HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ-թուրքական սահմանի բացումը կազդի վրացական տնտեսության վրա

Հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ու հատկապես սահմանի հնարավոր բացումը չի կարող չանդրադառնալ նաեւ հարեւան Վրաստանի վրա: Բացի այն, որ Վրաստանի համար տարածաշրջանի զարգացումները կարեւոր են, հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումը Վրաստանի վրա կարող է անդրադառնալ նաեւ տնտեսական առումով, քանի որ առայժմ դեպի Հայաստան բեռների փոխադրումն իրականացվում է հիմնականում Վրաստանի սահմանով:

«Հետքի» թղթակից Նատաշա Հարությունյանը Թբիլիսիում զրուցեց «Խաղաղության, ժողովրդավարության եւ զարգացման» Կովկասյան ինստիտուտի (Թբիլիսի) տնօրեն Գիա Նոդիայի հետ:

-Հայ-թուրքական սահմանի հնարավոր բացումն ինչպե՞ս կանդրադառնա Վրաստանի վրա:

-Հայ-թուրքական արձանագրությունները ես, ընդհանուր առմամբ, դրական եմ համարում թե' Հայաստանի, թե' Թուրքիայի եւ թե' ամբողջ տարածաշրջանի համար: Իհարկե, Վրաստանի համար կարող են ունենալ որոշ բացասական հետեւանքներ, քանի որ Վրաստանը տրանզիտային նախագծերում կարող է կորցնել իր բացառիկ դերը, ու այս կապակցությամբ արտահայտվում են տարբեր տագնապներ: Բայց ես կարծում եմ, որ ընդհանուր առմամբ` մեզ համար էլ լավ կլինի, եթե տարածաշրջանում նվազի լարվածությունը` Հայաստանի ու Թուրքիայի միջեւ լարվածություն չլինի: Հայ-թուրքական սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա դրական կերպով կանդրադառնա, հետեւաբար Հայաստանի համար ձեռնտու է անմիջական հարեւանի հետ սահմանի բացումը: Ու թեեւ տնտեսական առումով Վրաստանի համար կարող են բացասական հետեւանքներ ունենալ, սակայն, ընդհանուր առմամբ, սահմանի բացումը տարածաշրջանին կարող է նոր դինամիկա տալ` տնտեսությունը զարգացնելու, եւ դա Վրաստանի համար էլ ինչ-որ կերպ դրական կլինի:

-Հայաստանում շատ քաղաքական ուժեր գտնում են, որ հայ-թուրքական արձանագրություններում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցն իբրեւ նախապայման է դիտվում Թուրքիայի կողմից: Դուք նման բան տեսնու՞մ եք:

-Հայ-թուրքական արձանագրությունները թեեւ ուղիղ կերպով կապված չեն Ղարաբաղյան հարցի կարգավորման հետ, սակայն ամեն դեպքում կապ կա. թուրքական կողմը պնդում է, որպեսզի լինի այդ կապը: Դրա համար էլ արձանագրությունների ստորագրումը քիչ էր մնում չկայանար: Այնպես որ, դա բարդ պրոցես է, թե ինչպես կանդրադառնա այս հարցը ԼՂ հիմնախնդրի վրա, կամ թե ինչպես կընթանա պրոցեսն ընդհանրապես: Ու այս առումով կատեգորիկ գնահատականներ տալը դժվար է, սակայն, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավումն ավելի շուտ կարող է նպաստել նրան, որ այս հարցը «մեռած կետից» շարժվի, որտեղ գտնվում է վերջին 20 տարիներին: Ադրբեջանը կարող է տեսնել, որ իրավիճակը փոխվել է, եւ նույնպես ինչ-որ կերպ կարող է իր վերաբերմունքը փոխել:

-Հայ-թուրքական հարաբերությունների զարգացման ֆոնի վրա ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի դիրքորոշումը:

-Հասկանալի է, որ Ադրբեջանը հույս ուներ անվերապահ աջակցության Թուրքիայի կողմից, եւ այդ պատճառով Ադրբեջանը մտահոգված է: Սակայն, մյուս կողմից` Թուրքիան նույնպես հավաստիացնում է Ադրբեջանին, որ արձանագրությունների ստորագրմամբ Ղարաբաղի հարցում դրական տեղաշարժ կլինի: Թուրքիան ջանում է, որ Ադրբեջանի մտահոգությունն ինչ-որ կերպ բավարարի:

-Ինչպե՞ս են լուսաբանում հայ-թուրքական հարաբերությունները վրացական ԶԼՄ-ները:

-Ակտիվ կերպով լուսաբանում են: Վրացական ԶԼՄ-ներում գնահատականները տարբեր են` մեկը գնահատում է դրական, մյուսը` բացասական, միասնական կարծիք այս թեմայով չկա: Բայց բոլորն էլ համաձայնվում են, որ սա շատ կարեւոր իրադարձություն է եւ շատ բան կարող է փոխել: Խնդիրն այն է, թե ինչպես կփոխվի` դեպի լա՞վը, թե՞ դեպի վատը: Սակայն, բոլորը համաձայնվում են, որ մեր երկրի տնտեսության վրա դա վատ կանդրադառնա: Բայց մյուս առումներով սահմանի բացումը Հայաստանին կդարձնի պակաս կախված Ռուսաստանից, ավելի ուղղված դեպի Եվրոպա, եւ դա դրական կերպով է ընդունվում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter