«Հայաստանը պետք է վարի կառավարվող լողացող փոխարժեքի քաղաքականություն»
Հոկտեմբերին Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին հատկացված վարկի հերթական չափաբաժինը, որը կազմում է մոտ 60 միլիոն դոլար: Այն հատկացվել է Կենտրոնական բանկին` միջազգային պահուստները համալրելու նպատակով:
ԱՄՀ-ն Հայաստանին ընդհանուր տրամադրելու է 820 միլիոն դոլար, որից մոտ 480-ը արդեն տրամադրել է, իսկ մնացած մասը կհատկացնի մյուս տարվա ընթացքում և 2011-ի առաջին կեսի ընթացքում, եթե կառավարությունը լավ առաջընթաց ապահովի: Մոտ օրերս ԱՄՀ-ն կհրապարակի նաև Հայաստանին նվիրված հերթական զեկույցը:
Այս մասին այսօր «Ուրբաթ» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսը:
Նա նշեց, որ թեև 2009-ի առաջին 9 ամիսների ընթացքում ՀՆԱ-ն կրճատվել է 18,3 տոկոսով, սակայն եթե ամիսներով դիտենք` օգոստոսի համեմատ սեպտեմբերին 1 ,7 տոկոսով դրական աճ է եղել ՀՆԱ-ում: Ն. Օմեսի կանխատեսմամբ` տարվա վերջին ամիսներին աճի դրական տեմպը կպահպանվի: Հայաստանի տնտեսությունն արդեն սկսում է վերականգնվել:
Ն. Օմեսը նշեց, որ ԱՄՀ-ի վարկերն ավանդաբար օգտագործում է միայն Կենտրոնական բանկը, այդ գումարները միմիայն ուղղվում են Կենտրոնական բանկի միջազգային պահուստների համալրմանը:
«Մարտին մենք այդքան մեծ գումարի վարկ հաստատեցինք մասնավորապես այն պատճառով, որ ԿԲ-ն կորցրել էր իր միջազգային պահուստների մեծ մասը, որովհետև մարտի արժեզրկումից առաջ Կենտրոնական բանկը մոտ 700 միլիոն դոլարի արտարժույթ էր վաճառել»,- ասաց նա:
Տիկին Օմեսը նշեց, որ Հայաստանում ԱՄՀ-ի վարկի մի այլ բաղադրիչ կառավարության կողմից ուղղորդվել է բյուջեի ֆինանսավորմանը, ինչը ԱՄՀ-ի համար աննախադեպ նոր երևույթ է:
«Ճգնաժամի պայմաններում մենք թույլատրում ենք կառավարությանը գումարի մի մասը ծախսել: Այս տարի բյուջեի համար մոտ 150 միլիոն դոլարը ԱՄՀ-ի վարկերից օգտագործվել է: Մյուս տարի եթե ամեն ինչ լավ լինի, թույլ կտանք կառավարությանը 2010-ի պետբյուջեի համար օգտագործել ևս 150 միլիոն դոլար»,- ասաց նա:
Ն. Օմեսի խոսքով` այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում նվազել են պետական եկամուտները. ընդհանուր եկամուտները` մոտ 13 տոկոսով, հարկային եկամուտները` 17 տոկոսով: Դա, նրա կարծիքով, զգալի կրճատում է` հաշվի առնելով այն, որ նախորդ տարիներին հարկային եկամուտները բարձր տեմպով աճում էին:
«Հարկային եկամուտների նվազման պատճառն այն է, որ բազմաթիվ ձեռնարկություններ տուժել են ճգնաժամից, և իրենց կողմից վճարվող հարկերի գումարներն այս տարի շատ ավելի փոքր են եղել: Ու չնայած դրան` առաջին ինը ամիսների տվյալներով կառավարությունն ավելացրել է պետական ծախսերը: Պետական ընթացիկ ծախսերն ավելացել են 11, 6 տոկոսով, իսկ կապիտալ ծախսերը` 22,6 տոկոսով»,- ասաց նա:
ԱՄՀ-ի կանխատեսմամբ` 2010-ին Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 1,2 տոկոսով, 2011-ին` 3 տոկոսով, 2012`3,5 տոկոսով, 1013-ին` 4 տոկոսով: ՀՆԱ-ի աճի աստիճանական ավելացում է ակնկալվում:
Անդրադառնալով ԱՄՀ-ի կողմից խրախուսվող լողացող փոխարժեքին` Ն. Օմեսը նշեց, որ լողացող փոխարժեք ԱՄՀ-ն ոչ բոլոր պետություններին է խորհուրդ տալիս, որոշ պետությունների դեպքում խորհուրդ է տրվւոմ ֆիքսված փոխարժեք:
«Հայաստանին մենք խորհուրդ ենք տալիս վարել կառավարվող լողացող փոխարժեք, քանի որ լողացող փոխարժեքը դեռ չի նշանակում, որ ԿԲ-ն չի կարող միջամտել: ԿԲ-ն կարող է հարթել փոխարժեքի մեծ տատանումները»,- ասաց նա:
«Կառավարության հակաճգնաժամային քայլերը ճիշտ եք համարում, միչնդեռ մեր տնտեսական անկումն ամենամեծն է ԱՊՀ-ում: Ինչպես մտածում, ա՞յն եք ասում, թե՞ մի բան մտածում, այլ բան ասում եք»,- լրագրողներից մեկի այս հարցին ի պատասխան` Ն. Օմեսն ասաց.
«Իհարկե, մենք կառավարությանն ավելի շատ ենք քննադատում, քան հրապարակայնորեն հայտարարում ենք: Հայաստանը, որ հիմա այսպիսի խորը ճգնաժամի մեջ է հայտնվել, դա պայմանավորված է նաև այնպիսի գործոններով, որոնք դուրս են կառավարության հսկողության դաշտից, օրինակ` կտրականապես նվազեցին պղնձի և մոլիբդենի միջազգային գները, զգալի չափով կրճատվեցին արտերկրից դրամական փոխանցումները, աշխարհում նվազեց պահանջարկը հայկական ապրանքների նկատմամբ և այլն»:
Ն. Օմեսի կարծիքով` կառավարությունն ավելի շատ բան պետք է արած լիներ ճգնաժամին նախորդած տարիներին:
«Պետք էր անել այնպես, որպեսզի նվազեցվեին գումարները շինարարության ոլորտ ուղղելու շահագրգռող գործոնները: Եթե ճգնաժամից առաջ կառավարությունը սկսած լիներ հարկել շինարարության ոլորտը, միգուցե ավելի պակաս գումար հոսած կլիներ շինարարության, հետևաբար ավելի քիչ գումար դուրս եկած կլիներ»,- ասաց նա` նշելով, որ Հայաստանը միակ երկիրը չէ, որ այս խնդիրն ունի, ԱՄՆ-ը նույնպես այդ խնդրի առաջ է կանգնել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել