HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Մեր հետքերը վերանում են»

Երևանում տեղի ունեցավ «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» առաջին համագումարը

«Մեր բոլորի մտահոգությունն են մեր հուշարձանները երկու ուղղությամբ` և Հայաստանի սահմաններում, և Հայաստանի սահմաններից դուրս: Հայաստանի սահմաններից դուրս հուշարձանների լինելը, ըստ էության, մեր պատմության վերջին կռվաններն են, որովհետև ժողովուրդը պատմական տարածքներում արևմտյան հարևանների կողմից, այլևս չի ապրում, և մեր հետքերը վերանում են»: Այս մասին ասաց ՀՀ Քաղաքաշինության փոխնախարար Նարեկ Սարգսյանը նոյեմբերի 14-ին կազմակերպված «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» առաջին համագումարում:

Ասոցիացիան 2009 թ. հունիսին ստեղծել են մի խումբ վերականգնող ճարտարապետներ, որոնք նախկինում աշխատել են 1992 թ. լուծարված «Հայնախագիծ ռեստավրացիա» նախագծային ինստիտուտում: Ինչպես նշեց «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» գլխավոր քարտուղար Հովիկ Սանամյանը, «ասոցիացիայի գործունեության հիմնական նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության, Արցախի, Պատմական Հայաստանի և Սփյուռքի հայկական պատմական հուշարձանների պահպանման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման գործընթացին, նպաստել հայկական ճարտարապետական ներուժի համախմբմանը և միջազգային համագործակցության միջոցով պատմաճարտարապետական ժառանգության պահպանման և վերականգնման արվեստի զարգացմանը»: Համագումարի ժամանակ քաղաքաշինության փոխնախարարը նշեց, որ Հայաստանի սահմաններում հուշարձանների պահպանումը, «պետական բյուջեի սղության պատճառով, լուրջ ուշադրության կարիք է պահանջում»: «Իրենց փորձագիտական օգնությունից բացի` ես կարծում եմ, որ այս ասոցիացիան լուրջ զարգացում կունենա` նաև ներգրավելու համապատասխան միջոցներ` ավելացնելու պետական բյուջեն և ավելի որոշակի արդյունքի հասնելու: Եթե մենք բոլորս ճարտարապետության տարբեր հարցերի շուրջ կարող ենք ունենալ տարբեր կարծիքներ` երբեմն նույնիսկ իրար խիստ հակասող, ապա այս հարցում, ինձ թվում է, մենք պետք է թողնենք մեր սեփական ես-ը, և բոլորս ամբողջությամբ միավորվենք` օգնելու, աջակցելու և ձեռք մեկնելու: Որպես նախարարություն կամ Ճարտարապետական համահայկական ասոցիացիայի շրջանակներում, Ճարտարապետների միության հետ համատեղ, մենք էլ, իհարկե, շատ հարցերում պատրաստակամ ենք օժանդակելու, ընդհուպ մինչև մոտ ապագայում տարածքի` գրասենյակի հարցով ևս օգնելու»,- ասաց Նարեկ Սարգսյանը: Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի խոսքերով` նման ասոցիացիայի ստեղծման պահը շատ կարևոր է, «որովհետև արդեն իսկ մենք կարճ ժամանակում տեսնում ենք, թե (ներողություն եմ խնդրում այդ բառի համար) ինչ ավերածություններ ենք արել»: «Նախկին ժամանակներում կար պետական աջակցություն վայելող վարչությունը, որը անդամահատվեց, լուծարվեց, հալվեց այս տարիների ընթացքում, և այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Եվ երևի թե այս նորաստեղծ կազմակերպությունը իր անդամներով, բոլորով միասին կարողանանք դրա առաջն առնել»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Նա հավելեց, որ հուշարձանների կործանումը կանխելը ամենօրյա աշխատանք է, և մեկ անգամ հավաքվելով` հնարավոր չէ մեծ արդյունքների հասնել: ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամվելյանը, անդրադառնալով Մշակույթի նախարարության քաղաքականությանը, ասաց, որ վերականգնողական կենտրոն է ստեղծվել, որտեղ կլինի նաև կադրերի վերապատրաստում, «այսինքն` մենք կարող ենք միասին համագործակցել»: «Անպայման չէ, որ նախագիծը լիովին վերականգնվի, կարելի է գնալ նաև կոնսերվացման ուղով, մասնակիորեն»,- ասաց Մշակույթի փոխնախարարը: ԼՂՀ Կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի խոսքերով` ընդունված է համարել, որ հուշարձանների պահպանությունը պետության գործն է, սակայն սա ճիշտ է միայն մասնակիորեն, որովհետև որևէ երկրում հուշարձանների պահպանությունը չի կարող արդյունավետ իրականացվել` առանց հասարակության մասնակցության: «Մենք վստահ ենք, որ միայն համատեղ ուժերով, մասնագետների համախումբ աշխատանքով կարելի է չեզոքացնել վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցած գրեթե ավերիչ գործընթացները, որոնք մեծ վնաս հասցրին հուշարձանների պահպանության գործին: Ես վստահ եմ նաև, որ ասոցիացիայի ստեղծումը նաև կնպաստի Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հուշարձանների վերականգնման և պահպանության բնագավառի բարելավմանը»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը: Նրա տեղեկացմամբ` մի քանի տարի է, որ Արցախի կառավարությունը մեծ ջանքեր է գործադրում այս ուղղությամբ, և արդյունքները շատ ավելի տեսանելի կլինեն, եթե Արցախի հուշարձանների վերականգնման գործում ներգրավվեն ՀՀ մասնագետներ: «Այստեղ հավաքվածներից շատերին ճանաչում եմ, և պաշտոնապես նորից հրավիրում եմ մասնակից լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում իրականացվող վերականգնման աշխատանքներին»,- ասաց Սերգեյ Շահվերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter