
Ռումբը Մերիին զրկեց ձեռքերից, ու սկսվեց նրա պայքարը պատերազմի դեմ
«Արդեն կարողանում եմ ինքնուրույն ճաշ եփել, բայց չեմ հասցնի հիմա պատրաստել, որ անուշ անենք: Փոխարենը ձեզ սուրճ կհյուրասիրեմ»,- ուրախանալով իր հերթական ձեռքբերումով` ասում է 24-ամյա Մերի Մեժլումյանը: Հետո բաժակներն է շարում սեղանին, ոտքով բացում ջրի ծորակը, բերանով բաժակը պահած` ջուր է լցնում սրճեփի մեջ: Ոտքով լուցկու տուփն է բացում, վառում գազօջախն ու սրճեփը դնում վրան:
«Ասում են` պատերազմը պրծավ, բայց իմ կռիվը սկսեց դրանից հետո»,- ասում է երկու ձեռքերից զրկված Մերին: Դեպքը տեղի է ունեցել 16 տարի առաջ` 1993 թ.-ի հուլիսի 23-ին:
Բարեկամներով հորեղբոր աշխատավայրի հարեւանությամբ գտնվող այգին էին գնացել: Զարմիկներով խաղում էին բացատում: Ադտեղ մի շուն կար. վաղուց ուզում էր տուն տանել, սակայն հայրը չէր համաձայնվում:
Այդ օրը հորը համոզել էր` շանը հետները պիտի տանեին տուն: Շան հետ երկար վազվզել էր, երբ կանչեցին ճաշելու: Մերին գնաց լվացվելու: Այդ պահին էլ ադրբեջանական օդուժի ինքնաթիռը սկսեց ռմբակոծել Կապանը:
«Ռումբը պայթեց, ընկա ջրի մեջ: Հիշում եմ` երբ ուշքի եկա, ձեռքերս դրեցի գետնին` ջրի մեջ` հալվեց, մի կտոր էլ չմնաց: Կասետային ռումբ էր, հալեցնում է, դրա համար շատ տուժեցի»,- վերհիշում է Մերին:
8 տարեկան աղջնակը ոտքից էլ էր վիրավորվել: Մեկուկես տարի դպրոց չգնաց: «Անգամ չէի ուզում որեւէ մեկի հետ շփվել: Երրորդ դասարանից միացա ընկերներիս, ամաչում էի, ասում էի` նորմալ չեն ընդունի, բայց սխալ էի մտածում»,-ասում է Մերին եւ ավելացնում, որ վերջին 4 տարում է այսպես բացվել:
«Էլ չեմ ամաչում, ընդհակառակը` հիմա ով ինձ փողոցում ակնապիշ ու զարմացած նայում է, կանգնում եմ ու հարցնում` կարո՞ղ է պարտք եմ: Ես եմ իրենց ամաչեցնում»,- շարունակում է նա: Հետո ընդհատում է պատմությունը, գդալով խառնում սուրճը:
«6 ամսական եմ ծնվել, բժշկական ակվարիումում են ինձ պահել. չեմ մահացել: Ռումբը պայթեց` էլի ապրում եմ, ուրեմն պնդաճակատ եմ»,-ժպտալով եզրակացնում է Մերին ու սուրճը լցնում բաժակների մեջ:
Սուրճի բաժակի շուրջ խոսակցությունը տեղափոխվում է այլ ոլորտ: 11 հազար դրամ թոշակ է ստանում: Իմ հարցին ի պատասխան` թե բավականացնու՞մ է, էլի ծիծաղում է: «Չէ, դա փող չի, հայրս էր աշխատում, հիմա մի քանի ամիս է գործ չունի: Մեծ եղբայրս է աշխատում, ամուսնացել է վերջերս:
Մյուս եղբայրս բանակում է ծառայում: Տատս էլ է թոշակ ստանում, մի խոսքով, ապրում ենք լավից-վատից »,- զարմանալի թեթեւությամբ ասում է Մերին: Նա ավարտել է Ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղը, տնտեսագետ է, շուտով պիտի աշխատի` խոստացել են:
«Դպրոցն ավարտելուց հետո ուզում էի տանը նստել: Մտածեցի, որ ծնողներս ու եղբայրներս հո պարտավոր չեն կրելու իմ խաչը, պահելու ինձ: Ու էդպես բուհ ընդունվեցի»,- ասում է Մերին:
Համոզված է, որ աշխատելով` կկարողանա փոքր-ինչ թեթեւացնել ընտանիքի հոգսը. «Մարզպետի տեղակալ Արա Դոլունցը խոստացել է, որ աշխատանք կունենամ: Ես էլ չեմ հոգնում, անընդհատ մարզպետարան եմ գնում ու հիշեցնում: Հունվարից կաշխատեմ»:
8 տարի առաջ Մերիի մայրը մահացել է, հայրն ամուսնացել է իր քեռակնոջ հետ: «Քեռիս զոհված ազատամարտիկ է, ու մամայի մահից հետո պապան ամուսնացավ քեռակնոջս հետ: Էդ պատերազմից, թվում է, թե միայն մեր գերդաստանն է տուժել»,- տխրելով` ասում է Մերին:
Բայց հետո իսկույն փոխում է խոսակցության թեման ու պատմում իր ձեռքբերումների մասին:
«Եթե մի բան ցանկանում եմ, հասնում եմ: Չեմ թողնում ինձ սովորեցնեն: Հիմա ինչ անում եմ, ինքնուրույն եմ սովորել: Մի օր` վատ, մի օր` լավ, հետո սովորեցի, հարմարվեցի ամեն ինչին, կյանքի դժվարություններին այժմ դիմանում եմ ու կդիմանամ»,- ասում է Մերին:
Նրա հետ խոսեցի նաեւ սիրած տղայի մասին` ասելով, որ նա կօգնի դժվարությունները հաղթահարել: «Հա, ճիշտ ես, դա իմ փոքրիկ գաղտնիքն է, բայց որ արդեն մարդիկ խոսում են, ուրեմն տեսել են»,- ենթադրում է Մերին: Մոտ մեկուկես ամիս է, ինչ սիրահարվել է: Տղան Երեւանից է, Կապանում է աշխատում:
«Ես նրան սիրում եմ, իսկ արդեն իրանից հարցրեք, թե ինչ գտավ իմ մեջ, սիրու՞մ է ինձ, թե...»,- կատակում է Մերին` առայժմ գաղտնի պահելով սիրած տղայի անունը: «Հաջորդ հանդիպմանը կծանոթացնեմ:
Կյանքումս առաջին սերն է, եթե ամեն ինչ հաջող լինի, կամուսնանամ, բայց 30 տարեկանում»,- ժտալով ասաց նա` ըմպելով սուրճի վերջին կումը:
Նա պատրաստվում էր կերակրել իր կատվին:
Մեկնաբանել