HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ստելու մասին խոստովանությունը իրավական գնահատականի չի արժանացել

m-sukhudyan_14.11.09

-Բայց ինձի խոսքի որ դատարան կանչեն, սուտ կխոսամ:

-Բայց ինչո՞ւ, Դ.: -Չգիտեմ, վախում եմ:

- Բայց տենց բան էղել ա, չէ, դու ինչի՞ պիտի խաբես: -Չգիտեմ, բայց որ ինձ կանչեն, ես սուտ կխոսամ: ...Սաղ աշխարհով մեկ անունս ընկել ա, ով տենում ա` գալի հարցնում ա, ընկերոջս հետ էլ էդ պատճառով կռվել եմ, չեմ խոսում:

-Դե արդեն սաղ տեսել են, դու պիտի էդ ռիսկին գնաս ու ճիշտն ասես:

-Չէ, չեմ կարա:

-Հիմա դու պիտի ասես, որ մե՞նք ենք քեզ սովորացրել էդ ամեն ինչը: -

Չգիտեմ, բայց դե չեմ ասելու:

-Սո՞ւտ ես խոսալու դատարանում:

-Հա: -

Որ ասեն` խի՞ ես էն ժամանակ տենց ասել, ի՞նչ ես ասելու:

-Կասեմ` կներեք, սուտ եմ խոսացել, որովհետեւ ընկեր Ավագյանին չեմ սիրում, որ գիշերները ինքը ինձ շուտ էր քնացնում:

Սա Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցի շրջանավարտ Դ.Ա.-ի եւ կամավոր Արման Ղարիբյանի հեռախոսազրույցից մի հատվածի վերծանում է: Թեղուտի պաշտպանության խմբի անդամ, 29-ամյա Մարիամ Սուխուդյանը մեղադրվում է զրպարտության մեջ:  2008 թ. ապրիլ-հունիս ամիսներին Մարիամ Սուխուդյանը եւ մի քանի այլ կամավորներ ՄԱԿ-ի կողմից ֆինանսավորվող  «10 լավագույն դպրոց» ծրագրի շրջանակում աշխատել են Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում: Այդ ընթացքում ծրագրի մասնակիցներին հայտնի են դարձել դպրոցի աշխատակազմի որոշ անդամների կողմից երեխաների նկատմամբ կատարված սեռական բնույթի ոտնձգությունների, բռնությունների, հարկադիր աշխատանքի մասին փաստեր, որոնք նրանք հայտնել են լրատվության միջոցներին: Նույն թվականի նոյեմբերի 13-ին Հանրային հեռուստատեսությամբ եթեր է հեռարձակվում Դ.Ա.-ի հարցազրույցի տեսագրությունը հատուկ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության ուսուցչի սեռական ոտնձգությունների մասին: 10 օր անց եթեր է հեռարձակվում երկրորդ տեսանյութը, որտեղ դպրոցի շրջանավարտ Հ.Ս.-ն պատմել է նույն ուսուցչի կողմից իր նկատմամբ կատարված ոտնձգությունների մասին: Առաջին ռեպորտաժի հիման վրա Էրեբունու քննչական բաժնում նյութեր են պատրաստվել, իսկ հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչը դիմում է գրել, թե իրեն զրպարտել են: Այս տարվա փետրվարի 11-ին ոստիկանության Էրեբունու քննչական բաժինը քրեական գործ է հարուցել` դպրոցի աշակերտուհի Դ.Ա.-ի կողմից զրպարտություն կատարելու փաստի առթիվ: Դ.Ա.-ն հրաժարվել է տեսանյութում իր պատմածներից եւ ոստիկանությունում ասել, թե Մարիամն է համոզել իրեն նման բան պատմել: 6 ամիս անց մեղադրանք է առաջադրվել Մարիամ Սուխուդյանին` շահադիտական դրդումներով սուտ մատնություն կատարելու համար: Իսկ հոկտեմբերի 10-ին մեղադրանքը փոխվել է ՀՀ ՔՕ 135 հոդվածի հատկանիշներով`  «Զրպարտություն»: Դ.Ա.-ն տեսախցիկի առաջ պատմել է բռնությունների մասին, ներկա են եղել Մարիամը եւ կամավորները, ինչպես նաեւ «Հետք»-ի լրագրող Լենա Նազարյանը, որոնք հաստատել են դա իրենց ցուցմունքներում: Դ. Ա.-ն Արման Ղարիբյանի հետ զրույցում հստակ հայտնել է, որ իրենց տուն դպրոցից մի մարդ է եկել եւ խոսել իր մոր հետ, որից հետո ինքը ստիպված է տալ իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ, քանի որ իրեն հեռուստացույցով դիտելիս ճանաչել են, եւ ինքը, իր խոսքերով, «խայտառակ է եղել ծանոթների շրջապատում»: Հեռախոսային խոսակցությունը հանձնվել է նախաքննական մարմիններին: Քննիչի կազմած լազերային սկավառակի վերծանման արձանագրությունում բացակայում է այն մասը, որտեղ Դ.Ա.-ն նշում է, որ ստելու է: Ավելին, քննիչը ձայնագրությունը չի ճանաչել որպես ապացույց: «Հայլուր» լրատվական հաղորդմամբ հեռարձակված երկրորդ տեսանյութը եւս որեւէ իրավական գնահատականի չի արժանացել: Դպրոցի տարբեր տարիների 4 շրջանավարտներ եւս ուղղակի մատնանշել են նման արարքներ եւ իրենց ցուցմունքները պնդել են ուսուցչի եւ դպրոցի տնօրենի հետ առերեսման ժամանակ: ՙ «Սակայն քննիչի կողմից վերը նշված ցուցմունքները համարվել են անարժանահավատ այն պատճառաբանությամբ, որ դպրոցի սաները չեն կարող ճիշտ ընկալել եւ վերարտադրել օբյեկտիվ իրականությունը այն պարագայում, երբ նշված սաներից որեւէ մեկի նկատմամբ չի նշանակվել նման դեպքերում օրենքի պահանջով պարտադիր համարվող դատահոգեբանական /դատահոգեբուժական/ փորձաքննություն»,- հիմնավորում է Մարիամ Սուխուդյանի պաշտպան Նոնա ալստյանը: Նա հավելում է, որ նույն դպրոցի սաներից ընդամենը մեկի` Դ.Ա.-ի ցուցմունքի հիման վրա մեղադրանք է առաջադրվել Սուխուդյանին, երբ նրա ցուցմունքներում առկա էական հակասությունների պարագայում առերես հարցաքննություն չի կատարվել, իսկ Դ.Ա.-ի ցուցմունքն ուղղակի հակասում է մի շարք այլ անձանց ցուցմունքներին եւ գործում առկա ձայնագրություններին: Դպրոցի ուսուցչական անձնակազմը եւ տնօրենը ժխտել են իրենց դպրոցում նմանատիպ երեւույթների` իրականությանը համապատասխանությունը. «Նրանց երեւակայական աշխարհը շատ մեծ է, միգուցե ոչ թե խաբեն, այլ երեւակայելով նենց բան կարող է պատմեն, որ ֆանտաստիկ գրողը չի կարողանա տենց գիրք գրել»,-«Հայլուրին» տված հարցազրույցում ասել է դպրոցի տնօրեն Մերուժան Ենգիբարյանը: Գործի նյութերում Մարիամ Սուխուդյանի մեղադրանքը հիմնավորվում է միայն այն վարկածով, թե նա շահադիտական նպատակներով է ձայնագրել տեսանյութն ու հասարակական հնչեղություն է հաղորդել դրան, առանձնացել եւ ուղղորդել է Դ.Ա.-ին, որովհետեւ ծրագրի իրականացման համար ՄԱԿ-ի կողմից դպրոցին փոխանցված 1մլն դրամը տնօրենը հրաժարվել է վճարել իրենց ու վճարել է աստիճանաբար: «Այդ ժամանակ մենք պետք է գրքեր գնեինք, անհրաժեշտ էր որոշակի գումար, եղել է խոսակցություն տնօրենի հետ, նա ասաց՝ ոչ, ինչ իմանամ, թե գնաք ձեր հետ ինչ կլինի», ոչ մի կոնֆլիկտ չեղավ, ՄԱԿ-ի հետ համաձայնեցինք, մենք մեր գրպաններից դրեցինք այդ փողը, հետո կտրոնները ներկայացրինք եւ դպրոցից գումարը վերցրինք»,- պատմում է Մարիամը: ՙ «Հենց առաջին օրվանից, երբ դեռ քրեական գործ չէր հարուցված, մեզ կանչել էին ոստիկանություն, ինձ առանձնացրին, ու 7 ժամ ես ոստիկանությունում էի: «Դու քեզ առաքյալի տեղ մի դիր, իմացի, որ էս ամբողջը քո վրա է ֆռալու, որ դու ես այդ ամբողջը թելադրել»,- ասում էր քննիչը: Այսինքն` այն ժամանակ դեռ քննիչն այսօրվա մեղադրանքներն ասում էր, այդտեղից արդեն հոգեբանական ճնշումները նկատելի էին եւ կարելի էր կռահել արդյունքը,- շարունակում է Մարիամը: Դ.Ա.-ն այժմ Հայաստանում չէ, նրա գտնվելու վայրի մասին որեւէ տեղեկություն հայտնի չէ: Հայոց լեզվի եւ գրականության ուսուցիչն արդեն չի աշխատում հատուկ դպրոցում` հեռանալու մասին իր իսկ դիմումի համաձայն: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Սուխուդյանի դեմ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ քաղաքից չբացակայելու խոստումը: «Երկրորդ մեղադրանքի առաջադրումից հետո ինձ առաջարկվել էր համաներում, քննիչն ասաց, որ այս հոդվածը համաներման տակ է ընկել, առաջարկեց մեղքն ընդունել եւ գործը կարճել: Ես ասացի` ոչ, մենք պահանջում ենք գտնել իրական հանցագործներին»-ասում է Մարիամ Սուխուդյանը: Այս օրերին Սուխուդյանի փաստաբանը միջնորդություններ է ներկայացնում: Նոյեմբերի 6-ին կամավորները գլխավոր դատախազին հանցագործության մասին հաղորդում փոխանցեցին, որտեղ մատնանշում են քննչական մարմնի թույլ տված բոլոր բացթողումները եւ պահանջում անհապաղ դադարեցնել Սուխուդյանի նկատմամբ քրեական հետապնդումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter