HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արման Ղարիբյան

«Պետական մարմինների աջակցությամբ` ԱՄՆ քաղաքացին մեզ զրկում է տնից»

16_11-a_pambukhchyanԱննա Փամբուխչյանը 3 բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան` 3-ն էլ Նոր-Արեշ 46 փողոց 37 հասցեում գտնվող տան վերաբերյալ: Աննան եւ նրա որդիներն այդ տան ներկայիս փաստացի տիրապետողներն են, սակայն դատարանի վճռով` նրանք պետք է ազատեն տունը: Դատարանը որոշել է, որ տունը պատկանում է Աննայի մահացած ամուսնու քրոջը` ԱՄՆ քաղաքացի Սոնյա Թովմասյանին:

Աննա Փամբուխչյանն ու նրա որդիները դիմել էին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան` իրենց ժառանգության զ մասը ճանաչելու խնդրանքով եւ մերժվել: Դատարանը վճռել է, որ հայցվորները թեեւ հանդիսանում են ժառանգներ, բայց գույքի փաստացի տիրապետման ապացուցներ չեն ներկայացրել: Սակայն մեկ այլ հայցադիմումով դատարանը վճռել է, որ Աննա Փամբուխչյանը եւ նրա որդիները տարիներ շարունակ ապօրինի տիրապետում են Սոնյա Թովմասյանին պատկանող տունը: «Բողոքի հիմքում դրել ենք դատարանի վճիռը, եթե իրենք գտնում են, որ ես ժառանգ եմ, բայց գույքի տնօրինման ապացույցներ չեմ ներկայացրել, ապա մյուս դատական վճռով հենց իրենք են գրել, որ մենք տիրապետում ենք գույքը` թեկուզ եւ ապօրինի: Այսինքն` մենք եւ ժառանգ ենք եւ տիրապետող, ուրեմն պետք է մեր ժառանգական իրավունքով զ մասը հատուցեն»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Աննա Փամբուխչյանը: Մեկ այլ բողոքով Աննա Փամբուխչյանը եւ նրա որդիները ցանկանում են ճանաչվել որպես Նոր-Արեշ 46 փողոց 37 հասցեում գտնվող տան օրինական տնօրինող: Ընտանիքը դատարանին են ներկայացրել 1998 թվականին Էրեբունու տարածքի ժողդատարանի կայացրած վճիռը, որով ճանաչվել է վիճելի տան նկատմամբ Աննա Փամբուխչյանի եւ նրա որդիների բնակտարածության օգտագործման իրավունքը: Իսկ Վճռաբեկ դատարան ներկայացրած 3-րդ բողոքը վերաբերում է հարուցված քրեական գործի կարճմանը: Աննա Փամբուխչյանը Էրեբունու քննչական բաժնում հաղորդում էր տվել, որով հայտնել էր, որ իր ամուսնու քույրը` Սոնյա Թովմասյանը, կեղծ փաստաթղթերով է կազմել իր ժառանգական գործը, եւ նրան օժանդակել են Կենտրոն տարածքի նոտար Էմմա Շաբոյանը եւ թաղային լիազոր Հասմիկ Աբրահամյանը: Այդ ժառանգական գործի շնորհիվ ԱՄՆ քաղաքացի Սոնյա Թովմասյանը ճանաչվել է իր հայրական տան միակ ժառանգորդը: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որը 7 ամիս անց կարճվել էր` հանցակազմի բացակայության պատճառով: Աննան բողոքարկել է այդ վճիռը Ընդհանուր իրավասության եւ Վերաքննիչ դատարաններում եւ մերժվել: Այս գործի վերաբերյալ եւս քաղաքացին բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան եւ այժմ սպասում է, թե դատարանը 3 բողոքներից որը կընդունի եւ ինչ կորոշի: Նշենք, որ այս տան նկատմամբ իրենց ժառանգական իրավունքը ճանաչելու համար Աննա Փամբուչյանն ու նրա որդիները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որը հավանաբար որոշում կկայացնի 2010 թվականի օգոստոսին:

Կադաստրի պատասխանը հակասում է փաստաթղթին

Աննա Փամբուխչյանի փաստաբանը վերջերս գրավով հարցումով դիմել է Էրեբունու տարածքի անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` խնդրելով հայտնել, թե որ թվականին է Աննա Փամբուխչյանի եւ նրա որդիների համատեղ բնակության իրավունքը գրանցվել Սոնյա Թովմասյանի` անշարժ գույքի վկայականում. «Կադաստրից պատասխանել են, թե նման բան չկա գրանցված սեփականության իրավունքում, բայց փաստաթղթի պատճենն ինձ մոտ է եւ այնտեղ հստակ գրված է այդ մասին»,- «Հետքին» հայտնեց Աննա Փամբուխչյանը: Մեր խմբագրությունում եւս կա Սոնյա Թովմասյանի` սեփականության իրավունքի վկայականը, որտեղ գրված է. «Համաձայն Երեւան քաղաքի Էրեբունու տարածքի ժողդատարանի վճռի Աննա Վարդանի Փամբուխչյանին եւ իր երկու որիդներին տրվել է համատեղ բնակության իրավունք»: «Այս ամենից կարելի է ենթադրել, որ պետական բոլոր օղակները իմ եւ որդիներիս դեմ են աշխատում, նրանք պաշտպանում են Սոնյա Թովմասյանի շահը, որը ԱՄՆ քաղաքացի լինելով` մեզ զրկում է տնից»,-ասում է Աննան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter