HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանյան «երկխոսության մոդան» սկսում է արտահանվե՞լ

Հետխորհրդային տարածքի որոշ երկրներում վերջին շրջանում իշխանությունները, կարծես թե, նշաններ են ցույց տալիս կամ ձեւացնում են, թե հակված են վերանայել ընդդիմադիրների նկատմամբ իրենց ավանդական, մեղմ ասած, կոշտ մոտեցումները:

Օգոստոսի 29-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն շատերի համար անսպասելի քայլ կատարեց` հայտարարելով, որ պատրաստ է ընդդիմության հետ երկխոսություն սկսել: Թեեւ փորձագիտական շրջանակները, ինչպեսեւ ընդդիմադիրներից շատերը որոշակի հոռետեսությամբ ու զգուշավորությամբ են մոտենում այդ առաջարկին, սակայն նրանց մեծամասնությունը հավանության է արժանացրել երկխոսության գաղափարը:

Մինչդեռ հետխորհրդային Հայաստանում երկխոսությունը սկսել է 2011-ի կեսերից եւ նույնիսկ հասցրել է ճգնաժամ ապրել. ներկայում այն առկախված է երկխոսության սուբյեկտ հանդիսացող տիտղոսային ընդդիմության` Հայ ազգային կոնգրեսի կողմից, նրա երիտասարդ ակտիվիստի ձերբակալման պատճառով։

Երկխոսության հանդեպ Հայաստանի եւ Բելառուսի իշխանությունների մոտեցումները բավականաչափ նման են: Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսի ճակատագիրը պետք է որոշել ոչ թե հրապարակներում եւ բարիկադներում, այլ երկխոսության սեղանի շուրջ: Դեռեւս 2011 թ. հունիսի 17-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, որ պատրաստ է «երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարեւորագույն հարցերի լայն շրջանակում» երկխոսել ՀԱԿ-ի հետ:

Հայ ազգային կոնգրեսի կարծիքով` իշխանությունները գնացել են երկխոսության` տեղի տալով իրենց ճնշմանը: Իսկ Բելառուսի ընդդիմությունը Լուկաշենկոյի քայլը պայմանավորում է համակարգային ճգնաժամով, որից տուժում է տնտեսությունը, եւ դա էլ ստիպում է նրան քայլեր անել հասարակության զայրույթը զսպելու համար: 

Պետք է ասել, որ Բելառուսի ընդդիմությունը, ի տարբերություն Հայաստանի, բավական թույլ է, բայց իշխանությունն այդտեղ, միեւնույն է, գնաց երկխոսության, ինչից կարելի է ենթադրել, որ Հայաստանում, հնարավոր է, նույնպես երկխոսության դրդող գործոնների մեջ ընդդիմադիրների ճնշումը թերեւս առաջնայինը չէ:

Չժխտելով, որ իշխանությունների կողմից երկխոսության գնալուն նպաստող գործոններից մեկը ընդդիմադիրների (hատկապես հայաստանյան ուժերի եւ հանրության) ճնշումն է, փորձագետները նշում են այլ պատճառներ, որոնք թե Բելառուսում եւ թե Հայաստանում կարող էին երկխոսությանը նպաստող առաջնային գործոններ լինել:

Վերջին շրջանում եւ Բելառուսի, եւ Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակը զգալիորեն վատթարացել է։ Առանձին փորձագետներ նշում են, որ Բելառուսի տնտեսությունը կանգնած է սնանկացման եզրին։ Երկրում նույնիսկ որոշակի ապրանքատեսակների դեֆիցիտ է նկատվում։ Նշվում է, որ իշխանությունները գազի, էլեկտրաէներգիայի, վարկերի տոկոսների դիմաց վճարելու համար ստիպված են ավելացնել արտահանության ծավալները, ինչը եւ առաջացնում է ապրանքների պակասուրդ։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա միայն «Ֆորբս» հեղինակավոր ամսագրի կողմից աշխարհի տասը վատագույն տնտեսություն ունեցող երկրների ցուցակում վերջերս երկրորդ վատագույն հորիզոնականում հայտնվելու փաստը, որքան էլ միանշանակ չգնահատվի այդ վարկանիշային աղյուսակը, բավարար է Հայաստանի սոցիալ-տնտեսական իրավիճակի մասին պատկերացում կազմելու համար:

Հայաստանը եւ Բելառուսը Եվրամիության «Արեւելյան հարեւանության» ծրագրի մասնակիցներ են։ Եվրոպական պաշտոնյաները միշտ նշել են, որ ծրագրի հաջողությունը մեծապես կախված է անդամ երկրների ժողովրդավարացման տեմպերից։ Հաշվի առնելով վերոնշյալ պետություններում առկա ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակը, իշխանությունները կարող էին գնալ ընդդիմադիրների նկատմամբ սեփական քաղաքականության մեղմացմանը` Եվրամիությունից աջակցություն ստանալու ակնկալիքով:

Ընդհանրապես` հաճախ է խոսվում, որ վերոնշյալ երկրներում երկխոսության իրական նախաձեռնողը Արեւմուտքն է: Հայաստանում երկխոսության կոչեր երկար ժամանակ հնչել են տարբեր եվրոպական պաշտոնյաների շուրթերից, եւ երբ Հայաստանում սկսվեց այդ գործընթացը, այդ նույն պաշտոնյաները մեկը մյուսի հետեւից ընդգծված կերպով ողջունեցին այն։ Բելառուսի դեպքում տեղի է ունենում նույն երեւույթը:

Երկխոսության գործընթաց սկսելու` Արեւմուտքի նախաձեռնողականությունը նախ կարելի է բացատրել նրանով, որ վերջինս վերանայել է ավտորիտար պետությունների հանդեպ իր հանդուրժողական վերաբերմունքը եւ ուժեղացրել ճնշումը՝ հաշվի առնելով արաբական աշխարհում տեղի ունեցած գործընթացները: Արեւմուտքի այդ նախաձեռնողականության հիմքում կարող է ընկած լինել մի հաշվարկ, համաձայն որի` երկխոսությունը կարող է լավ գործիք դառնալ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի եւ Բելառուսի վրա թուլացնելու գործում:

Պետք է նշել, որ միջազգային հանրությունը ինչպես Հայաստանի, այնպես էլ Բելառուսի հետընտրական բախումներից հետո` իբրեւ առաջնային քայլ, իշխանություններից պահանջել է ազատ արձակել քաղաքական դրդապատճառներով բանտարկված ընդդիմադիրներին: Հետաքրքրական է, որ Հայաստանի եւ Բելառուսի ընդդիմադիրները` որպես երկխոսության կայացման նախապայման, նշել են հենց քաղաքական բանտարկյալների ազատ արձակումը։ Հայաստանում երկխոսությունը կայացավ միայն այդ պայմանը բավարարելուց հետո։  

Բելառուսում այդ պայմանի բավարարման հավանականության օգտին են խոսում իշխանական շրջանակներից վերջերս հնչող այն հայտարարությունները, թե Բելառուսի ղեկավարությանը հատուկ է գթասրտությունը, եւ եթե բանտարկյալները խնդրագրեր ներկայացնեն, ամենայն հավանականությամբ, նրանց ազատ կարձակեն։ Ավելին` Լուկաշենկոն հենց ինքն է հայտարարել ընդդիմադիրներին ազատ արձակելու մտադրության մասին: Ի դեպ, Հայաստանում քաղաքական բանտարկյալների միայն մի մասն ազատ արձակվեց խնդրագրերի հիման վրա: Մյուսները հրաժարվեցին խնդրագրեր ներկայացնել, եւ այդ իսկ պատճառով նրանց ազատ արձակելու խնդիրը լուծվեց նախագահի կողմից հայտարարված համաներմամբ։ Չի բացառվում, որ Բելառուսում կրկնվի նույն պատմությունը:

Սակայն այս կարգի գործընթացները դիտարկելիս ծագող ամենահիմնական հարցը, թե որն է վերոնշյալ երկրների համար մերօրյա նոր երեւույթի` երկխոսության առարկան, մնում է անորոշ։

Հայաստանում  ՀԱԿ-ը հայտարարում էր, որ երկխոսելու է միայն արտահերթ, ազատ եւ արդար ընտրություններ անցկացնելու խնդրի շուրջ։ Սակայն իշխանությունները մինչեւ այժմ համաձայնել են միայն քննարկել այդ հարցը, բայց ոչ բանակցել դրանց անցկացման թեմայով: Իշխանությունները պատրաստվել են ներկայացնել, իրենց խոսքով, երկրի զարգացման սեփական մոտեցումները, որոնց շուրջ էլ առաջարկում են երկխոսել: ՀԱԿ-ը համաձայնել է լսել իշխանությունների առաջարկները, սակայն նշել է ժամկետ` հայտարարելով, որ եթե այդ ընթացքում իշխանությունները չկողմնորոշվեն արտահերթ ընտրությունների հարցում, ապա իրենք դուրս կգան բանակցություններից եւ փողոցային պայքարի խաղաղ ճանապարհով կհեռացնեն իշխանություններին: Փաստորեն արտահերթ ընտրությունների շուրջ բանակցություններ, որոնց մասին խոսում էր ՀԱԿ-ը, այդպես էլ մինչեւ հիմա տեղի չունեցան:  

Իսկ Բելառուսի ընդդիմադիրները նշում են, որ իշխանությունների հետ կերկխոսեն ժողովրդավարական քաղաքական բարեփոխումներ անցկացնելու շուրջ։ Սակայն շատերի համար կասկածից վեր է, որ «Եվրոպայի վերջին բռնապետը» չի կարող ժողովրդավարական բարեփոխումների կնքահայր դառնալ:

Ամեն դեպքում` ինչպես Բելառուսում, այնպես էլ Հայաստանում գոյություն չունի երկխոսության կամ բանակցությունների առարկա, քանզի վերջինիս հանդեպ կողմերն ունեն հակադիր մոտեցումներ: Որոշ փորձագետներ նկատում են, որ Բելառուսի եւ Հայաստանի երկխոսությունը չի կարելի նույնացնել ութսունականների վերջում Արեւելյան Եվրոպայում կազմակերպված «կլոր սեղանների» հետ: Եվ հիմնականում` այն պատճառով, որ վերջիններս ունեին բանակցությունների առարկա, որն, ի դեպ, պարտադրված էր ընդդիմության կողմից։ 

Էդգար Վարդանյան
ՌԱՀՀԿ փորձագետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter