Սոցիալական աջակցության ոլորտը 2 տիրոջ է «ծառայում»
«Հետքի» հարցերին պատասխանում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը
-Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Գեւորգ Պետրոսյանը հայտարարեց, թե ստուգումների արդյունքում բացահայտվել են ցուցակներում հայտնված շուրջ 16.000 կեղծ նպաստառու քաղաքացիներ: Անժխտելի է, որ կեղծ նպաստառուները ցուցակում հայտնվել են սոցիալական աջակցության տեսուչների օգնությամբ: Քանի՞ նման տեսուչ է պատժվել, եւ ի՞նչ աշխատանքներ են կատարվում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:
-Համաշխարհային փորձն ասում է, որ ճգնաժամային պայմաններում հասցեական ծրագրերում հասցեականության անկում է լինում: Հայաստանում հասցեական ծրագիրը ընտանեկան նպաստն է: Այն պետք է ուղղվի աղքատ ընտանիքին: Աղքատությունը որոշելու համար պետք է ունենանք եկամուտ: Ստվերային տնտեսության պայմաններում, դուք էլ լավ գիտեք, թե ինչքան դժվար է եկամուտ ասվածը ճշգրիտ ունենալ: Հետեւաբար, ոչ հասցեական նշանակումներ, անշուշտ, կան: Միանգամից ասեմ, որ 100 տոկոսանոց հասցեականություն ամբողջ ախարհում չկա: Անընդհատ ինչ-որ մի բան գտնելու, ուղղելու աշխատանք կա: Մեր նման երկրներում, որտեղ աղքատությունը բարձր մակարդակի է, եւ առավել եւս կա ճգնաժամ, պետք է այն գլխից իմանանք, որ մենք հասցեականության մեծ կորուստներ ունենք: Այդ իսկ պատճառով, 2008-ից սկսած, երբ խոսում էին ճգնաժամի մասին, մեր մոտ մտավախություն կար եւ հասցեականության միջոցառումներն էլ ավելի ակտիվացրինք: Կա հասցեականության 2 հանրահայտ սխալ: Մի դեպքում քաղաքացին աղքատ չէ, բայց ներառված է ցուցակում եւ ստանում է աղքատության նապաստ, մյուս դեպքում` ցուցակում աղքատ ընտանիքին չընդգրկելու սխալն է: Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ձեր ասած 16000 ընտանիքները կամ աշխատավարձի չափն են քիչ ներկայացրել կամ աշխատելու վերաբերյալ որեւէ տեղեկություն չեն ներկայացրել: Այսինքն` աշխատավարձը թաքցնելու գործընթացում այդքան մարդ հայտնվել է ցուցակում: Քանի որ ոչ հավաստի տեղեկություն ներկայացնում է քաղաքացին, այդ դեպքում առաջին պատժամիջոցը կիրառվում է տվյալ քաղաքացու նկատմամբ, որովհետեւ ինքն ազնիվ չի եղել պետության հետ: Դիմում-հայտարարագրում հատուկ կետ կա, որ ընտանիքի չափահաս քաղաքացիները դեմ չեն, որ իրենց աշխատանքի վարձատրության միջոցները ստուգվեն: Ցավոք, պետք է ասեմ, որ մեր քաղաքացիները ուշադիր չեն, թե ինչի տակ են ստորագրում: Քանի որ պետության նկատմամբ ցանկացած դեպքում վստահությունն ընկած է, քաղաքացիները մտածում են, թե` ո՞վ պիտի ստուգի կամ ի՞նչ պիտի իմանան: Այստեղ մեղավորները շատ են: Ինչ վերաբերում է տեսուչներին, ասեմ, որ նրանք գտնվում են պատկան մարմինների ուշադրության կենտրոնում: Կճշտվի, թե ով է մեղավոր եւ ինչ սանկցիա է կիրառվելու նրանց նկատմամբ: Բարեբախտաբար, թե դժբախտաբար այդ աշխատողները մերը չեն, սակայն համակարգինն են: Նրանց մի մասը ՏԻՄ-երի աշխատողներն են, մնացածը` մարզպետարաններինը: Ցուցակները ներկայացրել ենք ՏԻՄ ղեկավարներին ու մարզպետներին, նրանք պետք է ճշտեն, պարզեն: Մենք ոչ կարող ենք պատժել, ոչ էլ խրախուսել:
-Փաստորեն, պետությանը հասցվել է խոշոր չափի վնաս, դուք շահագրգռվա՞ծ չեք պարզելու, թե կեղծիքներ թույլ տված տեսուչները շարունակու՞մ են համակարգում աշխատել, թե՞ ոչ:
-Մենք շահագրգռված ենք: 16000 մարդ ստորագրել է, որ ինքը չի աշխատում, բայց իրականում աշխատել է, մենք պետք է սկսենք դրանից: Ես չեմ կարող ասել, որ 16000 դեպքից տեսուչները ոչ մեկից տեղյակ չէին, բայց դա այն չի, որ ուղղակիորեն նրանց վրա է գալիս ամբողջ մեղքը: Ընտանիքի կազմի, հողի չափի, անասնագլխաքանակի, աշխատավարձի եւ այլ տեղեկանքները կեղծում են, նույնիսկ մահվան վկայական են կեղծում քաղաքացիները: Այնքան մարմինների հետ ենք առնչվում, որ այս պարագայում խախտումները միայն սոցիալական աշխատողի վրա գցելը բացարձակապես իրականությանը չի համապատասխանում: Քաղաքացու համար ավելի հարմար է լինել ազնիվ: Եթե քաղաքացին գիտի, որ այսուհետ իր աշխատել-չաշխատելու հանգամանքը պիտի պարզվի, ուրեմն պիտի լինի ազնիվ, քանի որ ավել ստացած գումարները պիտի ետ վերադարձնի եւ 6 ամիս զրկվի նպաստից: Որպես առաջին դեպք եւ հաշվի առնելով ճգնաժամային ծանր պայմանները` 16000 քաղաքացիների նկատմամբ կառավարության որոշմամբ ներում կիրառվեց, եւ նրանցից հետգանձում չարվեց: Գլխավոր դատախազությունը ամբողջ 2008-ին ստուգումներ է իրականացրել սոցիալական ծառայություններում, եւ քրեական գործեր են հարուցվել:
-Տիկին Մինասյան, դուք միշտ շեշտում եք անազնիվ քաղաքացիներին, սակայն քիչ չեն նաեւ անազնիվ տեսուչները, որոնք նպաստի փաստաթղթերն ընդունելիս քաղաքացու հետ համաձայնության են գալիս, որ պետք է իրենց վերցնեն առաջին 2 ամիսների նպաստի գումարը` որպես «մաղարիչ», եւ դա բացահայտ բնույթ է կրում: Այդ մասին ո՞վ պետք է մտածի:
-Ձեզ հետ համաձայն եմ: Բացահայտ բնույթ է կրում այնքանով, որ դրա մասին շատ է խոսվում: Մենք էլ ենք դիմումներ ստանում, եւ նմանատիպ բոլոր դիմումները վերահսկողության եւ մոնիտորինգի վարչության կողմից մանրամասն ուսումնասիրվում եւ ստուգվում են: Շատ հաճախ են լինում դեպքեր, երբ քաղաքացին հետո ասում է, թե բարկացած է եղել ու դրա ազդեցության տակ է գրել եւ հրաժարվում է իր դիմումից: Այստեղ ցանկացած բան կարող ենք ենթադրել: Կոռուպցիան երկկողմանի երեւույթ է: Ես չեմ ուզում մեր ժողովրդին որեւէ բան ասել, բոլոր դեպքերում, ես կարծում եմ, որ մեր ժողովուրդը շատ ավելի լավն է, քան մենք կարծում ենք: Բայց եթե քաղաքացին նպաստի կարիք չունի, չպիտի գնա ու դիմի այդ հարցով: Ով դրա կարիքն ունի, իրականում եւ իրավունքի տեսանկյունից է թույլ, եւ ֆինանսապես, եւ տպավորությունների ու տրամադրությունների տակ ընկնելու առումով է թույլ: Նման դեպքերում մտածում է, որ դիմացինը ուժ ուներ` գնաց ստացավ, իսկ ինքը թույլ է, դրա պատճառով չի ստանում: Ես ամեն անգամ ասում եմ` եթե դրա կարիքն ունեք, դիմեք, ու եթե ձեզանից փող կուզեն` մի տվեք: Դիմելուց հաստատ վնաս չկա, առանց այն էլ չեն ստանում: Դիմեք, թող չնշանակեն: Դրանից հետո մենք կկարողանանք ինչ-որ բան ձեռնարկել, եթե, իրոք, նպաստ հասնում է, բայց չեն տալիս:
-Խոսեցիք ձեռնարկած միջոցառումների մասին, որոնք պետք է բարձրացնեն սոցիալական աջակցությունների հասցեականությունը: Ինչպե՞ս եք իրականացնելու ձեր միջոցառումները, երբ ոլորտը նախարարությանն է, իսկ աշխատողները` ոչ: Այստեղ նույնիսկ շահերի բախում չկա, եւ տուժում է սոցիալապես անապահով քաղաքացին:
-Հետաքրքիր բան եք ասում: Շահերի բախումն այն է, որ ծրագրի համար պատասխանատուն մենք ենք, իսկ աշխատողի որակի համար պատասխանատուն մարզպետն է: Այստեղ մեր շահերը բախվում են: Քաղաքացին կարող է եւ շահել եւ տուժվել: Բոլոր դեպքերում, տեղերում աշխատել եւ չունենալ աջակցություն տեղական ինքնակառավարման մարմիններից` անհնար կլինի: Հարց է նաեւ, թե ինչ արդյունավետություն կունենա, եթե համակարգն ամբողջությամբ մերը լինի կամ լինի մարզպետարանինը: Ցանկացած համայնքապետի երբ հարցնում ես, ասում է` ինձնից լավ ոչ ոք չգիտի: Ես լրիվ համաձայն եմ այդ հայտարարության հետ, բայց հարցն այն է, թե ինչպես է համայնքապետն օգտագործում իր իմացածը: Ցավոք, բացի թաղման ժամանակ դրամական օգնությունների տրամադրումից` ՏԻՄ-երը այլ բան չեն հասկանում ոլորտից: Վերապատրաստումների միջոցով փորձում ենք նրանց գոնե տարրական բաներ սովորեցնել:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել