«Վալլեքս գրուպի» ծառատունկին մասնակցել են ուսանողները
Նոյեմբերի 14-ին Թեղուտում Հայաստանի 7 բուհերի 140 ուսանողների և ՀԿ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ «Վալլեքս գրուպ» խմբի ընկերությունների կողմից կազմակերպված ծառատունկի ավարտից հետո «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանը ներկաներին տեղեկացրեց, որ տնկվել է 1000 ծառ: Տնկված ծառերը հիմնականում հացենի էին: ««Հայանտառի» մասնագետներն են ընտրել ծառատեսակները, 2008թ.-ի տնկած 960 տնկիների շուրջ 90 տոկոսը ելք է ունեցել:
Մեր պարտավորությունը կառավարության հանդեպ հատված անտառի փոխարեն կրկնակի է լինելու, այսինքն` 714 հա անտառ մենք պարտավոր ենք վերականգնել: Էս պահի դրությամբ 137 հա անտառատնկում է կատարվում, Թեղուտ եւ Շնող համայնքներում` 68 հա, իսկ Տաշիրում` 67 հա»,-ասաց Ռ.Պապոյանը: Նա նաեւ հայտնեց, որ Թեղուտում եւ Շնողում արդեն հատվել են 30 հա անտառներ:
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվար» անտառտնտեսության տնօրեն Կամո Շահնազարյանի կարծիքը տնկիների կպչողականության հարցում Ռ. Պապոյանի ասածի հետ այնքան էլ չէր համընկնում: «Նախորդ տարվա տնկած տնկիների կպչողականությունը 60-70 տոկոս է: Ինձ թվում է անտառանման մի բան կգոյանա»,- ասաց Կ.Շահնազարյանը: Ասենք որ, նախորդ տարիներին տնկած տնկիների տարածքը ամբողջությամբ ծածկված էր մացառներով, տնկիների մի զգալի մասը թաքնված էին դրանց տակ, երևացողներն էլ` հիշեցնում էին մերկ ճիպոտներ:
«Ծառատնկման հողերի մի մասը` Թեղուտի, մի մասն էլ Շնող համայնքի տարածքներն են: Ծառատունկ իրականացվել է 2 հա-ի կարգի: Նախորդ տարի 2 փուլով է արվել եւ 1 հա-ից մի քիչ ավել, այս հատվածն էլ, որ ավելանա, երեւի 2 հա կդառնա: Սա նախատեսվող ծառատունկի հետ ոչ մի կապ չունի: Էս պահին Թեղուտի վարչական տարածքում գյուղատնտեսական հողերի վրա իրականացվում է 47 հա-ի անտառատնկում»,- ասաց Թեղուտի գյուղապետ Հարություն Մելիքսեթյանը:
Սա ուսանողների մասնակցությամբ վերջին տարիներին Թեղուտում իրականացվող 4-րդ ծառատունկն էր: Ծառատնկման ծրագրի շրջանակներում «Վալլեքս գրուպի» հասարակայնության հետ կապերի ծառայությունը խնդիր էր դրել նաև ուսանողների համար իրականացնել «Թեղուտ» ծրագրի ճանաչողական աշխատանքներ: Հանքվայրի մակետի մոտ ուսանողներին տեղեկություններ հաղորդեց և նրանց հարցերին պատասխանեց «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանը:
«Հանքի բացման աշխատանքները կսկսվեն, երևի մյուս տարվա գարնանը: Ֆաբրիկայի որոշ աշխատանքներից հետո անցնելու ենք հանքին»,- ասաց նա: Վերջինս տեղեկացրեց նաև, որ հանքավայրի առաջին փուլում նախատեսված պոչամբարը ծառայելու է նաև արտադրության 2-րդ փուլում:
«Մի՞թե 2-րդ փուլի համար առանձին պոչամբար չի կառուցվելու» հարցին Ռ. Պապոյանը պատասխանեց. «Դա դեռ հաշվարկները ցույց կտան, ամեն դեպքում նախատեսվում է այստեղ լուրջ փոփոխություններ կատարել: Հետագայում պոմպերի միջոցով սա ծառայեցվելու է 2-րդ փուլի մի մասին: Երկրորդ պոչամբարի խնդիրն առայժմ չի քննարկվում, 30-40 տարի հետո կնայվի այդ հարցը: Առաջին փուլի պոչամբարում մինչև 300մլն խմ պոչանքներ են տեղավորվելու»,- հաղորդեց տնօրենը:
Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարության կողմից հաստատված «Թեղուտ» ծրագրի գնահատման մեջ ասվում է. «Պոչամբարը կազմակերպվելու է Պակասաջուր գետի հովտում, որը հնարավորություն կտա տեղադրելու 180մլն խմ պոչեր: Եթե ընկերությունը հետագայում որոշի օգտագործել առկա ամբողջ պաշարը` 528մլն. տոննա հանքաքարը, ապա այդ դեպքում պոչանքի գումարային ծավալը կկազմի մոտ 521 մլն տոննա»:
Ակնհայտ է, որ ընկերությունը փոխել է իր պլանները, և որոշել է ծրագրի իրականացման առաջին փուլում նախատեսվածից ավելացնել մշակվող հանքանյութի ծավալները: Պոչամբարի երկրորդային մշակում նախետեսվում է, թե` ոչ, ուսանողներից մեկի հարցին Ռ. Պապոյանը պատասխանեց. «Չէ, դա չի լինելու: Այս պահի դրությամբ ձեռնտու չէ դա մշակելը: Հետագայում շուկան ցույց կտա»:
Ուսանողներին ընկերության ղեկավարը հավաստիացնում էր, որ պոչամբար մետաղական հոսք չի լինելու: ԵՊՀ-ի երկրաբանական ֆակուլտետի ուսանող Հրանտ Հախվերդյանին հետաքրքրեց, թե պոչամբարի ռադիոակտիվ հոսքերը արդյոք չեն անդրադառնալու բնակչության առողջության վրա, որին էլ «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրենը պատասխանեց. «Ես ասացի Ձեզ, եթե մենք շահագործման ընթացքում չորացած հատվածը անմիջապես սևահողով ծածկենք, նման բաներ չեն լինի, որը այսօր մենք կատարում ենք մեր մի ուրիշ ընկերությունում, կատարելու ենք նաև այստեղ և նման վտանգներ չկան»:
Պատասխանին ուսանողը հակադարձեց. «Ես այդ իմ աչքով տեսել եմ Այրում- Ճոճկան համայնքների պոչամբարում»: «Այսինքն դա տեսել եք այն վայրում, որտեղ չորացած պոչանքները սևահողով չեն ծածկել, այնտեղ կլինի»,- բացատրեց Ռ. Պապոյանը: Ի պատասխան «Հետքի» հարցին, թե ինչ աշխատանքներ են կատավում այսօր, Ռ. Պապոյանը ասաց, որ այս պահին Թեղուտում կատարվում են շինարարական և հողային աշխատանքներ:
«Աշխատանքները կատարվում են բուն ֆաբրիկայի տարածքում և ճանապարհային շինարարության մեջ, բետոնային աշխատանքներ կատարվում են պոչամբարի մոտ: Բազայի տարածքում կառուցվում է 240 տեղանոց հանրակացարան: «Վալլեքսը» իր շահույթների հաշվին Թողուտում ամսական ներդնում է 400-500 հազար դոլարի կարգի գումարներ, և դա ոչ միայն սեփականատիրոջ , այլ նաև այլ աղբյուրներ է ընդգրկում»,-ավելացրեց տնօրենը:
Ծառատունկից հետո անտառի ճանապարհին փորձեցինք իմանալ «Թեղուտի» ծրագրի վերաբերյալ ուսանողների կարծիքը:
Գայանե Մկրտչյան(Ճարտագաիտական համալսարան)- «Ես բացասական չեմ գնահատում Թեղուտի հանքավայրի շահագործումը: Եթե բաց հանքավայրերի և պոչամբարների տեսանկյունից նայենք , ոչ մի արդյունաբերություն չի լինի»:
Արաքս Դավթյան (բժշկական համալսարանի 2-րդ կուրսի ուսանողուհի)- «Մեր հանրապետությունում գործող էն կազմակերպություններից, որ գոնե ինչ որ չափով մտածում են շրջակա միջավայրի մասին, էլի` իրենք են: Էդպես եմ մտածում` իրենց գործերը այստեղ և Դրմբոնում տեսնելուց հետո: Ճիշտ է հսկայական անտառներ հատում են, բայց գոնե 200 մարդ է աշխատում»:
Սաթենիկ Էլոյան(Բժշկական համալսարանի ուսանողուհի) -«Մեր երկրում ամեն ինչ ուրիշների` արտասահմանցիների ձեռքում է, սկսած կապից: Մի օր էլ գալու են էս հանքերը վերցնեն, գոնե օգուտը թող մեր հայը ստանա: Մի բան էլ ասենք էլի, երբ որ էս Թեղուտի հարցն ենք քննարկում, եթե տենց վերցնենք մեր միջավայրը էնքան ուրիշ բաներ են կեղտոտում: Մեր ստրիպտիզ կլուբները, որ իրենց էնքան կեղտը լցնում են Հրազդանի կիրճը` ոնց է լինում: Թեղուտը չարյաց փոքրագույնն է: Հիմա էլ Շամլուղի մասին ասեմ: Երբ որ ես գնում եմ իմ տատիկի տուն, ես տեսնում եմ Սադախլոյի թուրքերը գալիս, անցնում են սահմանը, մեր ծառերը կտրում են ու տանում են: Ու ոչ մի հայ, ոչ մի կազմակերպություն չի գալիս ասում` էս ուր եք գալի մեր ծառերը կտրում` տանում: Շամլուղ, էնտեղ յուլլուբաղ, Բրդաձոր, ամբողջ անտառները թուրքերը գալիս կտրում, տանում են: Ես անձամբ իմ աչքով եմ տեսել»: Նրա կուրսընկերուհի Մարիանան ավելացրեց. «Մեկ է, մենք ոչինչ չենք կարող անենք պետության դեմ, ինչքան էլ մենք դուրս գանք պայքարի, պետությունը իր ասածը ինքը անելու ա, մենք մրջյուն ենք հսկայի դեմ` մենք մրջյուններս ի՞նչ կարանք անենք»:
Միջոցառման ընթացքում ուսանողներին ներկայացվեցին նաև Թեղուտի հանքավայրի տարածքում վերջերս հայտնաբերված պատմամշակութային հուշարձանները: Օրվա վերջում Թեղուտի մշակույթի պալատում տեղի ունեցավ Տիգրան Պասկևիչյանի «Թեղուտ. Զավակների հացը» ֆիլմի քննարկում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել