HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Փախստական ընտանիքի համար «պատժամիջոց» է ընտրվել էլեկտրական լույսի անջատումը

light_14.11.09Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցի 42/21 բնակարանում ապրող ընտանիքն արդեն 4-րդ օրն է` զրկված է էլեկտրական հոսանքից: Եւ պատճառը ոչ թե օգտագործված հոսանքի դիմաց գումարի չվճարումն է (ինչի պատճառով սովորաբար անջատում են հոսանքը ցանկացած բնակարանում), այլ պարզապես քաղաքապետարանի հանձնարարությունն է այդպիսին:

Վերոնշյալ հասցեում բնակվում է Բաքվից բռնագաղթած Ռիտա Գալայանի ընտանիքը: 51-ամյա Ռիտայի հետ միասին ապրում է նաեւ 80-ամյա հայրը, ում առողջական վիճակն այնքան էլ լավ չէ: Բնակարանում գրանցված է նաեւ Ռիտայի աղջիկը, ով ունի երկու փոքրիկ երեխա: Ինչպես պատմում է տիկին Ռիտան, այդ բնակարանում ապրում են այն ժամանակվանից, երբ նա սկսել է աշխատել Ստեփանակերտի Ղարմետքասկոմինատում: Շենքը կոմբինատի հանրակացարանն էր, որտեղ էլ նրանց սենյակ են տրամադրել: Մոտ մեկուկես տարի առաջ, ինչպես պատմում է նա, նախագահ Բակո Սահակյանի հետ իրենց թաղամասում կայացած հանդիպման ժամանակ նրանց ասել են, որ իրենց բնակարան կտրամադրեն, քանի որ շենքը վթարային վիճակում է: Այդ ժամանակ դեռ Ստեփանակերտի Աջափնյակ թաղամասում նրանց առանձնատների տրամադրման մասին խոսք չէր գնում, սակայն մի որոշ ժամանակ անց արդեն սկսել են այդ թաղամասում տներ հատկացնելու գործընթացը: Երկու շաբաթ առաջ Ռիտային կանչել են քաղաքապետարանի բնակշահագործման բաժին եւ տեղեկացրել, որ իրենց տուն են տրամադրել Աջափնյակ թաղամասում, եւ նրան առաջարկել են տան բանալիները, սակայն Ռիտան հրաժարվել է, քանի որ, ըստ նրա, այնտեղ տեղափոխվելուց հրաժարվելու լուրջ պատճառներ ունի: Ռիտան ընտանիքի միակ աշխատողն է. հավաքարար է աշխատում եւ աշխատանքի վայրում պետք է լինի առավոտյան ժամը 6-ին, ինչը հնարավոր չէ Աջափնյակում բնակվելու դեպքում, քանի որ նորակառույց թաղամասը գտնվում է Ստեփանակերտից 3-4 կմ հեռավորության վրա, եւ այնտեղ երթուղային տաքսիներ չեն գործում: «Առավոտյան այդ ժամին ոչ էլ քաղաքի կենտրոնական փողոցներում է լինում երթուղային: Ամեն օր ոտքով եմ գնում գործի: Հրաժարվում եմ նրա համար, որ չեմ կարող ամեն օր առավոտ շուտ այդ մթին ոտքով անցնել այդքան տարածություն ու վերադառնալ, հատկապես, որ առողջության հետ խնդիրներ ունեմ, եւ այդքան երկար քայլել չեմ կարող: Լավագույն դեպքում պետք է տաքսի կանչեմ, իսկ դրա հնարավորությունը չունեմ, քանի որ ամսական ստանում եմ ընդամենը 30 հազար դրամ: Եթե տեղափոխվեմ, ապա աշխատանքից էլ պետք է դուրս գամ, այդ դեպքում ինչպե՞ս ենք ապրելու, ո՞վ է մեզ օրվա հացի փող տալու, ինչո՞ւ դա հաշվի չեն առնում»,- ասում է տիկին Ռիտան: Հոսանքի անջատման պատճառների մասին փորձեցինք տեղեկություններ իմանալ սկզբից «Արցախէներգո» ընկերությունից, որտեղ մեզ տնօրենը տեղեկացրեց, որ բնակչի լույսն անջատել են քաղաքապետարանի բանավոր հանձնարարությամբ, իսկ կոնկրետ անուններ նա չտվեց: Պարզաբանում ստացանք նաեւ քաղաքապետարանի բնակշահագործման բաժնի պետ Դավիթ Ծատուրյանից, ով հաստատեց, որ հոսանքն անջատել են իր հանձնարարությամբ, քանի որ նշված ընտանիքը հրաժարվում է տեղափոխվել պետական ծրագրի շրջանակներում իրենց հատկացված Աջափնյակ թաղամասի երկու սենյականոց տունը: «Իսկ այդ շենքում մենք չենք կարողանում ապահովել իրենց համար մինիմալ պայմաններ»,- ավելացրեց նա: Մեր այն հարցին, թե դա որեւէ հիմք տալի՞ս է նրանց` անջատել բնակչի էլեկտական հոսանքն այն դեպքում, երբ քաղաքացին որեւէ պարտք չունի մատուցվող էլեկտարականության դիմաց, Դավիթ Ծատուրյանը հրաժարվեց պատասխանել: Նա անջատումը պատճառաբանեց նրանով, որ հանրակացարանի շենքը վարձակալական հիմունքներով տրամադրվել է ֆիզիկական անձի եւ քանի որ այդ ընտանիքն այժմ էլ այնտեղ է ապրում, վարձակալից չեն կարողանում ստանալ համապատասխան գումարները: Համարյա նույն կերպ հարցը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ մեկնաբանեց Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Այն հարցին, թե ինչո՞ւ են անջատել այդ շենքում բնակվող երկու ընտանիքներից հենց մեկի` Ռիտայի տան հոսանքը, Արմեն Հակոբյանը բացատրեց, որ մյուս փախստական ընտանիքի հարցերը դեռ չեն լուծել, եւ նրանց պետք է բնակարան տրամադրեն Շուշիում, ուստի նրանց էլեկտարական հոսանքը չեն անջատել, իսկ Ռիտային տուն է տրամադրվել, և նա չի ուզում գնալ այնտեղ: «Իսկ ո՞վ է տալու նրանց օգտագործած լույսի փողը, եթե նրանք այլեւս չպիտի ապրեն այնտեղ»,- հարցին հարցով պատասխանեց փոխքաղաքապետը: Երբ հիշեցրեցինք, որ ընտանիքի անդամները գրանցված են այդ հասցեում եւ մինչ օրս ապրում են այդտեղ, ուստի էլեկտարական հոսանք ապահովող կազմակերպության հետ կնքված պայմանագրի համաձայն (որը, ի դեպ, տվյալ դեպքում խախտվել է)` պետք է հենց նրանք վճարեն այդ ծառայության դիմաց, զրուցակիցս նշեց, որ դա ոչ մի նշանակություն չունի: Հրաժարվելով հեռանալ բնակարանից, ըստ նրա, հիմք է տալիս նման կերպ վարվել բնակչի հետ: Ռիտայի ընտանիքն այժմ էլ ապրում է առանց լույսի, տանը չկա նաեւ բնական գազ, իսկ հիվանդ հորը, ինչպես ինքն է ասում, պետք է կերակրել երկու ժամը մեկ: Այժմ դեռ պարզ չէ, թե հաջորդ քայլը որն է լինելու, եւ ինչպես է հարցը լուծվելու: Դեպքերի զարգացմանը կանդրադառնանք առաջիկայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter