HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ինչու՞ Պետեկամուտների կոմիտեն հրաժարվեց հարցազրույցից

16_11-imgԿառավարության 2008 թ. սեպտեմբերի 4-ի N1065-Ն որոշմամբ հաստատվել է «Պաշտոնատար անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող` հրապարակման ենթակա տվյալները զանգվածային լրատվության միջոցներին տրամադրելու» կարգը: Նշենք, որ Կառավարությունը նոր որոշմամբ ուժը կորցրած ճանաչեց 2002 թ.-ի ապրիլի 1-ի`

«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց` օրենքով սահմանված փոխկապակցված անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքների ձեւերը եւ դրանց կարգը հաստատելու մասին» N304 որոշումը: Նոր որոշման համաձայն` այս տարվա հունվարի 1-ից այլեւս ԶԼՄ-ներին չեն տրամադրվում պաշտոնյային փոխկապակցված անձի, ասենք` ամուսնու կամ տիկնոջ հայտարարագրերից տեղեկանքներ: Չեն հայտնվում նաեւ տարվա ընթացքում ձեռք բերված շենք-շինությունների, հողամասերի չափերը: Բացի դա, նախկինում ամեն անգամ հայտարարագրից տրամադրում էին պաշտոնյայի ունեցվածքի մասին տեղեկություններ: Սակայն, այժմ տրամադրվում են միայն դրամական եկամուտներն ու տարվա ընթացքում ձեռք բերված կամ օտարված շարժական եւ անշարժ գույքի մասին տեղեկություն: Քանի որ որոշման փոփոխության նախաձեռնողը Կառավարությունն է, դիմեցինք վարչապետի օգնական Արամ Անանյանին, ով նաեւ լրատվության հարցերով է զբաղվում: Պարոն Անանյանը խնդրեց հարցազրույցի թեման ուղարկել էլեկտրոնային փոստով: Դրանից հետո պատասխանեց, թե մեր հարցերին կպատասխանի Պետեկամուտների կոմիտեն: Սակայն, ՊԵԿ-ի լրատվական բաժինը, հարցազրույց կազմակերպելու փոխարեն, մի քանի տողով գրավոր պատասխանեց Արամ Անանյանին ուղարկված հարցազրույցի թեմային: Քանի որ մեր հարցերը միայն թեման նշելով չէին սահմանափակվում, ՊԵԿ ուղարկեցինք լրացուցիչ հարցեր, որի շուրջ էլ, ըստ լրատվական ծառայության, պետք է հարցազրույց տար ՊԵԿ պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը: Երկու շաբաթ տեւած թղթաբանությունից հետո լրատվական ծառայությունը, հարցազրույցի կազմակերպելու փոխարեն, կրկին ուղարկեց գրավոր պատասխան: Ներկայացնում ենք մեր նախնական հարցերը, որը ՊԵԿ-ն ընդունել էր վերջնական եւ նրանց պատասխանն ամբողջությամբ:

Արդյո՞ք ժողովրդավարական երկրին հարիր է հասարակությունից եւ լրատվամիջոցներից թաքցնել պաշտոնյայի ունեցվածքը, քանի որ, ըստ հայտարարագրի նոր ձեւի, տեղեկանքում նշվում է միայն տարվա ընթացքում ձեռք բերված գույքի եւ գործարքների մասին:

Ի տարբերություն «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի, որի նպատակը Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի եւ եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուպցիայի եւ չարաշահումների դեմ պայքարի գործուն մեխանիզմների ստեղծումն էր, ինչպես նաեւ հայտարարագիր ներկայացնողների գույքի եւ եկամուտների առաջացման նկատմամբ հասարակության վստահության ապահովումն էր, «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքը (այսուհետ` օրենք), բացի վերը նշված նպատակից, հետապնդում է նաեւ ֆիսկալ` հարկման նպատակ: Օրենքի համաձայն` հայտարարագիր են ներկայացնում ոչ միայն պաշտոնատար անձինք, այլ նաեւ որոշակի խումբ ֆիզիկական անձինք, այդ թվում` «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն եկամտահարկի մասին հաշվարկ ներկայացնողները: Հաշվի առնելով, որ ավելանում է հայտարարագիր ներկայացնողների խումբը` ի թիվս ֆիզիկական անձանց, հայտարարագիրը ծառայելու է նաեւ հարկման նպատակով, իսկ հարկման համար անհրաժեշտ է ունենալ տվյալներ ոչ թե գույքի առկայության, այլ գույքի հետ կապված գործարքների վերաբերյալ: Օրենքով սահմանվել է հայտարարագրել տարվա ընթացքում ձեռքբերված կամ օտարված գույքը:

Ո՞րն էր օրենքի եւ կառավարության որոշման փոփոխության պատճառը:

Ըստ էության, օրենքի փոփոխություն տեղի չի ունեցել, այլ ընդունվել է նոր օրենք, որն ինչպես արդեն վերը նշվեց, ընդգրկելով հայտարարատուների նոր խումբ` հետապնդում է նաեւ հարկման նպատակ: ՀՀ կառավարության որոշման փոփոխություն նույնպես տեղի չի ունեցել: Նոր օրենքի պահանջների համապատասխան ընդունվել է ՀՀ կառավարության 04.09.2008թ. N 1065-Ն որոշումը, որով սահմանվել է, որ հրատարակվեն ոչ թե պաշտոնատար անձին պատկանող գույքը, այլ ձեռքբերված կամ օտարված գույքը:

Ի՞նչ պատժամիջոց է սահմանված գույքի եւ եկամուտների հայտարարագիր չներկայացրած պաշտոնատար անձի համար, եւ կա՞ պաշտոնյա, որի նկատմամբ կիրառվել է նման պատժամիջոց:

Հայտարարագիրը հարկային մարմին սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է վարչական պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.17 հոդվածի համաձայն: Այն է` հայտարարագիրը հարկային մարմիններ սահմանված ժամկետում չներկայացնելն առաջացնում է նախազգուշացում: Նախազգուշացումից հետո` 30 օրվա ընթացքում, հայտարարագիրը չներկայացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով, իսկ քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց համար` երկուհարյուրապատիկի չափով: Մինչեւ սույն թվականի հոկտեմբերի 1-ը 2008 թվականի հայտարարագիրը չներկայացնելու համար պատասխանատվության են ենթարկվել 216 հայտարարատուներ:

Ինչքանո՞վ է հավաստի պաշտոնյայի ներկայացրած հայտարարագիրը, եւ արդյո՞ք ստուգվում է դրա հավաստիությունը, ո՞վ է ստուգում:

Օրենքի պահանջների կատարման նկատմամբ հuկողությունն իրականացնում է հարկային մարմինը` հսկողության վերաբերյալ օրենք ընդունելու դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter