HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Տեսեք` ինչ ծառ է վրան աճել»

Հաճախ մենք տեսնում ենք եկեղեցիների, այլ հուշարձանների վրա աճած ծաղիկները, ուրախանում, որ հին քարի արանքում ծաղիկ է աճել, մտածում, որ գեղեցիկ է, և լուսանկարում տեսարանը: Իրականում խոտերը, բույսերը մեծ վնաս են հասցնում հուշարձանին: Օրինակ` Բղենո-Նորավանքը շատ լավ վերականգնվել է, տարածքը` բարեկարգվել, բայց քանի որ հուշարձանը չի օգտագործվում, խոտերը մաքրող չկա, նորից անմխիթար վիճակում է հայտնվել:

Այս մասին ասաց «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» փոխնախագահ Ստեփան Նալբանդյանը նոյեմբերի 14-ին կազմակերպված ասոցիացիայի առաջին համագումարի ժամանակ:

 «Եթե մենք մի բան վերականգնում ենք եւ ուզում ենք օգտագործել նպատակային` թե զբոսաշրջության զարգացման, թե պատմության, հետագա սերունդներին փոխանցելու համար, ապա պետք է անընդմեջ հետեւողական լինենք դրա օգտագործման հարցում»,- ասաց Ստեփան Նալբանդյանը: Նա նշեց, որ անընդհատ քայքայվում, կործանվում է նաև Խոսրովի արգելոցի տարածքում գտնվող Գեղի բերդը: 16_11-ek-2

«Ավելի շատ ուզում եմ, որ բերդը օգտագործելի դառնա, որ ճանապարհ բացվի, հարթվի զբսաշրջիկների համար, այցելություն լինի: Էլ չեմ ասում, որ գանձագողեր, որսագողեր և այլն անընդմեջ նմանատիպ տեղեր են այցելում և անընդհատ եղածն էլ են քայքայում»,- ասաց Ստեփան Նալբանդյանը: Տարիների ընթացքում վերականգնող ճարտարապետները կարողացել են ամբողջությամբ վերականգնել Գնդեվանքը, սակայն հուշարձանի այցելուները «արձանագրություններ» են թողնում, վերականգնված հուշարձանն էլ այսօր չի օգտագործվում այն իմաստով, որ տարածքը չի բարեկարգվում, պահակ չկա: 16_11-ek-3 «Դրա հետևանքով Գնդեվանքը նորից կործանվում է: Գուցե նորից դրամներ տրամադրվեն` այս հուշարձանը վերականգնելու և այլն: Գնդեվանքի վրա ծառեր են աճել: Արդեն պեղված, ուսումնասիրված, վերականգնված հուշարձանի տարածքում գանձագողերն են մտնել. չգիտես` ինչ են փնտրում քրիստոնեական եկեղեցում»,- ասաց Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիայի» փոխնախագահը: 16_11-ek-4 Գոշավանքն այսօր պահպանվում է միայն մի տատիկի շնորհիվ: Այդ տատիկն է ավլում, մաքրում, երբ ինչ-որ բան է թափվում է, սակայն տատիկն ի վիճակի չէ այնպես պահպանել հուշարձանը, որ այն օգտագործվի: Գոշովանք վանական համալիրի մատուռի վրա ծառեր են աճել: «Ոչ գյուղական համայնքը, ոչ տեղական ինքնակառավարման մարմինները ձեռք չեն մեկնում, ոչ ոք չի ասում. «Մի հատ աստիճան դնեմ, գնամ էն ծառը հանեմ»: Ով պետք է անի` ես էլ չգիտեմ: Գոշավանքը Մայր Աթոռին է պատկանում. հոգեւորականը թող անի»,- ասաց Ստեփան Նալբանդյանը: 16_11-ek-5

Նրա խոսքերով` Սանահինի այս խաչքարին այսօր հասնելու համար պետք է մի մեծ թուր ունենաս, որպեսզի ճանապարհին խոտերը ջարդուփշուր անես: Բավականին մեծաթիվ զբոսաշրջիկներ են այցելում այստեղ, և որքան հաճելի կլինի, եթե այդ տարածքը ավելի բարվոք, մաքրված լինի: «Այնպես չէ, որ այս տարի են այս խոտերն աճել: Այդ խոտերը 10 տարի է, այսպես կան ու կամաց-կամաց ծառեր են դառնում: Խնդրեմ` արդեն ծառ է դարձել»,- ասաց Ստեփան Նալբանդյանը` մատնացույց անելով Սանահինի եկեղեցու նկարը: 16_11-ek-16

Շիկահող գյուղի եկեղեցու վրա ևս ծառեր են աճում: 16_11-ek-6

Ստեփան Նալբանդյանը գյուղապետին բազմիցս ասել է. «Ուզում եք, որ մի բարերար գա, ձեր եկեղեցին վերականգնի, սա անի, նա անի: Լավ, չե՞ք կարողանում մի հատ աստիճան բերել, ծառը կտրել»: «Տեսեք` ինչ ծառ է վրան աճել»,- ասաց Ստեփան Նալբանդյանը: 16_11-ek-7

Տարիներ առաջ վերականգնվել է նաև Սեդվի վանքը, սակայն այսօր չօգտագործվելու, նպատակին ճիշտ չծառայելու հետևանքով ծածկվել է խոտերով, ծառերով և լրիվ կործանվում է: Վանքին կից կառույցների մեջ աղբ է լցված: «Ոչ պահակ կա, ոչ մաքրող: Երևի հենց սեդվեցիք են աղբը լցնում, իրենք էլ իրենց վանքով ուրախանում են»,- ասաց Ստեփան Նալբանդյանը: 16_11-ek-8 Տաթևի անապատը 1-2 տարի առաջ ծառահատվել և մաքրվել է, բայց դրանից հետո դարձյալ անուշադրության է մատնվել, չկան հսկիչ, պահակ: Հաճախ կենդանիները տարածք են մտնում: Մինչդեռ նման պատմական հուշարձանով Հայաստանը կարող էր զբոսաշրջիկների գրավել: 16_11-ek-9 Ստեփան Նալբանդյանի խոսքերով` Տաթևի վանք տանող ճանապարհը անմխիթար վիճակում է: «Հասկանում եմ` ծրագիր կա ճանապարհը վերանորոգելու և այլն: Բայց այսօր այնտեղ այնպիսի խնդիրներ են առաջացել, որ մինչև ծրագիրն անելը երևի այդ ճանապարհը վերանա»,- ասաց նա: Մասնագետի խոսքերով` այսօր մենք օգտագործելու տեսանկյունից կորցնում ենք նաև բնակավայրեր, այսինքն` ոչ ճանապարհ կա, ոչ բարեկարգ տարածքներ, որ զբոսաշրջիկները այցելեն: Օրինակ` Տեղ գյուղի այս բնակավայրերը: 16_11-ek-10

Նույն վիճակում է նաև Խնձորեսկի պատմական բնակատեղին: 16_11-ek-11

Անդրադառնալով բնակատեղիների օգտագործման տեսանկյունից աշխարհի փորձին` Ստեփան Նալբանդյանը բերեց Իրանի Կանդովան բնակավայրի օրինակը: 16_11-ek-12 Իրանցիները քարայրները օգտագործելու հետաքրքիր ձև են գտել: Այսպիսի քարայրներ նաև Հայաստանում կան, բայց Իրանում դրանցից գյուղական հյուրանոցներ, ռեստորաններ են սարքել, որոնք օգտագործվում են: Տարեկան 4 մլն զբոսաշրջիկ է այցելում Կանդովան. սա ներքին զբոսաշրջություն է: 16_11-ek-13

Ատեփան Նալբանդյանը անդրադարձավ նաև Հայաստանի բարվոք հուշարձաններին: «Երբ մենք հուշարձանի տարածքը բարեկարգում ենք, ցանկապատում, և հոգևորականը ժամանակ առ ժամանակ մտնում է, մաքրում է իր հարազատ տան պես, հուշարձանը պահպանվում է: Օրինակ` գրեթե 10 տարի է, վերականգնվել է Արջովիտի Սբ. Գևորգ եկեղեցին, և քանի որ այսօր օգտագործվում է, ժողովուրդը հաճախում է, քահանան գյուղում է ապրում, ամեն օր մտնում է, տիրություն է անում, եկեղեցին պահպանվում է»,- ասաց նա: Լավ պահպանվում, բարեխղճորեն օգտագործվում է նաև Գանձասարը, որը բազմաթիվ զբոսաշրջիկներ է ունենում: 16_11-ek-14

Հուշարձանի պահպանման լավագույն օրինակներ են Գառնիի տաճարը, Գեղարդավանքը, Նորավանքը, Մայիսյան գյուղի եկեղեցին: «Մեր քաղաքներում գտնվող պատմական նշանավոր հուշարձանները ևս օգտագործվում և պահպանվում են: Օրինակ` Գյումրիում: 16_11-ek-15

Ժողովրդական տները իրենց ճիշտ նպատակով են օգտագործվում և պահպանվում: Շատ հաճելի է: Ռեստորան էլ կա դրա մեջ, բայց գիտես, որ ամեն ինչ բարեխղճորեն է արված, հուշարձանը վնասված չէ»,- ասաց Ստեփան Նալբանդյանը: Նա հավելեց, որ «Պատմական հուշարձանների ճարտարապետների հայկական ասոցիացիան» շարունակելու է հուշարձանների մոնիտորնգը նաև մյուս տարի, միշտ այցելելու է հնավայրեր և հետևելու դրանց վիճակին:

Լուսանկարները տրամադրել է Ստեփան Նալբանդյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter