HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

ԼՂՀ վարչապետը դժգոհ է եգիպտացորենի բերքատվությունից

13_10-egiptatsorenԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցության ընթացքում, որին ներկա էին ոլորտի պատասխանատուները, հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարները եւ շրջանային գյուղբաժինների պետերը, քննարկվեցին գյուղատնտեսական մի շարք հարցեր: Գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանի տեղեկացմամբ` հանրապետությունում այս պահի դրությամբ  ստացվել է 80870 տոննա հացահատիկ եւ եգիպտացորեն: Հացահատիկի միջին բերքատվությունը կազմել է 15,9 ցենտներ, իսկ եգիպտացորենինը` 29,5 ց: Վարչապետ Արա Հարությունյանը դժգոհություն հայտնեց եգիպտացորենի ցածր բերքատվության առթիվ` նշելով, որ այն չպիտի ցածր լինի 50 ցենտներից: Նա եգիպտացորենի ծրագիրը որակեց որպես ձախողում, որից, ըստ նրա, պետք է դասեր քաղել, որպեսզի հետագայում նման արդյունքներ չլինեն: Նա անհրաժեշտ համարեց գյուղբաժինների կողմից ֆերմերների հետ աշխատանքների կազմակերպումը: Այդ առումով վարչապետը նույնպես դժգոհ է գյուղբաժինների աշխատակիցների աշխատանքից: Ներկաներից շատերը խոստովանեցին, որ հենց ոչ ճիշտ մշակությունն է բերքատվության այդքան ցածր ցուցանիշի պատճառը, ինչը չի կարելի ասել Քաշաթաղի շրջանում իրականացված աշխատանքների մասին, որոնց արդյունքում բերքատվության ցուցանիշը հասել է 60 ցենտների: Արա Հարությունյանը շրջվարչակազմերի ղեկավարներին հրահանգեց` անհրաժեշտության դեպքում գյուղբաժինները համալրել նոր մասնագետներով, ովքեր էլ բացատրական աշխատանքներ կտանեն հողօգտագործողների շրջանում, որպեսզի հողը մշակվի ագրոկանոններով: «Այսուհետ պետական աջակցություն կստանան այն ֆերմերները, ովքեր հողի մշակությունը կիրականացնեն համապատասխան ագրոկանոններով: Պետական աջակցությունը կարող է լինել նույնիսկ առանց գրավի վարկավորման տեսքով»,-խորհրդակցության ժամանակ նշել է վարչապետը: Գյուղնախարարի փոխանցմամբ` այսօրվա դրությամբ հանրապետությունում կատարվել է ավելի քան 45 հազար հեկտար հերկ, որն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է մոտ 4 հազար հա-ով, իսկ ցանքս կատարվել է ավելի քան 30 հազար հեկտարի վրա` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 14 հազար հա-ով ավելի: «Պետք է օգտվել եղանակային բարենպաստ պայմաններից եւ առաջիկա օրերին ցանքատարածությունները հասցնել նախատեսված` ավելի քան 45 հազար հեկտարի»,-հորդորել է Արա Հարությունյանը: Անդրադարձ է կատարվել նաեւ դաշտային վնասատուների դեմ պայքարին: Գյուղնախարարի խոսքերով, գնայուկ բզեզի տարածման վտանգ կա, հատկապես, որ մասնագետների պնդմամբ` եղանակային պայմաններն էլ նպաստավոր են: Վարչապետը հանձնարարեց եղած թունանյութերով սկսել պայքարը գնայուկ բզեզի տարածման դեմ, մինչեւ կներկրվի համապատասխան չափի թունանյութը, իսկ պայքարն իրականացնելու համար ծախսված գումարները հողօգտագործողներից վերցնել միայն բերքահավաքից հետո: Պայքար է տարվում  նաեւ մկնանման կրծողների ոչնչացման ուղղությամբ. համատարած կարգով պայքարի առաջին փուլը պետք է ավարտին հասցնել մինչեւ դեկտեմբերի 15-ը: Վարչապետը հանձնարարեց նաեւ կազմել այն վարձակալների ցուցակը, որոնք ակտիվորեն չեն աշխատում կրծողների ոչնչացման ուղղությամբ: Խորհրդակցությունում խոսվեց նաեւ թունաքիմիկատների, պարարտանյութերի, եգիպտացորենի որակյալ սերմի ապահովվածության հարցերի շուրջ: Վարչապետը հավաստիացրեց, որ 2010-ից արդեն պահեստներում ունենալու են համապատասխան չափի թունաքիմիկատներ եւ պարարտանյութեր` աշխատանքները ժամանակին եւ ավելի արդյունավետ կազմակերպելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter