Կապանի քաղաքապետը նույնպես դեմ է ուրանի հանքերի շահագործմանը
Կապանի զոհված եւ վիրավորված ազատամարտիկների պաշտպանության «Ազատամարտ» կոմիտեի նախագահ Խորեն Հարությունյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է ուրանի հանքերի շահագործման դեմ պայքարի գործընթացի մասին ու կոչ արել միանալ ստորագրահավաքին: ««Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն արդեն սկսել է Սյունիքի մարզում ուրանի հանքերի ուսումնասիրման ծրագիրը: Չնայած տարբեր ժամանակաշրջաններում կազմակերպվել են քննարկումներ, հանդիպումներ բնակիչների հետ, այնուամենայնիվ խնդիրը շարունակում է անհանգստացնել սյունեցիներին:
Հատկապես մտահոգ են Լեռնաձորի գյուղական համայնքի վարչական կազմի մեջ մտնող 9 փոքր համայնքներից 4-ը որոնք գտնվում են հետազոտությունների գոտում: Ուրանի հանքահանների և հանքին ու մշակման վայրերին մոտ ապրող բնակչության առողջության մասին անցյալ ու ներկա արձանագրությունները ցույց են տալիս, որ հանքերի ճառագայթումն ու մշակման պոչանքները քաղցկեղի համաճարակներ են առաջացնում ինչպես հանքերում աշխատողների, այնպես էլ հանքերի ու պոչանքների շրջակա բնակչության մոտ, մասնավորապես կոկորդի, թոքերի, լյարդի ու ոսկորների քաղցկեղ, ինչպես նաև լեյկոզ (արյան քաղցկեղ): Ուրանի հանքերի շահագործման նախագիծը խախտում է ՀՀ Սահմանադրությունը, ՀՀ մի շարք օրենքներ ու միջազգային իրավական նորմեր: Կարևորելով երկրի տնտեսական զարգացումն ու նոր աշխատատեղերի ստեղծումը, պահանջում, առաջարկում, միաժամանակ խնդրում ենք իշխանությունններին`մշակել երկրի տնտեսության համար այլ տարբերակներ ու ծրագրեր: Միայն այդ դեպքում ապահով ու բարեկեցիկ կզգան մեր քաղաքացիները, չի վտանգվի սերունդների առողջությունը»,-ասված է հայտարարության մեջ: Ըստ Խորեն Հարությունյանի` հայտարարության նախագիծը առաջիկա մեկ շաբաթում վերջնական տեսքի կբերվի ու կուղարկվի Հայաստանի բարձրաստիճան իշխանություններին: «Մենք չպետք է ստորագրենք մեր մահվան վկայականի տակ: Ամեն կերպ պետք է պայքարենք, որպեսզի ուրանի հանքերը չշահագործվեն»,-ասաց Խ. Հարությունյանը: Կապանի քաղաքապետ Արտուր Աթայանը պաշտոնավարման մեկ տարվա առիթով հանդիպելով լրագրողների հետ անդրադարձել է խնդրին: «Ես` որպես հայ, որպես կապանցի, պայքարելու եմ հանուն մեր քաղաքի: Ես, իմ երեխաները, շատ-շատերը միշտ Կապանում են ապրելու ու անձամբ ես իմ էությամբ դեմ եմ այդ հանքերի շահագործմանը»,-ասաց կապանի քաղաքապետը:
Մեկնաբանել