HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գեւորգ Դարբինյան

Թուրքական հերթափոխ Ղարաբաղյան գործընթացում. Հայաստանը մանեւրելու շանս է փնտրում

16_11-s_sargsyanՀայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնել են մինչեւ նոյեմբերի վերջ կրկին հանդիպել՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման շուրջ բանակցությունները շարունակելու նպատակով։

Այդ մասին ասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ նոյեմբերի 4-ից 6-ը տարածաշրջան կատարած այցից հետո տարածած համատեղ հայտարարության մեջ։ Հերթական, այս տարվա ընթացքում թվով 6-րդ հանդիպման վայրը եւ կոնկրետ ժամանակը դեռեւս հստակեցված չեն։ Մինչ ՄԽ համանախագահների տարածաշրջանային այս այցը, խոսքն ընդամենը երկու երկրների արտգործնախարարների հնարավոր հանդիպման մասին էր։ Թե ինչու որոշվեց բանակցությունները շարունակել ամենաբարձր` նախագահների մակարդակով, առայժմ որեւէ պաշտոնական մեկնաբանություն չի արվել։

Այն հանգամանքը, որ համանախագահները երկու անգամ այցելեցին Բաքու, թույլ է տալիս ենթադրել, որ նախագահների մակարդակով բանակցությունները շարունակելու համաձայնությունը նրանք կողմերից ձեռք են բերել մեծ դժվարությամբ։

Ըստ էության, դրա համար կարող էր մեկ հնարավոր պատճառ լինել։ Բաքուն կամ Երեւանը փորձել են ճշտումներ մտցնել բանակցությունների օրակարգում, եւ քանի որ դրանք սկզբունքային են եղել երկու կողմերի համար էլ, ՄԽ համանախագահները կիրառել են մաքոքային դիվանագիտության այս մեթոդը։

Հոկտեմբերի 9-ին Քիշնեւում կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից կարճ ժամանակ անց պաշտոնական Բաքուն հայտարարեց, թե հայկական կողմը ապակառուցողականություն է հանդես բերում եւ որդեգրել է բանակցային գործընթացն անվերջ ձգձգելու մարտավարություն։ «Հայկական կողմը Քիշնեւում հանկարծ սկսել է քննարկել այնպիսի հարցեր, որոնք համաձայնեցված են եղել դեռ երկու-երեք տարի առաջ։

Մենք հիշում ենք, որ կա պայման. մինչեւ համաձայնեցված չեն բոլոր հարցերը, համաձայնեցված չէ ոչինչ։ Բայց չի կարելի առաջ շարժվել, երբ վերադառնում ես ետ եւ սկսում քննարկել այնպիսի առաջարկներ կամ մտքեր, որոնք համաձայնեցված են եղել տարիներ առաջ։ Դա, իհարկե, հիասթափություն է առաջացնում»,- այն ժամանակ հայտարարել էր Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը։

Թե երկու-երեք տարի առաջ համաձայնեցված կոնկրետ ի՞նչ հարցեր է հայկական կողմը քննարկման նյութ դարձրել Քիշնեւում, Մամեդյարովը չէր բացահայտել։ Սակայն, նման մեկնաբանությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Բաքուն կարող էր, որպես առաջիկա հանդիպման նախապայման, պահանջել, որպեսզի այդ հարցերը բանակցությունների օրակարգում չընդգրկվեն։ Եթե այդպես է, ապա դա նշանակում է, որ Հայաստանը տվել է նման երաշխիքներ։

Ընդհանրապես, Ադրբեջանի կողմից Հայաստանին ուղղված այս մեղադրանքները բավականին հետաքրքրական են։ Քիշնեւի հանդիպումը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին, այսինքն` Ցյուրիխում հայ-թուրքական հաշտեցման երկու արձանագրությունների ստորագրման անմիջապես նախորդ օրը։

Ակնհայտ է, որ Հայաստանը խնդիր ուներ ԼՂ կարգավորման գործընթացն անջատել «ֆուտբոլային» դիվանագիտությունից եւ Թուրքիային զրկել երկու գործընթացները միմյանցով պայմանավորելու հնարավորությունից։

Այսինքն, նախկինում համաձայնեցված որեւէ հարց կրկին շրջանառության մեջ դնելով՝ Հայաստանը կարող էր մարտավարական խնդիր լուծել եւ ժամանակ շահել, մինչեւ թուրքական կողմը ստորագրեր արձանագրությունները՝ առանց ԼՂ հարցում ունեցած նախապայմանները պնդելու։ Այն ժամանակ Թուրքիան, փաստորեն, չստացավ այն, ինչ ուզում էր, այսինքն` Հայաստանը ԼՂ հարցում նոր զիջումների գնալու պատրաստակամություն չհայտնեց կամ առնվազն դա հետաձգեց ապագային։ Հիմա Հայաստանն արձանագրությունները վավերացնելու խնդիր ունի։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հենց հոկտեմբերի 10-ին հայտարարեց, որ եթե Թուրքիան արձանագրությունները չվավերացնի ողջամիտ ժամկետներում, Հայաստանը միջազգային իրավունքի հիման վրա կձեռնարկի համարժեք քայլեր։ Անկարան հիմա ոչ միայն ձգձգում է արձանագրությունների վավերացումը, այլեւ ուղղակի հայտարարում է, որ դա չի անի, մինչեւ ԼՂ հարցում կոնկրետ տեղաշարժ չլինի։

Այլ կերպ ասած՝ Հայաստանը հիմա նաեւ ԼՂ բանակցային գործընթացում մանեւրելու խնդիր ունի։ Սակայն, արդյոք միջազգային հանրությունը Քիշնեւում կիրառված տակտիկական այդ հնարքը կրկին օգտագործելու հնարավորություն կտա՞ հայկական կողմին։

Բաքուն ՄԽ համանախագահներին երկու անգամ Բաքու ժամանել ստիպելով` փորձում է կանխել դրա հնարավորությունը։ Մյուս կողմից` Թուրքիան ձգտում է Հայաստանի նկատմամբ ճնշումներն ուժեղացնելու համար չեզոքացնել գործընթացի վրա ամերիկյան ազդեցությունը։

Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանն այցելելու է Վաշինգտոն։ Նա արդեն հայտարարել է, որ պատրաստվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպման ընթացքում բարձրացնել ԼՂ հիմնախնդրի շուտափույթ կարգավորման հարցը։ Ըստ թուրքական մամուլի տարածած տեղեկատվության՝ Էրդողանը հայտարարել է, թե պահանջելու է նաեւ ՄԽ համանախագահող մյուս երկու երկրներից՝ Ֆրանսիայից եւ Ռուսաստանից, ավելի որոշակիացնել հակամարտության կարգավորման վերաբերյալ իրենց մոտեցումները։ Այլ կերպ ասած՝ Թուրքիան փորձում է ձգել պարանը Հայաստանի պարանոցին։ Այս պայմաններում Երեւանը ընտրության մեծ դաշտ չունի։ Այն ձգտելու է որքան հնարավոր է դիմանալ այդ ճնշմանը եւ արդեն իսկ դրա համար փորձում է պայմաններ ստեղծել։ Մասնավորապես, աստիճանաբար ակտիվանում է ԼՂՀ-ն։ Օրեր առաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հայտարարեց. «Լեռնային Ղարաբաղի տարածքն ամրագրված է հանրապետության սահմանադրությամբ, եւ մենք տարածքների առումով չենք կատարի որեւէ զիջում։ Ասելով տարածք` մենք հասկանում ենք Արցախի ներկայիս փաստացի տարածքը։ Սա մեր դիրքորոշումն է, որով էլ մենք առաջնորդվելու ենք»։ Այսպիսով, հայկական կողմը զգուշացնում է, որ ճնշումների ուժեղացման դեպքում ԼՂՀ-ի դիմակայության ակտիվացումը կարող է վտանգել մադրիդյան սկզբունքների շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը։

Բացի դրանից, ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ԱԺ-ում հայտարարեց, թե ԼՂ կարգավորումը հնարավոր չէ առաջիկա երկու-երեք ամիսների ընթացքում։ Այլ կերպ ասած՝ խաղը շատ հստակ ուրվագծվում է։ Հայաստանը փորձում է Թուրքիային ստիպել հնարավորինս շուտ վավերացնել արձանագրությունները եւ նրան պատին դեմ տալ դեկտեմբերի 7-ին Էրդողանի Վաշինգտոն կատարելիք այցով։

Իսկ դա նշանակում է, որ իբրեւ հենման կետ՝ Երեւանը փորձում է հենվել ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում առաջացած փոքրիկ ճեղքերի վրա, որոնցից, թերեւս ոչ պատահականորեն, դուրս են ցցվում ԱՄՆ Սենատում հանկարծակի հայտնված Հայոց Ցեղասպանության հերթական բանաձեւի «ականջները»։

Այնպես որ, բոլոր հիմքերը կան` կարծելու, որ այս ամսվա ընթացքում կայանալիք Սարգսյան-Ալիեւ հանդիպումը որւեէ էական արդյունք չի ունենալու, եթե այլ անկանխատեսելի գործոններ հակառակին չդրդեն։ Էրդողանի ամերիկայն այցի ազդակներից միայն պարզ կլինի, թե ինչպիսին է Վաշինգտոնի կեցվածքը Թուրքիային արձանագրությունները վավերացնել ստիպելու կամ դրդելու հարցում, որով եւ կպայմանավորվի հայկական դիվանագիտության հետագա կողմնորոշումը ԼՂ հարցում։ Էրդողանն իր հերթին կփորձի չեզոքացնել այդ սպառնալիքը եւ արձանագրությունների վավերացումը հետաձգել առնվազն մինչեւ 2010 թ. ապրիլը։

Այդ միջոցով Հայաստանը գուցե կկարողանա արձանագրությունների չվավերցման ողջ պատասխանատվությունը բարդել Անկարայի վրա։ Դրա համար Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է անել երկու բան։ Առաջին` ստեղծել ԼՂ հարցում բանակցությունները շարունակելու իմիտացիա՝ առանց որեւէ կոնկրետ պայմանավորվածությունների ու հանձնառությունների։

Երկրորդ` կատարել «միջազգային իրավունքի հիման վրա» միջոցներ ձեռնարկելու մասին հոկտեմբերի 10-ին արած հայտարարությամբ տրված խոստումը։ Իսկ թե կոնկրետ ո՞ր հարցերն է Հայաստանը «արխիվից» հանում եւ կրկին քննարկման նյութ դարձնում, ինչու՞ Վաշինգտոնը կարող է արգելակել ԼՂ հարցում թուրքական դիվանագիտական էքսպանսիան Հայաստանի նկատմամբ, կփորձենք վերլուծել առաջիկայում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter