HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչ կտա «Թեղուտի ծրագիրը» Թեղուտին

16.11.09_h-meliqsetyanՆոյեմբերի 14-ին Լոռու մարզի Թեղուտի համայնքապետ Հարություն Մելիքսեթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Թեղուտի հանքավայրում աշխատում են 115 թեղուտցիներ: «Միջին աշխատավարձի մասին ես մոտավորապես գիտեմ, տարբեր աշխատողներ տարբեր աշխատավարձ են ստանում, օրինակ՝ ջրահեռացման համակարգի վրա աշխատող բետոնագործները, մի 150 հազար դրամ աշխատավարձ են ստանում»,- ասաց համայնքապետը:

Թե քանի ընտանիք է «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատելու ակնկալիքով վերջին մեկ տարվա ընթացքում վերադարձել արտերկրից  Հ. Մելիքսեթյանը պատասխանեց. «Վերադարձել են էն մարդիկ, ովքեր արդեն «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանք են գտել, երեւի մի 5-6 ընտանիք: Ժամանակին մի 70-80 ընտանիք արտագնա աշխատանքի էին մեկնում, հիմա, որ մատներիս վրա հաշվեմ, երեւի մի 4-5 թեղուտցի արտագնա աշխատանքի մեկնի»: Թեղուտի 760 բնակիչների մի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ: Գյուղացիները ներկայումս զբաղեցնում են սեփականաշնորհված 25 հա վարելահողեր: Թեղուտում աշնանացան չի արվում, հացահատիկային կուլտուրաներ էլ  չեն մշակվում: Վարելահողերի  հազիվ 10 տոկոսն է մշակվում: Մշակողներն էլ գարնանը  հիմնականում  կարտոֆիլ, և բանջարեղեն են ցանում: «Նախկինում գյուղացիները ունեցել ենք 47 հա վարելահողեր»,- բացատրեց համայնքապետը: Նա հայտնեց, որ առանձին գյուղացիների կողմից դեռևս մշակվում են նաև այն տարածքները, որոնք վաճառվել են «Թեղուտ» ԲԲԸ-ին եւ դեռևս արտադրական նպատակներով չեն օգտագործվում: «Թեղուտի համայնքի 67 հա վարելահողերից այս պահին 30 հա -ը «Թեղուտ» ՓԲԸ-ի ձեռքին է»,- տեղեկացրեց Հ.Մելիքսեթյանը: Նա  հայտնեց, որ «Թեղուտ» եւ «Էյ-Սի-Փի» ընկերությունները միասին 1,5 մլն. դրամ վարձավճար, 1,5 մլն դրամ էլ հողի հարկ են վճարել համայնքի բյուջե: «Ես պատկերացնում եմ, որ, եթե թեղուտեցին էսօր աշխատատեղ չունենա, բնականաբար ընդամենը 67 հա  վարելահող ունեցող, որի վրա նույնիսկ տրակտոր չի աշխատում, էդ թեղուտեցին գնալու ա Թեղուտից, ունենալու ենք Հայաստանի մի հատ դատարկ գյուղերից մեկը: Անասնապահությունը չնչին քանակությամբ է: Էսօր աշխատանքի երաշխիք ոչ մեկը չի տալիս»,- գյուղի վիճակը անհուսալի   ներկայացրեց համայնքապետը: Սաղարթախիտ անտառներով ու ինքնատիպ հատապտուղներով հարուստ Թեղուտում հատապտուղների վերամշակման ձեռնարկություն ունենալու առաջարկը Հարություն Մելիքսեթյանին  դուր չեկավ. «Դե կդնեին, մենք սպասում ենք: Շատ կներեք, բայց Թեղուտ համայնքում վերջին 20 տարում ոչ մի լումա, ոչ մի կազմակերպություն չի ներդրել, բացի «Թեղուտ» ՓԲԸ-ից»,- դժգոհ  հակադարձեց նա: Գյուղամիջի խանութներից մեկի սեփականատեր Արիստակես Մելիքսեթյանի հետ զրուցեցինք գյուղիացիների գնողունակության մասին: «Առանց պարտքի խանութ ա լինում, մոտավորապես 140 մարդ խանութին պարտք ունի: Բնակչությունը հիմնականում մակարոն են առնում, կրուպեղեն, ճաշացուներ: Փողները չի հերիքում երշիկեղեն առնեն: Աշխատավարձը ստանում են, նիսյան փակում, նորից նստում պարտքի վրա»,- ասաց խանութի սեփականատերը: Գայանե Խաչիկյանի վկայությամբ էլ իրենց խանութից պարտքով մթերք է տանում  50 բնակիչ: Գյուղամիջում սկսեցի մարդկանց հետ զրուցել իրենց ապրելակերպի, դժվարությունների մասին: «Մի  5 տարի առաջ լավ եմ ապրել, հիմա միջակ եմ ապրում»,- ասաց 80-ամյա թեղուտցի Կիմա Աբգարյանը: «Որ չեմ աշխատում, ինչ իմանամ ոնց եմ ապրում»,- ասաց Մարտին Հոբոսյանը: Դոնարա Ամիրաղյանը պատմեց, որ իր 5 անձից կազմված ընտանիքին «Թեղուտ» ՓԲԸ-ում աշխատանք չեն տալիս եւ ասում են` հողը տվեք, աշխատանք տանք: «Հենց տնօրեն Պապոյանն է ասում»,- ասաց Դոնարան: «Մենք, բացի մեր սեփականաշնորհած հողը, գյուղի ծայրին, Ձորիգյուղ հանդամասում մեր գոմի առաջ տնամերձ 3700մ. հող ունենք: Ընկերությունը մեզանից 3700մ մեր էդ հողը 700 դոլարով ուզեց, մենք էլ չտվինք, դրա հմա էլ, մեզ լպատկի գործ էլ չտվեցին: Հիմա  5 անձ ենք, ոչ մեկս չենք աշխատում: Երկու ուսանող ունեմ»,- պատմեց Դոնարա Ամիրաղյանը: b-osmanyan_14.11.09Նրա որդին` Բակուր Օսմանյանը ասաց,  որ հեռակա սովորում է Վանաձորի ֆիզկուլտուրայի ինստիտուտում մոր պատմածին հավելեց,  որ ընկերությունը ուզում է իրենց 3700մ հողի հետ 700 դոլարով  գնել նաև հողամասի վրա գտնվող իրենց գոմն ու տունը: «Թեղուտ» ՓԲԸ-ն էդ հողամասը մեզանից ուզում ա առնել մետրը 38 դրամով, դա ծիծաղելի գումար ա»: Մայր ու որդի տեղեկացրին, որ Թեղուտի շուրջ 70 ընտանիք էժան գներով հողը չեն վաճառել, որի համար ընկերությունը դատի է տվել. «2-3 տարի կլինի դատարանից հա նամակ ենք ստանում: Մեր փաստաբանն էլ Կարեն Թումանյանն է, հլա տեսնենք ինչ ա լինում»,- ասաց Դոնարան: Դոնարա Ամիրաղյանի ընտանիքին աշխատանք չտալու մասին հարցրի «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանին: Ասաց, որ այդպիսի բան չի հիշում: Այդուհանդերձ այլևս թաքցնել հնարավոր չէ, որ Թեղուտում հանքավայրի կառուցման ծրագիրը իրականանում է գյուղացիների սեփականության իրավունքի կոպիտ խախտումներով: Այդ մասին սակայն, Թեղուտի համայնքապետ  Հարություն Մելիքսեթյանը  գերադասում է չխոսել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter