HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նաիրիտ գործարանի 3 աշխատակցի առաջադրվել է մեղադրանք

«Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքում վտանգավոր քիմիական կամ կենսաբանական այլ ազդակների կամ թունավոր նյութերի հետ վարվելու ընթացքում անվտանգության կանոնները խախտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:

Գլխավոր դատախազության մամլո ծառայության հաղորդմամբ` ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «Նաիրիտ գործարան» ՓԲ  ընկերության 1-12 արտադրամասի  «Բ» բաժանմունքի հերթափոխի պետ Դ. Նահապետյանին, 1-12 արտադրամասի պետ Ա. Ասլանյանին եւ «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության քլորոպրենի արտադրության պետ Գ. Խաչանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 285-րդ հոդվածի 2-րդ մասով՝ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ: Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ Դ. Նահապետյանը, Ա. Ասլանյանը, Գ. Խաչանյանը 2009 թ. մայիսի 14-ին հիշյալ՝  «Բ» բաժանմունքում, դրսեւորելով հանցավոր ինքնավստահություն, պատշաճ կերպով չեն իրականացրել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության խորհրդի 24.01.08թ. թիվ 02-08 որոշմամբ հաստատված պաշտոնեական հրահանգներով սահմանված իրենց պարտականությունները: Մասնավորապես, ըստ նախաքննության, Դ. Նահապետյանը պատշաճ չի ապահովել տեխնոլոգիական գծի անվտանգ շահագործումը, հումքի, նյութերի ծախսերի նորմատիվների պահպանումը, անհրաժեշտ հսկողություն չի իրականացրել նյութական ծախսերի նկատմամբ, Ա. Ասլանյանն իր հերթին պատշաճ հսկողություն չի սահմանել տեխնոլոգիական ռեժիմների չափորոշիչների նկատմամբ, իսկ Գ. Խաչանյանը պատշաճ չի կազմակերպել եւ հսկել հումքի ու նյութերի ծախսը: Ացետիլենի, մոնովինիլացետիլենի, դիվինիլացետիլենի եւ այլ վտանգավոր քիմիական նյութերի հետ վարվելու ընթացքում նրանք խախտել են «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերության տնօրենի կողմից 10.10.2007թ. հաստատված՝ քլորոպրենի ստացման 1-12 արտադրամասի անվտանգության վկայագրով սահմանված անվտանգության կանոնները: Արդյունքում՝ տեղի է ունեցել տեխնոլոգիական գործընթացների չափանիշներից շեղում՝ մոնովինիլացետիլենի մեջ կտրուկ բարձրացել է դիվինիլացետիլենի պարունակությունը՝ 0,004 տոկոսի փոխարեն եղել է 0,87 տոկոս, բարձրացել է ջերմաստիճանը՝ 30 աստիճանի փոխարեն եղել է 40-50 աստիճան, առաջացել է  պայթյունա-հրդեհավտանգ խառնուրդ եւ դրա կուտակում, որի պայմաններում ՝ պայթյունի եւ հրդեհի առաջացման իրական սպառնալիքի, հետագա շահագործման դեպքում դժբախտ պատահարի, աշխատողների կյանքի համար իրական սպառնալիքի պայմաններում հերթափոխի պետ Դ. Նահապետյանը չի ձեռնարկել անհրաժեշտ կանխարգելիչ միջոցներ տեխնոլոգիական ռեժիմների վերը նշած խախտումները կանխելու եւ տեխնոլոգիական գործընթացի բնականոն ընթացքը վերականգնելու ուղղությամբ, իսկ արտադրամասի պետ Ա. Ասլանյանն ու արտադրության պետ Գ. Խաչանյանը չեն դադարեցրել 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի արտադրությունը, ինչն էլ իր հերթին նշված բաժանմունքի կոնդեսատորներում առաջացրել է օքսիդացման անկառավարելի գործընթացներ, ինքնաքայքայում, որն էլ նույն օրը՝ ժամը 18:30-ի սահմաններում հանգեցրել է  տեխնոլոգիական բնույթի պայթյուններ: 1-12 արտադրամասի «Բ» բաժանմունքի կոնդեսատորներում տեղի ունեցած պայթյուններն անզգուշությամբ առաջացրել է 4 մարդու մահ եւ առանձնապես խոշոր չափերի՝  41.553 427 ՀՀ դրամի վնաս: Քրեական գործն ուղարկվել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter