HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Քաղաքական իրատեսության տերպետրոսյանական իներտություն

Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երեկ հնչեցրած ելույթը կարելի է առանձնահատուկ համարել երկու առումով:  Նախ՝ այն ծրագրային չէր, ինչպես սպասում էին ՀԱԿ-ի ակտիվիստները: Տեր-Պետրոսյանն ինքը ելույթի հենց սկզբում շեշտեց այդ հանգամանքը՝ չժխտելով, որ այս պահին կա նաև ծրագրային մոտեցումներով հանդես գալու անհրաժեշտություն:

Երկրորդ՝ այն ոչ այնքան առաջացած հարցերի պատասխանները տվեց, որքան ավելացրեց նորերը: Ավելին, այդ ելույթը, գոնե իր արտաքին էֆեկտով, շատ ավելի տարակույսների տեղիք է տալիս, քան Տեր-Պետրոսյանի արած նախկին բոլոր ելույթները: Այս ելույթում նա շատ ավելի հստակ ներկայացրեց իր սկզբունքային մոտեցումները, մի բան, որից Տեր-Պետրոսյանը մշտապես խուսափում էր՝ ՀԱԿ-ում նոր ճեղքեր չառաջացնելու համար: Այս արգելքի հաղթահարումը թույլ է տալիս ենթադրել, որ Տեր-Պետրոսյանն այլևս ՀԱԿ-ի ամբողջականության պահպանումը առաջնահերթություն չի համարում: Չի կարելի բացառել, որ այս ելույթից հետո կենտրոնախույս ուժերը, ի դեմս ՍԴՀԿ-ի, «Հայ կամավորականների միության» և այլոց, կսկսեն ՀԱԿ-ից օտարվելու դանդաղ գործընթաց: Եվ Տեր-Պետրոսյանի ելույթը նշանակալից է հենց այսպիսի քաղաքական հնարավոր հետևանքների տեսանկյունից: Դրան զուգահեռ, այն նաև ընդդիմադիր աջ ոչ կենտրոնամետ ուժերի դիրքերն ուժեցաղնելու նպատակ ուներ, որը թույլ կտա ՀՀՇ-ական ծագում ունեցող այլ ուժերի քաղաքական պայքարը տարանջատել սկիզբ առած «նացիոնալիստական-ռոմանտիկական» շարժումներից: «Հայ-թուրքական արձանագրությունների քննադատության հարցում Կոնգրեսի պասիվության կամ անսկզբունքայնության վերաբերյալ տպավորությունն, արդ, բխում է վերջինիս դիրքորոշումը Հայդատականների ավելի սուր ու արմատական թվացող դիրքորոշման հետ համեմատության մեջ դնելու խաբուսիկ հանգամանքից»,- ասում է Կոնգրեսի առաջնորդը: Իր ելույթով Տեր-Պետրոսյանը ջրբաժան անցկացրեց իր գլխավորած ընդդիմության և հրապարակային «հայդատական» ընդդիմության միջև՝ նշելով կոնկրետ ելակետային հիմնադրույթներ: Դրանք են. -Հայդատականությունը մերժելի է, քանի որ այն համատեղելի չէ պետական շահերի հետ և պետականություն չունեցող ազգին հատուկ դավանանք է: -Ակտիվ ընդդիմությունը գործում է իռացիոնալ դաշտում և չնայած արտահայտած գաղափարական սուր քննադատությանը, իրականում նպաստում է գործող իշխանության և Սերժ Սարգսյաի արտաքին լեգիտիմության հաստատմանը:  Այս թեզը հիմնավորելու համար Տեր-Պետրոսյանը բավականին ուժեղ, թեև վիճելի փաստարկներ է ներկայացնում: «Հակառակ հայաստանյան և մանավանդ սփյուռքյան ցույցերում կրած անձնական նվաստացումներին, Սարգսյանը ազգային հիստերիայի շնորհիվ միջազգային ասպարեզում անսահմանորեն ուժեղացրեց իր դիրքերը՝ աշխարհին ներկայանալով որպես 21-րդ դարին արժանի իրատես ու վճռական պետական գործիչ, որը պատրաստ է հանուն իր սկզբունքների դիմել համարձակ ու ոչ ամբոխահաճ իրագործումների»,- ասում է Տեր-Պետրոսյանը: -Նա մերժում է նաև քաղաքական պայքարի հիմքում «պատմական իրավունքի» վրա խարսխվելու ուղենիշը, որովհետև այն քաղաքական ենթատեքստ չունի:  Թեև ոչ այնքան հիմնավոր կերպով, նա փորձում է ապացուցել, որ այս գաղափարաբանությունը կարող է ազգակործան ու պետականության ոչնչացման հող նախապատրաստել: Այս հիմնադրույթները կարելի է վիճարկել: Սակայն գլխավորն այն է, որ դրանցով բաժանարար գիծ է գծվում ընդդիմության մեջ: Սրանով հանդերձ, չի կարելի չնկատել, որ ՀԱԿ առաջնորդը առանձին հարցադրումների հետ կապված ինքն է ընկնում հակասականության մեջ կամ առնվազն միտումնավոր կերպով բաց է թողնում օդից կախված որոշ հարցեր: 1.Տեր-Պետրոսյանը հստակ նշում է, որ իրենք միայն մեկ կետում են դեմ հայ-թուրքական հաշտեցման՝ գործող իշխանության վարած քաղաքականությանը:  Եվ այդ կետը վերաբերում է Հայոց Ցեղասպանության հարցով պատմաբաններից կազմված միջկառավարական ենթահանձնաժողովի ստեղծմանը: «Իսկ եթե հանձնաժողովի ստեղծման հարցում դրսևորած զիջման դիմաց Հայաստանի դիվանագիտությունն ակնկալում է հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը, ապա այդ զիջումը միանգամայն անհարկի է, քանի որ սահմանի բացման հարցը կախված է ոչ թե դրանից, այլ Ղարաբաղյան խնդրի լուծումից»,- բացատրում է նա: Սակայն այստեղ ակնհայտ հակասություն կա: Եթե արձանագրության այս կետն այդ չափով վտանգավոր է, ապա ինչու՞ բացի հրապարակային հայտարարություններից, այլ կերպ դրան չընդդիմացավ կամ կոնկրետ գործողություններ չձեռնարկեց: Իր ելույթում Տեր-Պետրոսյանն այդպես էլ չբացատրեց, թե արդյո՞ք ՀԱԿ-ի որդեգրած պասիվ ու սպասողական մարտավարությունը, որը որակում է իրատեսական ու բանական, նպաստում է, որպեսզի այս կետի հետ կապված վերապահում կատարվի խորհրդարանում արձանագրությունների վավերացման ժամանակ: 2.ՀԱԿ առաջնորդն արդարացիորեն նկատում է, որ ընդհանուր քաղաքական միտումները հանգեցնում են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ղարաբաղյան հիմնահարցերը փաթեթով լուծելու տարբերակին: «Պնդել, թե իբր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված չէ Ղարաբաղյան խնդրի լուծման հետ, պարզապես անհեթեթություն է: Ավելին, այդ համառ պնդումները, որոնք անընդհատ հնչում են թե Հայաստանի, թե արևմտյան երկրների դիվանագետների շուրթերից, ճիշտ հակառակն են ապացուցում՝ այն է, որ հայ-թուրքական կնճիռը և Ղարաբաղյան հակամարտությունը լուծվելու են փաթեթով»,- իր ելույթում ասում է Տեր-Պետրոսյանը: Սակայն նա հմտորեն շրջանցում է այն հարցը, թե արդյոք խնդիրները փաթեթային լուծելու այս սխեման իրենք ռացիոնալ, ճիշտ և դրական մոտեցում համարու՞մ են, թե՞ ոչ: «Բարդությունը մի կողմից կայանում է նրանում, որ ներքաղաքական հակասությունները չխանգարեն հայ-թուրքական հարաբերությունների և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, մյուս կողմից՝ որ այդ գործընթացները զերծ մնան հայության համար վտանգավոր ու անցանկալի զարգացումներից»,- ասում է Տեր-Պետրոսյանը՝ ըստ էության երկու գործընթացները կապելով միմյանց: Իսկ իրենց հիմնադրույթները ներկայացնելիս նա ուղղակի ասում է. «Մենք կողմ ենք թե հայ-թուրքական հարաբերությունների, թե Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմանը, որ հիմնված պետք է լինի փոխզիջման և հավասարակշռվածության սկզբունքների վրա»: Խոսում է այն հանգամանքը, որ երբ Տեր-Պետրոսյանը խոսում է պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը «վճռականորեն դեմ» լինելու մասին, ապա որևէ խոսք չի ասում նաև հայ-թուրքական և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացները փաթեթով լուծելու դրսևորվող միտումներին դեմ լինելու մասին: 3.Հայ-թուրքական մերձեցման գործընթացում միակ անընդունելի իրողությունը, ըստ Տեր-Պետրոսյանի, պատմաբանների հանձնաժողովի ստեղծմանը ՀՀ իշխանությունների համաձայնումն է: Տեր-Պետրոսյանը դա բացատրում է հետևյալ կերպ. «Դրանով ինքնաբերաբար կասկածի տակ է դրվելու Հայոց Ցեղասպանության իրողությունը և դադարեցվելու է նրա միջազգային ճանաչման գործընթացը: Մենք չենք հավատում, անշուշտ, որ Հայոց Ցեղասպանությունն անցյալում ճանաչած երկրների խորհրդարանները չեղյալ են հայտարարելու իրենց որոշումները, բայց, դրա հետ մեկտեղ, չենք կասկածում, որ ոչ մի այլ երկիր այլևս նման որոշում չի ընդունելու»: Թե ինչու է սա այդքան կարևոր Տեր-Պետրոսյանի համար, առնվազն զարմանալի է: Խնդիրն այն է, որ որպես նախագահ, իր պաշտոնավարման ողջ ընթացքում Տեր-Պետրոսյանը չդավաճանեց իր սկզբունքային այն դիրքորոշմանը, որ Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացը չպետք է մտցնել Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգ: Այդ մասին Տեր-Պետրոսյանը նաև խոսել է 2007 թ. դեկտեմբերի 8-ին: «Ճիշտ է, սակայն, որ այս ամենով հանդերձ, Ցեղասպանության ճանաչումը ես չեմ դրել Հայաստանի արտաքին քաղաքականության հիմքում՝ դա համարելով անժամանակ ու վտանգավոր…Ժամանակն է վերջապես հասկանալ, որ վերջնագրեր ներկայացնելով կամ անկյուն սեղմելով` ոչ ոք չի կարող Թուրքիային պարտադրել ճանաչել Հայոց Ցեղասպանությունը»,- ասել էր նա այն ժամանակ:  Հարց է առաջանում` եթե այլ երկրների կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումը Տեր-Պետրոսյանը դիտարկում է որպես Թուրքիային անկյուն սեղմելու անարդյունավետ միջոց, ապա ինչու՞ է կարևորում ճանաչման գործընթացը:  Եթե Տեր-Պետրոսյանը խնդիրը դիտում է ռացիոնալ քաղաքականության ռակուրսով, ապա ակնհայտորեն ընկնում է հակասության մեջ: 4. «Հայ Ազգային Կոնգրեսը մշտա­պես առաջնորդվել եւ այսուհետեւ եւս առաջնորդվելու է պատասխանատվության այս գիտակցությամբ՝ խուսափելով թե՛ անխոհեմ գործողություններից, թե՛ քաղաքական մաքսիմալիզմից, եւ հաշվի առնելով, առաջին հերթին, պետական շահը»,-ընդհանրացում անելիս հայտարարեց Տեր-Պետրոսյանը:  Սա առնվազն նշանակում է, որ Կոնգրեսը լուրջ ստրատեգիական ու մարտավարական փոփոխությունների չի ենթարկելու իր քաղաքական կուրսը և առայժմ մնալու է մեծամասամբ դիտորդի կարգավիճակում: Սակայն, դրան զուգահեռ Տեր-Պետրոսյանը երկրում իրավիճակ փոխելը և Հայաստանի շուրջ արտաքին բացասական զարգացումները կանխելու միակ միջոցը համարում է Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:  «Քաղաքական ուժերի ջրբաժանը Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցն է։ Ովքեր դա պահանջում են, իրական ընդդիմություն են, իսկ ովքեր չեն պահանջում՝ իշ­խա­նության կողմն են, որքան էլ ձեւացնեն, թե իսկապես մտահոգված են նշված ան­ցան­կալի զարգացումներով»,- ասում է առաջին նախագահը: Առնվազն տարօրինակ է, թե ինչու Տեր-Պետրոսյանը, ունենալով այս համոզմունքը, Կոնգրեսին շարունակաբար մղում է իներտության դաշտ, որի արդյունքում սկսում են քաղաքական դաշտում կրկին որակ կազմել պսևդոընդդիմադիր ուժերը: Մյուս կողմից, ի վերջո, նախագահի հրաժարականի պահանջ ներկայացնելը չի սահմանափակվում զուտ հայտարարություն անելով կամ դիրքորոշում հայտնելով: Առաջին հերթին դա գործողություն է, այսինքն՝ համապատասխան քաղաքական ու հասարակական պահանջարկ ձևավորելը, որը ՀԱկ-ը չի անում, չնայած Հայաստանի քաղաքական դաշտում գործնականում միայն նա ունի այդ ռեսուրսը: Հարց է առաջանում՝ ինչու՞: Գուցե ՀԱԿ առաջնորդը դրա պատասխանը տա իր հաջորդ, բայց ոչ ուշացած ելույթի ժամանակ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter