Սյունիքում սկսվում է հասարակական շարժում ուրանի նախագծի դեմ
«Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ն տեղեկացնում է, որ Լեռնաձորի բնակիչները որոշել են ուրանային նախագծի դեմ ստորագրահավաք սկսել եւ հասնել նրան, որ պետությունը երաշխավորի իրենց իրավունքների պաշտպանությունը:
Երեկ «Էկոլուր» հասարակական կազմակերպության մոնիտորինգային խումբը հանդիպել է Լեռնաձոր համայնքի հետ, որի տարածքում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն»-ը զբաղվում է ուրանի պաշարների հետազոտություններով: Լեռնաձորի մեջ մտնող 9 փոքր համայնքներից 4 համայնքներ՝ ներառյալ Լեռնաձոր գյուղը, գտնվում են հետազոտությունների գոտում:
Հանքի մուտքը, որը 60-ական թվականներին բացվել է Գրոմովի ուրանային էկսպեդիցիայի արդյունքում, ներկայումս փակ է: Մուտքը գտնվում է Լեռնաձորի համայնքապետ Ստեփան Պետրոսյանի տնից 300 մետր հեռավորության վրա: «Ես տարիներ շարունակ տուն եմ կառուցում, որպեսզի իմ թոռներն այստեղ մնան եւ ապրեն: Այժմ, չգիտեմ՝ արժի ավարտել շինարարությունը, թե՞ ոչ: Կցանկապատեմ պատշգամբը, որ երեխաները չընկնեն եւ վերջ»,- ասում է Ստեփան Պետրոսյանը:
Հնաբնակները հիշում են, թե ինչպես Գրոմովի էկսպեդիցիայի ժամանակ դիտարկվեցին նորածին հորթերի մահվան դեպքեր: «Եթե այդպես է, ապա մարդկանց համար էլ է դա վտանգավոր: Թող նախագծի ղեկավարներն իրենց երեխաների հետ գան այստեղ եւ ապրեն: Այդ ժամանակ, գուցե, մենք էլ հավատանք, որ ուրանային նախագիծն անվտանգ է»,- իրենց մտահոգությունների մասին խոսեցին Լեռնաձորի բնակիչները «Էկոլուր»-ի հետ հանդիպման ժամանակ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել