Կեղծ եւ ապօրինի ձեռնարկատիրություն՝ նաեւ հանգուցյալի մասնակցությամբ
Հայաստանում 2009 թ. հունվար-սեպտեմբերին կտրուկ աճել է ապօրինի ձեռնարկատիրության դեպքերը եւ կազմել 55 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 33-ի դիմաց։ Ոստիկանության տվյալներով, կեղծ ձեռնարկատիրության դեպքերը, հակառակը, նվազել են կիսով չափ եւ կազմել 9՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 18-ի դիմաց։
Գործերից մեկով այս երկու հանցակազմերը համատեղվել են, սակայն միայն դա չէ հետաքրքրականը այս գործում, այլ նաեւ այն, որ գործով բոլոր 7 «դերակատարները» պետական կառույցների աշխատակիցներ են։ Մեղադրյալների ցանկը տպավորիչ է՝ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության օպերլիազոր, «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի տնօրեն, գլխավոր հաշվապահ ու գանձապահ, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի Սեւանի մասնաճյուղի կառավարիչ, գլխավոր հաշվապահ եւ գանձապահ, Առողջապահության նախարարության ենթակայության տակ գտնվող «Դատաբժշկական Գիտա-գործնական Կենտրոն»-ի Գեղարքունիքի մարզի բաժանմունքի դատաբժշկական փորձագետ: Այս գործով երկու անձանց ինքնությունը պարզված չէ, նրանց մասով գործի վարույթն անջատվել է եւ քննվում է առանձին։ Պետեկամուտների արդեն նախկին օպերլիազոր Հովիկ Հովհաննիսյանի ջանքերով հանգուցյալ աները «հարություն է առել»: Կեղծվել է նրա մահվան փաստը, հանգուցյալի անունից մեղադրյալը գումարներ է ստացել կեղծ եւ ապօրինի ձեռնարկատիրություն իրականացնելու համար։ Այս գործը քննվել է Հատուկ քննչական ծառայությունում եւ արդեն գտնվում է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Գառնիկ Սարգսյանի եւ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի միջեւ 2006 թ. հուլիսի 4-ին կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա Գ. Սարգսյանի անունից «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ին 2006 թ. հուլիսից մինչեւ 2008 թ. օգոստոսը մատակարարվել են 272.754.400 դրամի տարբեր տեսակի ապրանքներ, որոնց դիմաց Գ. Սարգսյանին «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի կողմից կատարվել են վճարումներ: Այն կատարվել է ինչպես փոխանցումով՝ «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի Սեւանի մասնաճյուղում բացված վերջինիս հաշվին, այնպես էլ կանխիկ՝ ընկերության դրամարկղից։ Հովիկ Հովհաննիսյանի աները՝ 1926 թ. ծնված Գառնիկ Սարգսյանը, դեռեւս 2007 թ. սեպտեմբերի 7-ին մահացել է, սակայն նրա անունից շարունակվել է «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ին ապրանքների մատակարարումը։ 2006 թ. հուլիսից վերը նշված գործարքները Գ. Սարգսյանի հետ իրականացրել են Արամ եւ Վահան անուններով անձինք, նրանց ինքնությունը նախաքննությամբ դեռեւս պարզված չէ: Այս անձինք Գառնիկ Սարգսյանի հետ վերջինիս անունից ապրանքներ են մատակարարել «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ին։ Անհատ ձեռնարկատիրոջ եւ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի միջեւ կնքված առուվաճառքի պայմանագրի հիման վրա Գ. Սարգսյանը մինչեւ 2007 թ. սեպտեմբերի 7-ը մատակարարել է 158.402.500 դրամի ապրանքներ, սակայն կատարած գործունեության վերաբերյալ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ չի ներկայացրել եւ խուսափել է հարկերը վճարելուց։ Գ. Սարգսյանի մահվանից՝ 2007 թ. սեպտեմբերից հետո, Հովիկ Հովհաննիսյանը Արամ եւ Վահան անուններով անձանց եւ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանի հետ համաձայնության գալով` շարունակել են ապրանքներ մատակարարել «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ին: Հովիկ Հովհաննիսյանը Գառնիկ Սարգսյանի մահվանից հետո նրա անունից կազմել եւ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ին է տրամադրել 113.332.900 դրամի ապրանքներ մատակարարելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր: Գ. Սարգսյանի անունից լրացված, կնքված ու ստորագրված հաշիվ-ապրանքագրերը առանց ապրանքների մատակարարման տրամադրել են «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ին։ «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանը եւ գլխավոր հաշվապահ Ասյա Նադարյանը, իմանալով Գառնիկ Սարգսյանի մահվան մասին, վերջինիս մահվանից հետո՝ 2007 թ. սեպտեմբերի 7-ից մինչեւ 2008 թ. հուլիսը, ընկերության գանձապահ Հայկուհի Հակոբյանին կարգադրել են Գառնիկ Սարգսյանի անունով կազմված կեղծ մուտքի անդորրագրերի հիման վրա կանխիկ գումարները դրամարկղից պարբերաբար վճարել Արամ անունով անձնավորությանը։ Տարօրինակ մի հանգամանք կա այս գործում. նախաքննական մարմինը չի կարողանում բացահայտել երկու անձանց` Վահան եւ Արամ անուններով: Մարդիկ, որոնք տարիներ շարունակ աշխատել են «Սեւանի հոգեբուժական հիվանդանոց»-ի տնօրեն Գագիկ Կարապետյանի հետ, հայտնի չէ` ովքեր են: «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի Սեւանի մասնաճյուղի կառավարիչ Արսեն Առաքելյանը եւ գլխավոր հաշվապահ Նարինե Նավասարդյանը մասնաճյուղում բացված Գառնիկ Սարգսյանի բանկային հաշվից վերջինիս մահվանից հետո նրա անվամբ լրացված բանկային կեղծ չեկերի հիման վրա մասնաճյուղի գանձապահ Սահականուշ Ասատրյանին կարգադրել են գումարները վճարել Գառնիկ Սարգսյանի փեսա Հովիկ Հովհաննիսյանին։ Սահականուշ Ասատրյանը Գառնիկ Սարգսյանի անունով ներկայացված կեղծ բանկային չեկերի հիման Հովիկ Հովհաննիսյանին վճարել է 112.176.000 դրամ: 2008 թ. հուլիսի 20-ին «Դատաբժշկական Գիտա-գործնական Կենտրոն»-ի Գեղարքունիքի մարզի դատաբժշկական բաժանմունքի փորձագետ Աղվան Կարապետյանը կազմել է Հովիկ Հովհաննիսյանի աներոջ՝ 2007 թ. սեպտեմբերի 7-ին մահացած Գառնիկ Սարգսյանի մահվան վերաբերյալ բժշկական կեղծ վկայականը՝ վերջինիս մահվան օր նշելով 2008 թվականի հուլիսի 20-ը։ Այնուհետեւ կազմել է Գառնիկ Սարգսյանի՝ 2008 թվականի հուլիսի 20-ի դիահերձման կեղծ ակտը, ինչպես նաեւ 2007-2009 թվականների դիահերձումների գրանցման կնքված ու համարակալված տետրը։ Մահվան վերաբերյալ բժշկական կեղծ վկայականը ներկայացնելով Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Սեւանի տարածքային բաժին` Հովիկ Հովհաննիսյանը ստացել է Գառնիկ Սարգսյանի մահվան կեղծ վկայականը: Որից հետո օպերլիազորը սոցիալական ապահովության պետական հիմնադրամի Սեւանի տարածքային բաժնի պետին դիմում է ներկայացրել` Գառնիկ Սարգսյանի թաղման նպաստը եւ չստացած կենսաթոշակի գումարները ստանալու խնդրանքով: Դիմումին կից ներկայացրել է Գառնիկ Սարգսյանի մահվան կեղծ վկայականը եւ ստացել թաղման նպաստը: Հովիկ Հովհաննիսյանը 2009 թ. հունվարի 23-ին կնոջ՝ Սուսաննա Սարգսյանի անունից, առանց վերջինիս տեղյակ պահելու, Սեւանի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետին դարձյալ դիմում է ներկայացրել՝ Գառնիկ Սարգսյանի՝ 2007 թ. սեպտեմբերից մինչեւ 2008 թ. հուլիսն ընկած ժամանակահատվածի չստացած կենսաթոշակը վճարելու խնդրանքով: Հովիկ Հովհաննիսյանը կնոջ միջոցով ստացել է Գառնիկ Սարգսյանի 11 ամիսների չստացած կենսաթոշակի 378.999 դրամը: Հովիկ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ «Կեղծ ձեռնարկատիրությանն օժանդակելը՝ առանց ապրանքների մատակարարման կամ առանց ծառայությունների մատուցման կեղծ փաստաթղթեր ներկայացնելը», «Պետությանը առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելով զուգորդված ապօրինի ձեռնարկատիրություն», «Փաստաթղթեր կեղծելը», «Խարդախություն»: Գագիկ Կարապետյանին եւ Ասյա Նադարյանին՝ Քր. օր.-ի 189-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 214-րդ հոդվածի 2-րդ մասով՝ «Առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը», Հայկուհի Հակոբյանին, Արսեն Առաքելյանին, Նարինե Նավասարդյանին եւ Սահականուշ Ասատրյանին՝ Քր. օր.-ի 214-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Աղվան Կարապետյանին՝ Քր. օր.-ի 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ «Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը»։ Մենք փորձեցինք ամբաստանյալների հետ զրուցել իրենց մեղսագրվող արարքների շուրջ, սակայն ապարդյուն։ Հ. Հովհաննիսյանը, որը ամբաստանյալներից միակն է, որ գտնվում է կալանքի մեջ, «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության միջոցով հրաժարվեց հարցազրույցից։ Մեկնաբանություն չցանկացավ տալ նաեւ «Սեւանի հոգեբուժարան»-ի տնօրենը, նա շարունակում է պաշտոնավարել եւ, ըստ առողջապահության նախարարության մոտեցման, կպաշտոնավարի այնքան ժամանակ, քանի դեռ չկա օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ, դա է պահանջում անմեղության կանխավարկածի սկզբունքը։ Ինքը՝ Գ. Կարապետյանը, մեզ հետ հեռախոսազրույցում ընդամենը հայտարարեց. «Օրենքը ոնց որ հարմար է գտնում, այնպես էլ թող վարվի»։
Սոնա Մաշուրյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել