«Վալլեքս գրուպը» կազմակերպել էր «Թեղուտ. Զավակների հացը» ֆիլմի քննարկումը
Նոյեմբերի 14-ին Թեղուտի գյուղի մշակույթի պալատում «Վալլեքս գրուպի» նախաձեռնությամբ տեղի ունեցավ Տիգրան Պասկեւիչյանի «Թեղուտ. Զավակների հացը» ֆիլմի քննարկումը: Քննարկումը վարում էր «Վալլեքս գրուպի» նախագահի ռեֆերենտ Վահրամ Ավագյանը: Ֆիլմը դիտելուց հետո այն պետք է քննարկեին Հայաստանի 7 բուհերի շուրջ 140` ԵՊՀ-ի, բժշկական, սլավոնական և մի քանի այլ համալսարանների ուսանողներ և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
Քննարկմանը ներկայացել էին նաեւ մի քանի թեղուտցիներ: Վերջին տարիներին «Վալլեքս գրուպը» Հայաստանի մի քանի բուհերի ուսանողների հետ էքսկուրսիաներ և ծառատունկեր կազմակերպելու ճանապարհով գտել է համագործակցության եզրեր: Շրջանցելով Թեղուտի հետ կապված լուրջ մտահոգությունները` ուսանողների մեծ մասը անվերապահորեն պաշտպանում էր «Վալլեքս գրուպի» Թեղուտի ծրագիրը: Մինչև ֆիլմի ցուցադրումը Վահրամ Ավագյանը ուսանողներին փորձեց կողմնորոշել. «Այս ֆիլմի առանձնահատկությունն այն է, որ ֆիլմի հեղինակը փորձել է հակադրել կարծիքներ, որը մեր կարծիքով հաջող չէ: Դուք ֆիլմը կտեսնեք և կհամոզվեք դրանում»: Իսկ ֆիլմը դիտելուց հետո պարզվեց, որ Վահրամ Ավագյանը ֆիլմը ընկալել էր ընդամենը ընկերության շահերի դիտակետից: Քննարկման ընթացքում ուշագրավ էր «Վալլեքս գրուպի» տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Թագուհի Կարապետյանի գնահատականները: «Շնորհակալություն պարոն Պասկևիչյանին, իսկապես, երբ որ ժամանակ առ ժամանակ ցանկացած լրատվություն, ցանկացած հեռուստատեսություն և ռեժիսոր, որը անդրադառնում է մեր հանրապետության անհանգաստացնող ցանկացած հարցի, դա լինի բնապահպանական, տնտեսական թե մշակութային, ողջունելի է: Դրա համար ես սրտանց շնորհակալություն եմ հայտնում պրն Պասկևիչյանին: Եվ նրա բաց հայտարարությունը, երբ որ նա եկավ մեր ընկերություն և առանց թաքցնելու ասաց, որ գիտեք ինչ, ես ստացել եմ պատվեր «Էկոդար» հասարակական կազմակերպությունից եւ պետք է կատարեմ պատվեր, այսինքն պետք է նկարահանեմ ֆիլմ, դուք ուզում եք տվեք ինֆորմացիա, ուզում եք մի տրամադրեք, միեւնույնն է, ես պետք է նկարահանեմ»: Տիգրան Պասկեւիչյանը չէր մասնակցում քննարկմանը եւ ներկաները չկարողացան իմանալ նման բան ասել է, թե չի ասել ֆիլմի հեղինակը: Թագուհի Կարապետյանը հայտնեց նաև ֆիլմի մասին ընկերության կարծիքը. «Պարզապես թյուր տրամադրված ինֆորմացիա կա, մի քիչ ռեժիսորի, մի քիչ հասարակական կազմակերպությունների կողմից, մոտեցումներ տարբեր հարցերի, որը մի մասով մասնակիորեն ընկերությունը կիսում է, մասնակիորեն չի կիսում: Դրա համար մենք ընտրում ենք բաց քննարկում»: Ակնհայտ էր, որ ֆիլմը մեծ ազդեցություն թողեց դահլիճում գտնվողների վրա: Ուսանողների ստվար մասը քննարկման ընթացքում կարևոր հարցադրումներ էին անում: Քննարկման առաջին հարցը «Թեղուտ» ՓԲԸ-ի տնօրեն Ռուբեն Պապոյանին ուղղեց լրագրող Հրաչյա Պապինյանը. «Լուրջ մեղադրանք կար ֆիլմում հողերի անօրինական առքուվաճառքով գնելու մասին: Ընկերությունը մեղադրվեց գյուղացիներից հողերը խլելու և պայմանագրեր չկազմելու համար: Իրականում պայմանագրեր չկա՞, ինչպե՞ս է վաճառվել այդ հողերը, մարդկանցից խլվե՞լ են այդ հողերը»: «Իրականությունը այլ է, Կառավարության որոշումը կայացվել է 2007թ.-ի նոյեմբերի 1-ին, բայց մեր ընկերությունը 2006թ.-ի օգոստոսից սկսած կատարում է հողերի գնման գործարքներ: Մեր ընկերության արտադրական անհրաժեշտ տարածքներում եւ տարածքներից դուրս եւ մինչև Կառավարության որոշումը ձեռք է բերել Թեղուտ, Շնող համայնքների բնակիչներից ծրագրին անհրաժեշտ հողերի 80 տոկոսը եւ անձամբ պրն Պասկևիչյանի հետ, պրն Հրայրի հետ եղել ենք իմ աշխատասենյակում, եթե կուզեք բուհերի ավագները, երիտասարդական կազմակերպությունների ղեկավարները կարող եք գալ նայել, որ 345 տնտեսության հետ կնքել ենք պայմանագրեր եւ ձեռք ենք բերել հողեր, մինչև Կառավարության որոշումը»,- ասաց Ռ. Պապոյանը: Ֆիլմի ցանկացած հարցադրում «Վալլեքս գրուպի» գործունեության հետ կապված նոր հիմնախնդիրներ էր բացահայտում, որոնց վերաբերյալ անմիջականորեն հարցեր էին ուղղվում ընկերության աշխատակիցներին: Վերջիններս դժվարանում էին պատասխանել դրանց: «Թեղուտ, Զավակների հացը» ֆիլմն իր հարցադրումներով արժեքավոր է հատկապես տարածաշրջանի բնապահպանական վիճակին անտեղյակ բնակչության իրավունքների ոտնահարման փաստերի ներկայացման և բնապահպանական տեղեկատվության առումով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել