Վճիռը ընդունվեց ծափահարություններով
«Կապանի կաթի գործարան» ԲԲԸ 11 բաժնետերերը անցած տարվա փետրվարին դիմել էին Սյունիքի մարզի հարավային քաղաքացիական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ընկերության գործադիր տնօրեն ու բաժնետեր Արամայիս Լալազարյանի ու «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ընկերության միջև կնքված առքուվաճառքի պայմանագիրը: Ա. Լալազարյանը ընկերությանը պատկանող շենք-շինությունները, դրա զբաղեցրած ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը` առանց մյուս բաժնետերերի համաձայնության վաճառել էր:
Բաժնետերերը արդեն դատարանում պարզել էին, որ կաթի գործարանն ունի 2 բաժնետեր` գործադիր տնօրենն ու իր կինը: Այդ մասին վկայում էր նաեւ ընկերության ռեեստերը, որտեղ ընդամենը 2 բաժնետեր էր գրանցված: Ըստ ընդհանուր ժողովի արձանագրության, մյուս բաժնետերերը իրենց բաժնեմասերը իբր վաճառել են Ա. Լալազարյանին: Դատավարությունը տևել է մոտ 9 ամիս, բայց հայցվորները հրաժարվել էին հայցից` պատճառաբանելով, որ ճիշտ հայցադիմում չեն ներկայացրել դատարան: Իրավունքները ոտնահարված բաժնետերերը դիմել են Շահերի պաշտպանության ու աջակցության Սյունիքի կենտրոն: Վերջինս էլ 2009թ. հունիսին նոր հայց էր ներկայացրել դատարան: Հայցվորներն այս անգամ պահանջել էին ճանաչել 11 բաժնետերերի սեփականության իրավունքը: Դատավոր Վոլոդյա Մանասարյանը գործը ընդունելով վարույթ` դատական նախնական նիստերը հետաձգում է պատճառաբանելով, որ պարտադիր է պատասխանողի ` Արամայիս Լալազարյանի ներկայությունը դատական նիստին: «Նախկինում նույն գործով դատաքննություն է եղել, բա էդ մարդուն չբերենք, որ պատմի ինչ է եղել: Ես գտնում եմ, որ Ա. Լալազարյանը պատշաճ չէր տեղեկացվել, ուստի չի ներկայացել դատական նիստին»,-ասել էր Վ. Մանասարյանը:
Փաստաբան Սուրեն Բաղրամյանը այդ ժամանակ հրավիրած մամուլի ասուլիսում լրիվ հակառակ կարծիքի Էր: «Դատարանը գրություններ է ուղարկել ու պատասխանը ստացել, որ Արամայիս Լալազարյանը չի բնակվում այդ հասցեում: Դա հենց փաստ է դատարանի համար, որ դատարանը հավուր պատշաճի տեղեկացրել է»,-ասել է փաստաբանը: Ս. Բաղրամյանը չի մտածում, որ դատավորը չգիտի օրենքը, պարզապես «անհարկի ժամանակ է ձգձգում»:
Սեպտեմբերին եւ հոկտեմերին նշանակված դատական նիստերը հետաձգվել էին պատասխանող կողմի չներկայանալու պատճառով: Բաժնետերերն էլ հաշվի առնելով նախկին դառը փորձը` համոզված էին, որ հայցը մերժվելու է: Սակայն երեկ կայացած նիստում դատավոր Վոլոդյա Մանասարյանը ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 131,132 հոդվածներով ճանաչեց բաժնետերերի իրավունքն ու վերականգնեց նրանց բաժնետոմսերի չափ սեփականության իրավունքը: Վճիռը բաժնետերերը ընդունեցին ծափահարություններով: Չնայած վճիռը կարող է բողոքարկվել, բայց բաժնետերերը գոհ էին հաղթանակից ու նշեցին, որ պայքարելու են մինչև վերջ: Նրանց հետ համամիտ էր կոռուպցիայի դեմ պայքարող կենտրոնի ղեկավար Տիգրան Ստեփանյանը:
Մեկնաբանել