Կապանում գերխնդիրը աշխատատեղերի հարցն է
«Չգիտեմ` ոնց անցավ այս մեկ տարին, բայց այսօր ես կապանցիներին ներկայանում եմ բաց ճակատով, քանի որ չնայած դժվարություններին` կարողացանք աշխատել»,- ասաց Կապանի քաղաքապետ Արթուր Աթայանը պաշտոնավարման մեկ տարվա առիթով հրավիրած մամուլի ասուլիսում: Քաղաքապետը խոսեց ձեռբերումների ու թերությունների մասին: Առաջին ձեռքբերումը, ըստ նրա, աղբահանության խնդրի լուծումն էր.
քաղաքում հիմա բնականոն իրականացվում է աղբահանությունը, ձեռք են բերել աղբահան, ջրցան մեքենաներ, քաղաքը մաքրել են շինարարական աղբից: «Հավաքագրումը 7 մլն դրամից հասել է 24 մլն դրամի: Ուրեմն ժողովուրդը տեսավ, գնահատեց կոմունալ-տնտեսության աշխատանքն ու ճգնաժամի պայմաններում վճարում է աղբահանության դիմաց»- ասաց Արթուր Աթայանը և նշեց, որ քաղաքում իրականացված աշխատանքներին աջակցել են «Դինո ոլդ Մայնինգ Քամփնին» ու ԶՊՄԿ-ն: Քաղաքապետը նշեց նաև, որ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 230%, ինչը հավանության է արժանացել կառավարության կողմից: Բացի այդ, ձեռքբերումներ կան մշակույթի, կրթության, սպորտի ոլորտներում: Քաղաքապետը ցավով նշեց, որ Կապանի քաղաքային մարզադաշտը սեփականաշնորհվել է, ու «հնարավորություն չկա, որպեսզի պատանիները պարապեն»:
«Ես չգիտեմ, թե ինչո՞ւ ժամանակին սեփականաշնորհվեց միակ մարզադաշտը, բայց ես դիմել եմ կառավարություն, դիմելու եմ ՀՀ նախագահին, իրավաբանական բաժնին հանձնարարել եմ` պարզելու սեփականաշնորհման հիմքերը»,- ասաց Արթուր Աթայանը` ավելացնելով, որ օտարվել են նաև քաղաքի 2 լողավազանները: Քաղաքի համար գերխնդիրը զբաղվածության հարցն է: Անցած մեկ տարում 150 մարդ է աշխատանքի ընդունվել քաղաքապետարանի միջնորդությամբ, բայց աշխատատեղերի կարիք զգացվում է: Խնդիր է նաև բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգումը: «Ես եղել եմ այդ շենքերի վերջին հարկերի բնակարաններում, տեսել եմ, թե ինչ վիճակում են ապրում մարդիկ: Աշխատանքներ ենք տանում նաև այդ ուղղությամբ»,- ասաց Ա. Աթայանը: Վերջինս դժգոհ է գրադարանների ու երաժշտական դպրոցների աշխատանքից: Ըստ քաղաքապետի, գրադարաններում հավաքվում են «սուրճ խմում ու բամբասում»: Քաղաքի ղեկավարը մտադիր է փակել որոշ գրադարաններ: «Ու հավաստիացնում եմ, որ ոչ մի գրադարանի տարածք չի օտարվելու, ինչքան որ ես կլինեմ քաղաքապետ»,- ասաց Ա. Աթայանը:
Ինչ վերաբերում է երաժշտական դպրոցներին, ապա դրանք թերծանրաբեռնված են աշխատում ու քաղաքապետը մտածում է միավորել ու մեկ կենտրոն պահել: Քաղաքաշինության ոլորտում էլ խնդիրները քիչ չեն. «Քանդելու ենք բոլոր անօրինական կիսակառույցները, օրինականացնելու ենք ընթացող շինարարական աշխատանքները»,- հայտարարեց քաղաքապետը: Պատասխանելով «Հետքի» հարցին, որ եթե Կապանն բոլոր ցուցանիշներով առաջ է, ինչպես ստացվեց, որ 2009 թ.-ի Գորիսը ճանաչվեց «Լավագույն քաղաք», Ա. Աթայանը պատասխանեց. «Դա կառվարության կողմից չի տրվել, այլ «Հայաստանի համայնքների միության» կողմից: Հաշվի է առել այն հանգամանքը, որ Գորիսում ներդրումային ծրագրեր շատ են իրականացվել: Այնպես որ, մենք վատ չենք զգում»:
«3 տարի հետո Արթուր Աթայանը նորից կառաջադրի՞ իր թեկնածությունը» հարցին վերջինս դժվարացավ պատասխանել: «Առայժմ աշխատենք, կտեսնենք, չեմ կարող կոնկրետ պատասխանել այդ հարցին»,- ասաց դաշնակցական քաղաքապետը:
Մեկնաբանել