H1N1 գրիպի դեմ պայքարը պետք է ակտիվացնել
H1N1 գրիպի հնարավոր համաճարակի դեմ միջոցառումների կազմակերպման հանրապետական նորաստեղծ հանձնաժողովն այսօր հրավիրեց իր անդրանիկ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը:
Ինչպես նիստի ընթացքում հավաստեց առողջապահության նախարար Արմեն Խաչատրյանը, նախարարությունը H1N1 գրիպի կանխման դեմ միջոցառումները սկսել է դեռեւս ապրիլ ամսից:
Միջոցառումների շրջանակներում անց են կացվել մի շարք սեմինար-խորհրդակցություններ, տրվել են մեթոդական ցուցումներ: Նախարարի խոսքերով, սեմինարներն այս օրերին շարունակվում են հանրապետության դպրոցների տնօրենների եւ բուժքույրերի մասնակցությամբ: Նախարարությունն ամեն օր տեղեկություններ է ստանում դպրոցներում գրանցվող բացակայությունների վերաբերյալ, պարզում դրանց պատճառները: Վերահսկողություն է սահմանվում նաեւ մուտքի արտոնագիր ունեցող քաղաքացիների նկատմամբ:
Առողջապահության նախարարի հաղորդմամբ, մշակվել է գրիպի հնարավոր համավարակին /պանդեմիայի/ պատրաստվածության ծրագիրը: Կառավարության կողմից 4 մլն 500 հազար դրամ է հատկացվել հնարավոր վարակի կանխարգելման դեմ միջոցառումների իրականացման համար, ձեռք է բերվել «Տամիֆլյու» դեղամիջոց:
Այս աշխատանքները սակայն վարչապետ Արա Հարությունյանը բավարար չի համարում: Գրիպի կանխման համար նա առողջապահության նախարարին հանձնարարեց ավելի ակտիվացնել քարոզչական աշխատանքները եւ պատրաստել հեռուստատեսային հոլովակներ ու պարբերաբար եթեր հեռարձակել ինչպես Արցախի հանրային հեռուստատեսությամբ, այնպես էլ Ղարաբաղում վերահեռարձակվող հեռուստաալիքներով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել