Բոլորը բոլորին հսկում են
Մեզ հասած տեղեկություներրով, ոստիկանության, դատախազության և ազգային անվտանգության մարմինների միջև բավական լուրջ հակասություններ են առաջացել: Դա ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ: Օբյեկտիվը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ, որոնց արդյունքում նախաքննության ֆունկցիան դատախազության ձեռքից վերցվել է:

Ըստ այդմ` դատախազները դժգոհ են, որ ոստիկանության և ԱԱԾ քննչական ծառայությունները գործ են քննում և փող աշխատում, իսկ իրենց չնայած նախաքննության նկատմամբ վերահսկողության գործառույթ է տրվել, սակայն քննիչների գործունեության նկատմամբ վերահսկողություն դատախազությունն ըստ էության չի կարողանում իրականացնել: Իսկ հակասություների սուբյեկտիվ հիմքը միջանձնային հարաբերություններն են և այս համակարգերում իրար տակ փորելու ավանդույթը:
Այս հակասությունների արդյունքում, կարելի է ասել, շահում է օրինականությունը, ԱԱԾ-ն դատախազներ է բռնում , դատախազությունը` ոստիկասնության քննիչներ: Բոլորը բոլորին հսկում են ու հետևում:
Արհեստակա՞ն
Այսպես կոչված «խոզի» գրիպի կամ H1N1 վարակի տարածման հետ կապված` Հայաստանում արդեն խուճապի նախանշաններ են առկա: Արտաքինից խուճապը դեռ չի երևում, բայց դեղատների շրջանառության դինամիկան խոսում է այդ մասին: Անցած շաբաթվա ընթացքում դեղատներում առևտրի ծավալները կտրուկ ավելացել են: Որոշ դեղատներ արձանագրել են շրջանառության 2,5-ից մինչև 3-անգամյա աճ:
Առևտրի ծավալների աճը դեղատներում բացատրում են հակագրիպային դեղամիջոցների և բժշկական դիմակների արագ սպառմամբ: Առևտրի ծավալների կտրուկ աճը պայմանավորված է նաև նրանով, որ ամենաարագ սպառվող դեղամիջոցը` «Տամիֆլյուն», բավական թանկ արժե, դրա գինն արդեն հասել է 18-20 հազար դրամի:
Դեղամիջոցներ ներկրողներն արդեն պատվիրել են բժշկական դիմակների և հակագրիպային որոշ դեղամիջոցների խոշոր խմբաքանակներ: Միևնույն ժամանակ, բժիշկների շրջանում կարծիքներ են հնչում, որ «խոզի գրիպով» պայմանավորված խուճապն ամբողջ աշխարհում արհեստականորեն է տարածվում, իսկ իրականում H1N1 վարակն ավելի վտանգավոր չէ, քան սովորական գրիպը:
Իսկ Օսկանյանին դժվար չէ՞ բացատրություն տալ
Նոյեմբերի 11-ին «Սիվիլիթաս» հիմնադրամի կազմակերպած միջոցառման ժամանակ ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը խոստովանել է, թե Հայասատանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից հետո էլ, եվրոպոցիների հետ խնդիրներ են եղել, բայց մի պահ կար, երբ դժվար էր ՀՀ իշխանությունների խոսքի և գործի տարբերությունը բացատրել եվրոպացիներին:
Մեկնաբանելով իր նախկին շեֆի հայտարարաթյունը` Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի պատասխանատու և ԱԳՆ մամուլի նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. «Առաջին հերթին պետք է անկեղծ լինել սեփական ժողովրդի հետ: Մարտի 1-ին, երբ Օսկանյանը դիմում էր սեփական ժողովրդին, նա պետք է զգուշացներ, որ կազմակերպվում է սպանդ, որը սկսվեց նրա ելույթից 1-2 ժամ հետո:
Մինչ այդ, երբ նրան զգուշացնում էին, որ հարձակում է նախապատրաստվում ժողովրդի վրա, բռնի ուժի կիրառում է լինելու, նա հրաժարվեց որևէ քայլ ձեռնարկել այդ սպանդը, հարձակումը կանխելու համար»:
Բաքվի արկածախնդրությունը հանգեցրեց անկանխատեսելի հետևանքների
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում (ԱԽ) անցկացվել են քննարկումներ «Քաղաքացիական բնակչության պաշտպանությունը զինված հակամարտություններում» թեմայով: Ձայնի իրավունք է տրվել ՄԱԿ-ի 47 անդամ պետությունների ներկայացուցիչներին:
Ադրբեջանի դեսպան Մեհդիևը ներկայացրել է Խոջալուի դեպքերի ադրբեջանական մեկնաբանությունը: Այդ հայտարարությանը հետևել է ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի ելույթը: Նա նշել է, որ քննարկումներում իր մասնակցությունը պայմանավորված է ԼՂ հակամարտությանը նախորդած շրջանում Ադրբեջանում հայերի նկատմամբ ծրագրված էթնիկ զտումներն ու սպանություններն ի հայտ բերելու անհրաժեշտությամբ:
Նազարյանը հակադարձել է Խոջալուի մասին ասված ադրբեջանական հայտարարությանը: Նա նշել է, որ համաձայն այդ տարիներին Ադրբեջանի նախագահ Մութալիբովի` Խոջալուն կազմակերպել էր ադրբեջանական ընդդիմությունը, նպատակ հետապնդելով իր իսկ բնակչության սպանության ողջ ծանրությունը գցել Բաքվի իշխանությունների վրա և կազմակերպել հեղաշրջում:
Հայաստանի դեսպանը մեղադրել է Ադրբեջանին հումանիտար ու մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման հարցում և նշել, որ ԼՂ հիմնախնդիրը զինված հակամարտության ճանապարհով լուծելու Բաքվի արկածախնդրությունը հանգեցրեց անկանխատեսելի ու ծանր հետևանքների: Եվ միայն Հայաստանի միջամտությամբ հնարավոր եղավ կանխել իրենց հայրենիքում արցախահայերի բնաջնջումը և, առհասարակ, ադրբեջանական ագրեսիան:
Դեղին քարտ կառավարությանը
Եթե ՀՀ կենտրոնական բանկը շարունակի վարվել այնպես, ինչպես վերջին երկու շաբաթներին, ապա «կարող են խնդիրներ առաջանալ», հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Նինվե Օմեսը:
«ՉԻ»- Խոսքն այն մասին է, որ ցանկացած երկիր պարտավոր է ունենալ որոշակի արտարժույթային պահուստներ, և եթե այդ պահուստները սահմանված չափից նվազում են, ԱՄՀ-ն այլևս փող չի տալիս այդ երկրին: Այսինքն, եթե Նինկե Օմեսի ասածները թարգմանենք «նորմալ» լեզվի, նրա խոսքը կհնչի մոտավորապես այսպես.
«Չհասկացանք, մենք ձեզ փող ենք տալիս, որ արտաքին պահուստ ունենաք, դուք էդ փողով դրամի կուրս ե՞ք պահում: Մյուս անգամ տենց բան նկատեմ` էլ փողի երես չեք տեսնի»: Այլ կերպ ասած, Արժույթի միջազգային հիմնադրամը «դեղին քարտ» է ցույց տալիս վարչապետ Տիգրան Սարգսյանին: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ կամ նա կենթարկվի զգուշացմանը (և հայկական դրամը կսկսի ավելի արագ տեմպերով արժեզրկվել), կամ «բանի տեղ չի դնի» զգուշացումը, և ԱՄՀ-ն աքյլևս փող չի տա Հայաստանին (ինչը նույնպես կհանգեցնի դրամի արժեզրկմանը):
ՀԱԿ-ը զրկվել է մենաշնորհից
«Տեր-Պետրոսյանը կամ ՀԱԿ-ը չեն այլևս քաղաքական ընդդիմության առաջնահերթությունները և օրակարգը ճշտողները: Որ իրենց այս դերը կորցրել են, ակնհայտ դարձավ հուլիսին, երբ չկարողացան, ի հակադրություն Ստեփանակերտում Դաշնակցության կազմակերպած Արցախի հիմնախնդրի վերաբերյալ խորհրդաժողովի, հրավիրել իրենց ծրագրած հավաքը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերաբերյալ ևս ՀԱԿ-ը միանշանակ ու միասնական դիրքորոշում չունի: Մասնավորապես, բացի հնչակյաններից ու Ժիրայր Սեֆիլյանի աջակիցներից, ՀԱԿ-ում Տեր-Պետրոսյանի մոտեցումների հակադարձում են շատերը: Նույն Ալիկ Արզումանյանը և Դավիթ Շահնազարյանը իրենց անհամաձայնությունը արձանագրություններին հիմնավորելու համար մատնանշում են նույն կետերը, ինչի համար Տեր-Պետրոսյանը քննադատում է Դաշնակցությանը»,- կարծում է Կիրո Մանոյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել