուրները նշում են, որ Գասպարյանը շինարարության արդյունքում հսկայական պարտքեր էր կուտակել: Դրանից բացի` նա խաղատուն այցելելու սովորություն ուներ և վերջերս խոշոր գումար էր տարվել:
Ֆիքսված կուրս
Երեկ կենտրոնական բանկը կրկին մեծածավալ արտարժույթային ինտերվենցիա է իրականացրել ներքին շուկայում: Ֆոնդային բորսայում ԿԲ-ն վաճառել է ավելի քան 6 միլիոն դոլար, որի արդյունքում մեկ դոլարի գինը կազմել է 387 դրամ 80 լումա:
Նշենք, որ միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում ԿԲ-ն իրականացրել է ավելի քան 21 միլիոն դոլարի ինտերվենցիա, իսկ անցած երկու ամիսներին ԿԲ-ն վաճառել է մոտ 180 միլիոն դոլար, ինչը կազմում է մեր արտաքին պահուստների 10 տոկոսը:
Փաստորեն, կարելի է արձանագրել, որ այսօր Հայաստանում իրականացվում է ֆիքսված փոխարժեքի քաղաքականություն: Ի դեպ, ըստ մասնագետների` Հայաստանում արձանագրված թանկացումները պայմանավորված են դրամի առաջիկա կտրուկ արժեզրկման սպասումներով: Այսինքն` գործարար աշխարհը, դրամի` այս տարվա մարտյան փլուզումից դասեր քաղելով, ընդամենը որոշել է մեկ քայլ առաջ ընկնել և այսօրվանից պատրաստվում է դրամի նոր կտրուկ արժեզրկման:
Ի դեպ, երեկ երևանյան «չենջերի» մոտ հերթեր են նկատվել, իսկ որոշ տեղեր փոխանակվող դոլարի ծավալները սահմանափակ են եղել:
Հետին թվով
ՀՀ ԱԳ նախկին նախարար Վ. Օսկանյանը երեկ, ըստ էության, իսկական բացահայտում է արել` ասելով, թե ինչու ինքը դուրս եկավ իշխանությունից և այսօր իշխանության մաս չի կազմում: Նրա ասածի իմաստն այն էր, որ եկել է մի պահ, երբ իր «շեֆերի» արածների համար Վ. Օսկանյանն արդեն ամաչել է եվրոպացիների աչքերին նայելուց:
«Ես իշխանության մեջ եղել եմ, և պատճառներից մեկը, որ այսօր այնտեղ չեմ, այն է, որ մի պահ եկել էր, որ արդեն իսկապես դժվար էր խոսքի և գործի տարբերությունը բացատրել եվրոպացիներին»,- ասել է նախկին ԱԳ նախարարը իր հիմնադրած «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած քննարկման ժամանակ: Հետո ավելի է անկեղծացել. «Իսկապես այս խնդիրը միշտ եղել է, հատկապես ընտրություններից հետո, երբ Հայաստանի ներսում հակաժողովրդական մի բան է եղել: Պատկերացրեք արտաքին գործերի նախարարի վիճակը եվրոպաներում, երբ այդ հարցը մեր առաջ դրվում է, թե ինչու այդպես պատահեց»:
Դա պատկերացնելը դժվար չէ, մանավանդ որ Վ. Օսկանյանի հաջորդը` Է. Նալբանդյանը, ուղիղ եթերում ավելի «պատկերավոր» վիճակի մեջ հայտնվեց` ջրի երես հանելով հայկական դիվանագիտության խրոխտ կեցվածքը:
Դժվար է պատկերացնել միայն այն, թե խեղճ Վարդան Օսկանյանը 10 տարի շարունակ ինչպես (կամ հանուն ինչի) էր մնում իշխանության մեջ` նրանց փոխարեն արժանանալով իր եվրոպացի կոլեգաների ամոթանքին: Չնայած Վ. Օսկանյանին միշտ էլ դժվար է եղել հասկանալ թե գործի, թե, առավել ևս` խոսքի առումով:
Հիմնական զբաղմունքը լապշա կախելն էր
Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը լրագրողներրին բացատրել է, որ այսօր ինքն իշխանության մեջ չէ, որովհետև եկել էր մի պահ, որ արդեն դժվար էր եվրոպացիներին բացատրել խոսքի և գործի տարբերությունը:
«ՉԻ» - Փաստորեն, քանի դեռ այդ տարբերությունը բացատրելը հեշտ էր, Օսկանյանը նախարար էր, հենց որ դժվարացավ` ինքը որոշեց հեռանալ իշխանություններից: Այսինքն` նա խոստովանում է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք իր հիմնական զբաղմունքը եղել է եվրոպացիներին խաբելը:
Ընդ որում, եթե կարողացել է տասը տարի շարունակ արտգործնախարար մնալ, ուրեմն լավ է խաբել: Ավելին` իմացել է, որ Սերժ Սարգսյանի օրոք նույնպես իր հիմնական զբաղմունքն արտաքին աշխարհին խաբելն է լինելու, դրա համար էլ հրաժարական է տվել:
Բայց հետաքրքիրը դա չէ: Փաստորեն մարդը տասը տարի շարունակ «պրոֆեսիոնալ խաբող» է եղել ու հիմա ոչ միայն ընդդիմադիր կեցվածք է ընդունել, այլև վերջերս մի առիթով հայտարարեց, թե պատրաստ է առաջնորդել համաժողովրդական շարժումը: Տեսնես ժողովրդին ինչպե՞ս է բացատրելու խոսքի և գործի տարբերությունը:
Ծնունդը հարամ է եղել
«Առավոտի» տեղեկություններով` նոյեմբերի 7-ին ԱԺ գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո) պատկանող «Փարվանա» ռեստորանում ՀՀ բանակի մի շարք գեներալների, նաև ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու «Նիգ-Ապարան» հ/մ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ նշվել է N բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Լևոն Երանոսյանի` «Պուզա Լյովի» ծննդյան օրը:
Խնջույքի թեժ պահին «Փարվանայի» հաճախորդներից մեկը նվագողներին պատվիրել է «Գոսպոդա օֆիցերի» երգը, հայտարարվել է, թե այն նվիրվում է «Սասուն» ջոկատի հրամանատար, քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանին` որպես շնորհավորանք նրա ծննդյան օրվա առթիվ:
Այս անակնկալից շփոթված ու նեղված` գեներալներն ու Գլխավոր դատախազը մի քանի րոպե անց, կիսատ թողնելով իրենց խնջույքը, հեռացել են:
Հակահայկական կոչեր և ծեծկռտուք` Թուրքիայի խորհրդարանում
Մեկ օր առաջ Թուրքիայի խորհրդարանում «Քրդական հարցի ժողովրդավարական լուծման քննարկումների» վերաբերյալ քննարկումները վերածվել են քաշքշոցի:
Սկզբում ընդդիմադիր պատգամավորների մի խումբ խոչընդոտել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Բաշիր Աթալայի ելույթին, այնուհետև ելույթը խանգարել են` կարգախոսներ հնչեցնելով և պաստառներ պահելով, որոնց բովանդակությունը հակաքրդական և հակահայկական է եղել:
Նշենք այդ կարգախոսներից մեկը` «Արդարություն և բարգավաճում, ահաբեկիչներն ու հայերը թուրքերի թշնամիներն են»: Բանն այնտեղ է հասել, որ խորհրդարանի խոսնակը գերադասել է նախարարի ելույթն ընդհատել` ընդդիմադիրներին խաղաղեցնելու համար: Սակայն կրքերն ավելի են բորբոքվել հետագա ելույթների ընթացքում:
Խորհրդարանական ընդդիմադիրների ու իշխող կուսակցության ներկայացուցիչների միջև հրմշտոց և ծեծկռտուք է սկսվել: Հարցի քննարկումը կշարունակվի այսօր:
Պատերազմի սպառնալիքը արժեզրկում է
Ստատուս քվոյի փոփոխության Եվրամիության պահանջը
Ղարաբաղյան բանակցային գործընթացում և հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող վերջին զարգացումների լույսի ներքո Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի առաջադրած, Ղարաբաղում գոյություն ունեցող ստատուս քվոյի փոփոխության խնդիրը բախվում է միջազգային դիվանագիտության մեջ լայն տարածում գտած այդ հասկացության մի անգամից մի քանի մեկնաբանությունների հետ:
Առաջինը` ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջ քաշած Մադրիդյան սկզբունքների իրականացման պահանջն է:
Երկրորդը` նախքան կարգավիճակի հարցի հստակեցումը Ղարաբաղին հարակից հինգ շրջաններից հայկական զորքերի դուրսբերման Թուրքիայի ու Ադրեբեջանի ցանկությունը:
Երրորդը` Հայաստանի Հանրապետության ներկա դիրքորոշման «կառուցողական անորոշությունը»:
Եվ չորրորդը` ազատագրված տարածքներն իր անքակտելի մասը համարող Լեռնային Ղարաբաղի Հանարպետության սկզբունքային կեցվածքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել