HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արագածոտնի համայնքապետերին անտեղի «սեւացրին»

Նոյեմբերի 1-ի դրությամբ  Արագածոտնի մարզի համայնքների եկամուտները  կազմել են 1 միլիարդ 726 մլն 920.9 դրամ: Այսինքն` տարեկան պլանը կատարվել է 62.2 տոկոսով: Առաջընթաց կա նաեւ սեփական եկամուտների հավաքագրման գործում:  Տարվա ընթացքում հավաքվել է 860 մլն 219.3 հազար դրամ, կամ 10 ամսվա պլանը կատարվել է 107.1 տոկոսով: Երեկ մարզխորհրդի  նիստի ժամանակ մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալական աջակցության պետի տեղակալ  Պավել Նազարյանը հրապարակեց այն  «վատ համայնքների» ցանկը, որոնց համայնքապետերը թերացել են բյուջեն կատարելու հարցում: Հողի եւ գույքի վարձավճարների գանձման ցածր ցուցանիշներ ունեն մարզի Ագարակ (11.4 %), Բազմաղբյուր (12 %), Լեռնարոտ (2.5 %), Արագածավան (6.3 %), Գետափ (14.8 %), Հացաշեն (5 %) համայնքները: Հողի եւ վարձավճարների գանձման զրոյական ցուցանիշ են ապահովել Փարպի, Օշական, Վ. Սասունիկ, Սաղմոսավան, Ոսկեհատ, Օթեւան, Արեւուտ, Դավթաշեն, Ն. Բազմաբերդ եւ եւս մի քանի համայնքներ: Մարզպետ Սարգիս Սահակյանը նույնպես ամոթանք տվեց թերացած համայնքապետերին, ասելով` «այն համայնքներում, որտեղ բյուջեն չի կատարվում եւ համայնքապետերն իրենց պարտավորությունները չեն կատարում, այդ համայնքներում մենք անելիք չունենք»: Նիգավան համայնքի հողի եւ գույքի վարձավճարների հավաքագրումն, ըստ մարզպետարանի, 18.1 % է, սակայն մեզ հետ զրույցում Նիգավանի գյուղապետ  Արտաշ Գալստյանը հայտարարեց, որ ինքը պարտավորությունները կատարել է 80-90 %: Դավթաշենի գյուղապետ Գրիգոր Վարդանյանը նույնպես զարմացել  էր, երբ իր համայնքը հայտնվել էր զրոյական ցուցանիշ ունեցող համայնքների ցանկում: «Ես իմ պարտավորությունները բարեխիղճ կատարել եմ: 500 հազար դրամից 250 հազարն արդեն հավաքագրված է եւ չի կարող զրոյական լինել: Մարզպետարանում այդ հարցը կարգավորել եմ, սխալն իրենցն է»,-«Հետքին» ասաց Գ. Վարդանյանը: Սասունիկի համայնքապետարանը «այլ եկամուտներ» տողով համայնքային բյուջեում ոչ մի դրամ չի նախատեսել, սակայն, փաստացի կատարել է 8 միլիոն 960.5 հազար դրամ: Դրանից հետո մարզպետարանը դարձյալ զրոյական ցուցանիշ է արձանագրել: Նման սխալները մի քանի տասնյակի են հասնում: Փաստորեն, մարզխորհրդի  նիստի ժամանակ, համայնքապետերին  խայտառակում են եւ ամոթանք տալիս, իսկ կուլիսներում  մարզպետարանի վարչության պետերն անձայն շտկում են իրենց  իսկ թերությունները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter