HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հուշարձանների զգալի մասը վթարային վիճակում է

16-11_G.Soghomonyan

Միաժամանակ Հայաստանում զբոսաշրջությունը հռչակվել է գերակա ճյուղ

«Հայաստանի պատմական հուշարձանների բնագավառում այսօրվա վիճակը ծայրահեղ անմխիթար է և մտահոգիչ: Հուշարձանների զգալի մասը գտնվում է վթարային վիճակում, որոնց թվում նաև միջազգային նշանակություն ունեցող այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Գառնիի ձորի Աղջոց վանքը, Հավուց թառը, Դսեղ գյուղի մոտ գտնվող Բարձրաքաշ Սբ. Գրիգոր վանական համալիրը»,- ասաց «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» նախագահ Գագիկ Սողոմոնյանը նոյեմբերի 14-ին կազմակերպված ասոցիացիայի առաջին համագումարի ժամանակ:

Նրա խոսքերով` այս հուշարձանները ամբողջովին դուրս են մշակույթի և զբոսաշրջության շրջանառությունից, և այսօր դրանց արժեքավոր հատվածներ անվերադարձ կորցնելու մեծ վտանգ կա: Մի շարք վանական համալիրներ, այդ թվում նաև Հայ Առաքելական Եկեղեցուն փոխանցված, կոնսերվացման և վերականգնման անհապաղ աշխատանքների կարիք ունեն: Գագիկ Սողոմոնյանի խոսքերով` հուշարձանների վերականգնման աշխատանքները կատարող մասնագետների և շինարարների լուրջ լիցենզավորման բացակայության պատճառով հաճախ աշխատանքներում ներգրավվում են որակավորում չունեցող կադրեր: «Վերականգնման աշխատանքները կատարվում են` առանց հաշվի առնելու մեթոդական և տեխնոլոգիական նորմերը, հաճախ առանց համաձայնեցված նախագծային փաստաթղթերի կամ առանց հաշվի առնելու մասնագետների հանձնարարականը, ինչը բերում է շատ արժեքավոր էլեմենտների անվերադարձ կորստի: Գոյություն ունեցող բոլոր գնացուցակները անտեսվում են: Հասկանալի չէ, թե ինչի հիման վրա են կազմում նախագծի նախահաշվային արժեքները: Առ այսօր դեռ վերջնականորեն կայացած չեն հուշարձանների պահպանմանը և օգտագործմանը անհրաժեշտ պետական կառույցները` իրենց բավարար ֆինանսավորմամբ»,- ասաց ասոցիացիայի նախագահը: Նրա խոսքերով` այն չնչին բյուջետային միջոցները, որոնք տրամադրվում են հուշարձանների պահպանման ծրագրի համար, ծախսվում են անարդյունավետ ձևով, միջոցների բաշխման անթափանցիկ մեխանիզմի ֆոնի վրա` առանց հուշարձանների վիճակի մոնիտորինգի և անհրաժեշտ հսկողության: Ուստի, Գագիկ Սողոմոնյանի համոզմամբ` հուշարձանների մեծամասնության վթարային վիճակը վկայում է այն մասին, որ մեր ազգային մշակութային ժառանգության պահպանումը և օգտագործումը չի համարվում պետական քաղաքականության գործունեության առաջնահերթ ոլորտ: Եվ սա այն դեպքում, երբ զբոսաշրջության բնագավառի զարգացումը համարվո՛ւմ է առաջնահերթ խնդիր: «Մի պահ մոռացել ենք, որ տուրիզմի ինդուստրիայի զարգացման ամենակարևոր հումքը տվյալ երկրի պատմամշակութային հուշարձաններն են»,- նշեց Գագիկ Սողոմոնյանը: Նա հավելեց, որ առաջատար զբոսաշրջության երկրները տարեկան հարյուր միլիոնավոր եվրո են տրամադրում իրենց հուշարձանների պահպանման և օգտագործման համար: Գագիկ Սողոմոնյանը ներկայացրեց Միջազգային հուշարձանների հանձնաժողովից վերցված տվյալներ` այն մասին, թե որ երկիրը տարեկան որքան գումար է հատկացնում հուշարձանների պահպանությանը: Ըստ այդ տվյալների` Իսպանիան տարեկան տրամադրում է 1 մլրդ 526 մլն եվրո (այս երկիր տարեկան այցելում է 49 մլն զբոսաշրջիկ), Գերմանիան` 1 մլրդ 200 մլն եվրո, Ֆրանսիան` 408 մլն եվրո (այս երկիր տարեկան այցելում է 65 մլն զբոսաշրջիկ), Մեծ Բրիտանիան` 622 մլն եվրո: Բելգիան, որը տարածքով գրեթե հավասար է ՀՀ-ին, տարեկան 102 մլն եվրո է տրամադրում արդեն վերականգնված հուշարձանների պահպանությանը: Հունաստանը հուշարձանների պահպանման համար տրամադրում է 266 մլն, իսկ Էստոնիան, որը նախկում խորհրդային, իսկ ներկայումս 1,4 մլն բնակչություն ունեցող երկիր է` 3 մլն եվրո: Գագիկ Սողոմոնյանն ասաց, որ Միջազգային հուշարձանների հանձնաժողովի ներկայացրած ցուցակում Հայաստանը ընդգրկված չէր: Համագումարին ներկա ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամվելյանը նշեց, որ 2010 թ.-ին հուշարձանների պահպանության համար պետբյուջեից տրամադրվելու է 213 մլն դրամ, ինչը կազմում է 600 հզ. դոլար: Գագիկ Սողոմոնյանի խոսքերով` այս չնչին գումարը «մի վիլլայի» փող է, այն դեպքում, երբ անընդհատ ասում ենք, որ հին ազգ ենք, մեծ մշակույթի տեր ենք և այլն: Ըստ հաշվարկների` վերոնշյալ երկրները իրենց հուշարձանների պահպանման համար տրամադրում են պետբյուջեի միջինը 0,5 տոկոսը: Որպեսզի Հայաստանը ոչ թե ակտիվորեն զարգացնի, վերականգնի իր հուշարձանները, այլ պարզապես մնա միջազգային տրամաբանության մեջ, ապա նույնպես պետք է իր ներկայիս 2 մլրդ պետբյուջեի գոնե 0,5 տոկոսը, այսինքն` 10 մլն դոլար, տրամադրի այդ խնդրին: «Մենք առաջարկելու ենք կառավարությանը ուսումնասիրել և վերանայել բյուջեի հարցը»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը: Նա նշեց, որ թեև հուշարձանների պահպանման բյուջեն հիմնականում ձևավորվում է պետական ֆինանսավորումից, սակայն ուրիշ աղբյուրներ ևս կան, օրինակ` մասնավոր սեկտորը, որը ներառում է մասնավոր հովանավորներ և հիմնադրամներ: «Մենք փորձելու ենք այս սեկտորի համար ինչ-որ առաջարկ անել, որովհետև մենք ոչ միայն քննադատում ենք, այլև օգնելու ենք մեր պետական մարմիններին` համալրելու իրենց ֆինանսական միջոցները: Մի առաջարկ ունենք` մասնավոր ֆինանսավորման հետ կապված»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը: Անդրադառնալով հուշարձանների վերականգնման հայրենական դպրոցին` Գագիկ Սողոմոնյանը նշեց, որ իրենց նորաստեղծ կազմակերպության մեջ ընդգրկված է Հայաստանի վերականգնող ճարտարապետների հիմնական մասը: «Այս բոլոր մասնագետների բարձր մասնագիտական մակարդակը ապացուցված է վերջին 30-40 տարիների իրենց անձնուրաց աշխատանքով: Ցավոք, այսօր վայելելով իրենց աշխատանքի արդյունքը` հասարակությունը անտեղյակ է, թե ովքեր են հուշարձանների վերականգնան հեղինակները, և որքան ժամանակ, ջանք և կարողություն է անհրաժեշտ եղել` իրականացնելու այդ ահռելի աշխատանքները: Այսօր այս մասնագետների մեծամասնությունը ոլորտի շրջանառությունից դուրս է: Մենք առաջարկում ենք, որ վերանայեք այդ մասնագետների մասնակցությունը այսօրվա վերականգնման գործընթացին»,- ասաց նա: «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» հիմնական խնդիրներից են ձեռք բերել փորձագիտական խորհրդատվական կարգավիճակ` օգնելու համար հուշարձանների պահպանման բնագավառում գործող պետական մարմիններին, ստեղծել հուշարձանների վերականգնման աշխատանքները կազմակերպող մշտական մոնիտորնգի խումբ, մշակել հայկական հուշարձաններին բնորոշ վերականգնման մեթոդաբանություն: «Նաև մեր խնդիրների մեջ մտնում է նախաձեռնել և առաջարկել կառավարությանը` մեր կազմակերպության հետ համատեղ մշակել և հաստատել հուշարձանների ճարտարապետների և հարակից մասնագիտությունների լիցենզավորում, առաջարկել նաև հուշարձանները վերականգնող շինարարական կազմակերպությունների լիցենզավորում, որ ամեն մի պատահական մարդ չկարողանա մոտենալ հուշարձանին»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը: Նա կարևոր է համարում, որ Հայաստանում, Ֆրանսիայի օրինակով, ստեղծվի Հուշարձանների գլխավոր ճարտարապետների ինստիտուտը: Այդ ճարտարապետները կբաժանվեն ըստ մարզերի, կուսումնասիրեն տվյալ մարզի հուշարձանների վիճակը և կհետևեն այդ պատմական հուշարձանների վերականգնման և պահպանման աշխատանքներին, որոնց մասին կզեկուցեն նաև հանրությանը: Հակառակ դեպքում Հայաստանում, մի կողմից, կան միջազգային նշանակության արժեք ունեցող հուշարձաններ, որոնք ուղղակի վթարային վիճակում են, իսկ մյուս կողմից կան հուշարձաններ, որոնք կարող են դեռ տասնյակ տարիներ մնալ նույն ձևով: Գագիկ Սողոմոնյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում չկան վերականգնող վարպետներ, օրինակ` փայտագործներ, քարտաշներ: Վարպետների աշխատանքը անում են վերակագնող ճարտարապետները: Ուստի «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան» առաջարկում է Ֆրանսիայի դեսպանատան օգնությամբ և Ֆրանսիայում համապատասխպան կազմակերպությունների հետ համատեղ ստեղծել Հուշարձանների վերականգնման արհեստների վարպետների դպրոց, որի շրջանավարտները կհամապատասխանեն միջազգային չափանիշներին: «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան» նախատեսում է նաև հիմնել Հուշարձանների պահպանման համահայկական միություն: «Հիշո՞ւմ եք` ընկերություն կար խորհրդային ժամանակ: Հիմա հետքն է մնացել, մեկ էլ` շենքը: Այս ընկերությունը բոլոր քաղաքացիներից հավաքում էր շատ չնչին դրամ և կազմում էր գումար, որով ֆինանսավորում էր հուշարձանների վերականգնումը: Իմ արած հուշարձաններից 2-ը` Գառնիի Աստվածածինը և Լոռու բերդի կամուրջը, այդ գումարներով են եղել»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը: Նա հավելեց, որ քանի որ այս գործը լուրջ է, պետք են նաև լուրջ գործընկերներ: Օրինակ` Մշակույթի, Սփյուռքի և Արտաքին գործերի նախարարությունները կարող են օգնել նախաձեռնությանը: Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը կարող է պատրաստել գովազդային հոլովակներ, որոնք մարդկանց կդրդեն մասնակցելու այդ համահայկական ծրագրին: «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան» նաև ակնկալում է Ճարտարապետների համահայկական միության, Ճարտարապետների միության, Նկարիչների միության, Գրողների միության և լրատվամիջոցների աջակցությունը: «Վերը նշված բոլոր բարեփոխումները հնարավոր կլինի իրականացնել, եթե ստեղծվի հուշարձանների պահպանմամբ և օգտագործմամբ զբաղվող առանձին պետական մարմին, լինի դա Մշակույթի նախարարության ներքո կամ ինչպես կորոշի վարչապետը, որի հետ մենք ուզում ենք հանդիպել, բացատրել իրավիճակը և մեր առաջարկները: Մարմինը պե՛տք է ստեղծվի: Մենք առաջարկում ենք կառավարությանը ուսումնասիրել հնարավորությունը` ստեղծելու պատմական հուշարձանների պահպանման և օգտագործման կոմիտե, որը 1920թ.-ին դեռ մերոնք ստեղծել էին, վերաստեղծել այդ կոմիտեն` իրեն հատկացված համապատասխան բյուջեով, որը կկազմի պետական բյուջեի առնվազն 0,5 տոկոսը: Այս կոմիտեն հնարավորություն կունենա մշակելու և իրականացնելու հուշարձանների պահպանման և օգտագործման քաղաքականությունը Հայաստանում»,- ասաց Գագիկ Սողոմոնյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter