HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Էջմիածնի թիվ 3 դպրոցի տնօրենը ուսուցիչներից մեկին կասկածում է «Հետքին» «գործ տալու» մեջ եւ պատրաստվում է ազատվել նրանից

«Հետքի» սեպտեմբերի 30-ի համարում անդրադարձել էինք Էջմիածնի թիվ 3 դպրոցի տնօրեն Հունան Մարտիրոսյանի կողմից իրականացվող չարաշահումներին (Տես հոդվածը՝ Էջմիածնի թիվ 3 դպրոցի տնօրենի հարսներին հավաքարարի «պաշտոնն» է բաժին հասել ):

Հիշեցնենք, որ տնօրենը դպրոցի հաստիքացուցակում որպես տնտեսվար ու դռնապահ էր ձեւակերպել իր 2 տղաներին, իսկ նրանց կանանց աշխատանքի էր տեղավորել հավաքարարի հաստիքներով: Հ. Մարտիրոսյանի կինն էլ` Սիլվա Փալիկյանը, դասվար է աշխատում, մինչդեռ նա համապատասխան կրթություն չունի: Հրապարակումից հետո Հունան Մարտիրոսյանը սկսեց ուսուցիչների մեջ փնտրել լրագրողին «գործ տվողին»: Կասկածյալները շատ էին, սակայն, Հ. Մարտիրոսյանը եկել էր այն եզրահանգման, որ իր արարքների մասին լրագրողին պատմել է դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Աննա Վասակյանը ու նրա հետ սկսել է ավելի կոպիտ վարվել: Երեկ Ա. Վասակյանը լաց լինելով զանգահարեց «Հետքի» թղթակցին, երբ հերթական վիճաբանությունն էր ունեցել դպրոցի տնօրենի հետ: Մեզ հետ զրույցում Ա. Վասակյանը պատմեց, որ տնօրենի մասին մեր թերթում հրապարակված հոդվածից հետո դպրոցում կոլեկտիվի հետ ժողով է արել Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության պետ Գայանե Սայադյանը եւ քննարկել թերթում հրապարակվածը: «Դե իրար մեջ երեւի այդպես որոշեցին, որ ես եմ այդ ամենի հետեւում կանգնած: Այն ժամանակ ես չեմ եղել, բայց հիմա շատ լավ կլինի, որ ես լինեմ: Եթե մի բան արել ես` պիտի դրա պատասխանը տաս: Եթե դու կարողանում ես մարդուն հալածել դրա պատասխանն էլ պիտի տաս: Բայց ես այնպես եմ հասկանում, որ վախ չկա, այսինքն` ինչ ուզի կարող է անել: Գայանե Սայադյանի պահվածքից ենթադրվում է, որ նա ամեն գնով պաշտպանում է տնօրենին: Իմ դասղեկ դասարանի երեխաներից մեկի տուն է զանգահարում տնօրենը եւ հարցնում է` Վասակյանը դասի ժամանակ խոսե՞լ է թերթում հրապարակվածի թեմայով: Բայց դա գաղտնիք չէր, մինչեւ այդ մասին ես իմացա, ամբողջ Էջմիածինն իմացել էր: Դրանից հետո սկսում է մեկ ուրիշ երեխայի կանչել իր մոտ ու հարցաքննել: Ես ինտերնետից բազմաթիվ նյութեր էի քաշել ու «Հետքում» հրապարակված հոդվածն էլ կար ուսուցչանոցի իմ սեղանին դրված: Տնօրենն էլ ասում է, թե ես այդ հոդվածը տպել ու տարածել եմ: Մեկ էլ ասում է, թե իբր ես երեխաներին ասել եմ, որ իրեն կհանեմ ու ես կդառնամ տնօրեն»,-պատմեց Աննա Վասակյանը: Քանի որ տնօրենը մի քանի աշակերտներից փորձել է հետաքրքրվել Վասակյան-«Հետք» կապի մասին, ուսուցչուհին փորձել է պարզել, թե տնօրենն ինչու է աշակերտներին այդ թեմայով հարցեր տալիս: «Ես դասղեկ եմ, բա չիմանա՞մ, թե իմ դասարանի աշակերտների հետ ինչեր է խոսում: Ես կազմակերպիչի հետ բարձրացա վերեւ, որպեսզի պարզեմ, թե ինչու է իմ դասարանի երեխաներին կանչում իր մոտ ու հարցեր տալիս ու նա ինձ հետ սկսեց խոսել գողական ժարգոնով, թե ինձ ռազբիրատի ես կանչում: Ինքն իմ վրա գոռում էր, մի փոքր էլ ես ձայնս բարձրացրի, ու ինքն ինձ պատասխանեց, թե` կգնաս մարդիդ վրա այդպես կգոռաս:  Ինքն ինչ բարոյական իրավունք ունի ինձ անձնական վիրավորանք հասցնի»,-ասաց Ա. Վասակյանը:

Ուսուցչուհու պատմելով, տնօրեն Հ. Մարտիրոսյանն առիթ է փնտրում ամեն անգամ իրեն աշակերտների ներկայությամբ վիրավորելու: «Իմ դասղեկ դասարանից երեխա եմ թույլ տվել, որ տուն գնա: Տնօրենը հարցրեց, թե ինչու ես թույլ տվել ու ասաց, որ նման իրավունք չունեմ եւ հայտարարեց` որպես դասղեկ սահմանափակում եմ քո իրավունքները: Ես էլ հարց եմ տվել, իսկ ուսմասվարն իրավունք ու՞նի դասերի հաշվին երեխաների ձեռքից բռնի բարձրանա վերեւ ու մասնավոր պարապմունք անի: Եթե մեկին կարելի է, նշանակում է բոլորին է կարելի: Ընդունում եմ, որ տնօրեն է եւ պետք է տեղյակ լինի, բայց պետք է նաեւ իր դասղեկին վստահի: Ինքն ամեն ինչ անում է, որ աշակերտների ներկայությամբ ինձ նվաստացնի»,-ավելացրեց տիկին Վասակյանը: Նա պատմեց, որ տնօրենն իր հետ լարված է, քանի որ մտածում է, թե տնօրենի աթոռի համար իրական մրցակից է եւ «Հետքում» հենց այդ նպատակով է նյութ հրապարակել: A-Vasakyan_1311.09«Վերջին մի քանի տարիներին ուզեցել եմ տնօրեն դառնալ: Մի անգամ նույնիսկ թիվ 5 դպրոցի տնօրենի պաշտոնի համար եմ պայքարել, բայց որոշ պատճառներով չստացվեց: Հենց դրանից էլ սկսվեց իմ ու տնօրենի հակակրանքը: Նա մտածում է, որ ես աչք եմ դրել իր աթոռի վրա: Ես նման նպատակ իրոք չեմ ունեցել, բայց նույնիսկ, եթե ունենայի էլ` չեմ կարծում, որ վատ բան եմ անում դրանով: Բացի դա, պարզվում է, ես իրավունք չունեմ աշխատանքից հետո իմ կյանքով ապրելու: Նախագահական ընտրությունների ժամանակ եղել եմ Արթուր Բաղդասարյանի պատասխանատու քարտուղարը Էջմիածնում: Այն ժամանակ էլ ինձ հալածեցին, բայց քանի որ Արթուր Բաղդասարյանն իշխանությունների հետ դաշինք կազմեց, Փառք Աստծո, ես կրճատվելուց դուրս մնացի: Ճիշտն ասաց, այդքան էլ չեմ վախենում, որ ինձ աշխատանքից կարող է հեռացնեն: Էջմիածնի վերջին ընտրությունների ժամանակ կանգնել եմ ներկայիս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կողքին, բայց քաղաքականությամբ զբաղվել եմ դպրոցից դուրս` ոչ դասերի հաշվին: Իսկ իրենք դասապրոցեսը 2 ժամ կանգնեցրին, որպեսզի մյուս թեկնածուն հանդիպի կոլեկտիվի հետ: Կարծում եմ ես դրա իրավունքն ունեցել եմ, որ աշխատանքից հետո անեմ այն` ինչ ուզում եմ: Այս ամենը կուտակել են իրենց մեջ եւ հիմա դպրոցում իմ կյանքը դժոխք են դարձրել»,-ավելացրեց Ա. Վասակյանը: Ուսուցչուհին խնդրում է Սերժ Սարգսյանին, որ գոնե մի անգամ ընդունի իրեն: «Ես այլեւս ի վիճակի չեմ այս մթնոլորտում աշխատել: Վերջապես այս երկրում ինչ-որ մի բան պիտի փոխվի, թե չէ: Թե` ով աթոռ ունի, ինչ ուզի կարող է անել»,-ասաց Աննա Վասակյանը: Երեկ եղանք նաեւ թիվ 3 դպրոցում եւ հանդիպեցինք Հունան Մարտիրոսյանի հետ:

«Հը, էլի Վասակյանն է ուղղարկել»,-մեզ տեսնելով հեգնանքով դիմավորեց տնօրենը: Հ. Մարտիրոսյանի խոսքից զգացվում էր, որ ուսուցչի նկատմամբ «հաշվեհարդարը» կապված է հենց մեր հրապարակման հետ: «Կոլեկտիվում, եթե աշխատում է 50-60 աշխատողներ եւ այդ աշխատողներից մեկը ոսկոր է եւ կարող է մեղադրանք ներկայացնել տնօրենի հասցեին, իսկ մնացածը ոչ` ուրեմն տրամաբանական է ավարտը: Կրթության վարչության պետը ժողով հրավիրեց եւ զրուցեց կոլեկտիվի բոլոր անդամների հետ եւ բոլորը միանշանակ համամիտ են եւ իրենց տնօրենին չեն մեղադրում որեւէ հարցում: Պարզապես սա սադրանք է` ուրիշ ոչինչ: Եթե ուսուցիչը պիտի փորձի իջնել այն աստիճանի, որ աշակերտի մոտ խոսի, թե ես պիտի դառնամ տնօրեն, որ նոր այստեղ կարգ ու կանոն հաստատվի, լավ կլինի, որ ինքն առաջին հերթին իրեն կարգի հրավիրի, դառնա իսկապես ուսուցիչ, որ դասարան մտնելու իրավունքն ունենա, նոր այլ փորձեր անի: Աշակերտների ներկայությամբ ես տիկին Վասակյանին ասել եմ ընդամենը, որ թույլ չեմ տալիս 9-րդ եւ 11-րդ ավարտական դասարանների աշակերտներին առանց իմ գիտության տուն ուղարկել: Եթե սա վիրավորանք է, թող ընդունի վիրավորանք: Ես 100 տոկոսով բացառում եմ քաղաքական հայացքի համար նրան մեղադրելը »,- Աննա Վասակյանին դպրոցում ճնշելու կապակցությամբ ասաց Հունան Մարտիրոսյանը: Նա հիշատակեց, որ կոլեկտիվը իրեն «չի մեղադրում որեւէ հարցում», սակայն պարզ է, որ կոլեկտիվը չէր էլ կարող մեղադրել, քանի որ նրանցից ոչ բոլորը գիտեն, թե հաստիքացուցակներում ովքեր են ձեւակերպված: Առավել եւս տնօրենին չէր մեղադրի ուսմասվար Սեդա Ջավահիրյանը, որի աղջիկը` Նաիրան, նույնպես հավաքարարի հաստիքով հենց այնպես դպրոցից աշխատավարձ է ստացել` առանց մեկ օր  աշխատելու: Նաիրան այս տարի «իր դիմումի համաձայն» ազատվել է աշխատանքից: «Մարդուն նայեք իր կենսագրությունով: Ես այդ մարդը չեմ, կյանքի ուղղով անցած մարդ եմ, աշխատել եմ սովետմիության օրոք: Նույն ձեւով` մաքուր, ազնիվ, իմ ժողովրդի համար հիմա էլ եմ աշխատում»,-ասաց տնօրենը:

«Եթե այդքան մաքուր ու ազնիվ եք աշխատել, ինչո՞ւ եք ձեր ընտանիքի անդամներին ընդգրկել հաստիքացուցակի մեջ, այն դեպքում, երբ նրանք աշխատանքի չեն գալիս»,-հարցրի տնօրենին: «Հաստիքացուցակով այդ հաստիքներն առկա են եւ ես լրացուցիչ հաստիք չեմ դրել: Հարսս չաշխատեր, մեկ ուրիշը պիտի աշխատեր, ի՞նչ տարբերություն: Նույնիսկ ես կես դրույք X-ի տակ պահել եմ, որպես խնայողություն: Այսինքն իրավունք ունեի կես դրույքով դարձյալ մեկին վերցնել որպես հավաքարար, բայց չեմ արել եւ այդ գումարը բյուջեում պահպանված է»,-մեծահոգաբար պատասխանեց Հ. Մարտիրոսյանը: Այն որ տնօրենն իրեն անպարտելի է համարում փաստ է: Հ. Մարտիրոսյանը դասավանդում է նաեւ Էջմիածնի պետական քոլեջում եւ առանց թաքցնելու ուսանողների հետ որոշ դասեր պարապում է հենց դպրոցի շենքում, այլ ոչ քոլեջում:

«Քոլեջի ուսանողների հետ նրանց դասախոսություն կարդալը համաձայնեցված է մարզպետի եւ կրթության վարչության պետի հետ եւ ես ինքնագլուխ ինքնագործունեությամբ չեմ զբաղվել: Որ օրը հարմար չի լինում գնամ այնտեղ իրենք են գալիս, դա 1-2 անգամ է եղել` ոչ միշտ»,-պատասխանեց տնօրենը: Նշենք, որ երեկ, հավանաբար այդ «1-2» օրերից մեկն էր, որ ուսանողները դաս էին անում դպրոցի շենքում: «Ինչ վերաբերում է, որ դպրոցի փոխտնօրենը աշակերտների հետ դասերի հաշվին մասնավոր պարապմունքներ է անում` այդպիսի բան գոյություն չունի: Դա ընդամենը հերյուրանք է, զրպարտանք եւ անամոթություն»,-ավելացրեց Հ. Մարտիրոսյանը:

Հ. Գ. Տնօրենի հետ մեր հանդիպումից հետո տեղեկացանք, որ Հ. Մարտիրոսյանը դպրոց է հրավիրել ուսուցչական կոլեկտիվին, որպեսզի այսօր գնան մարզպետարան եւ Աննա Վասակյանին աշխատանքից հեռացնելու պահանջ ներկայացնեն: Նշենք, որ տնօրենն իր այդ ցանկությունը չթաքցրեց նույնիսկ մեզ հետ զրույցի ժամանակ: Նա մեզ «զգուշացրեց», որ եթե թերթում նյութ հրապարակենք իր եւ դպրոցի մասին, աշակերտներն ու ուսուցիչները Աննա Վասակյանին դպրոցից խայտառակ անելով դուրս կհանեն: Ավելացնենք նաեւ, որ կրթության եւ գիտության նախարարությունը «Հետքի» հրապարակմանն արձագանքել է եւ հաջորդ շաբաթ ստուգումներ է անցկացնելու դպրոցում: Նախարարությունը  առաջարկել է նաեւ ստուգումներին մասնակից դրաձնել նաեւ խմբագրության ներկայացուցչին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter