HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Ադնակլասնիկի» գործով մեղադրվող ոստիկանների նկատմամբ դատարանը համաներում կիրառեց

odnoklassniki_16.11.09«Ադնակլասնիկի» գործով մեղադրվող ոստիկանների պաշտպանը, համաձայն չլինելով առաջադրված մեղադրանքին, նոյեմբերի 13-ի նիստին ժամանակ էր խնդրել պատրաստվելու համար: Դատական նիստը շարունակվեց երեկ: Փաստաբան Ռուբիկ Մովսիսյանը իր ճառը սկսեց նրանից, որ թե´ ինքը, թե´ իր պաշտպանյալները դատարանից ակնկալում են արդարացման դատավճիռ եւ ամենեւին էլ համաձայն չեն առաջադրված մեղադրանքին, քանի որ Աշոտ Թափալցյանն ու Սիմոն Սարգսյանը քրեորեն պատժելի արարք չեն կատարել: Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Ադնակլասնիկի» գործով նոյեմբերի 13-ի դատական նիստում ճառով պիտի հանդես գային մեղադրող եւ պաշտպանական կողմի ներկայացուցիչները: v-mkhitaryan_16.11.09Դատական վիճաբանության փուլում հանդես եկող մեղադրող Վ. Մխիթարյանը դատարանից պահանջեց մեղավոր ճանաչել ամբաստանյալներ Աշոտ Թափալցյանին եւ Սիմոն Սարգսյանին քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական լիազորությունների չարաշահում)` պահանջելով 3 տարի ազատազրկում Աշոտ Թափալցյանի եւ 2 տարի 6 ամիս ազատազրկում Սիմոն Սարգսյանի համար: Միաժամանակ առաջարկեց կիրառել ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը եւ ամբաստանյալներ Աշոտ Թափալցյանին ու Սիմոն Սարգսյանին ազատել պատժի կրումից: Պաշտպանի ներկայացմամբ` իր պաշտպանյալները ոչ թե օրենք են խախտել, այլ  ընդամենը հրահանգի կետեր, որի համար էլ ենթարկվել են կարգապահական տույժի: Ռուբիկ Մովսիսյանը պնդում էր, որ Աշոտ Թափալցյանի կողմից դեպքի գրանցումը մեկ օր ուշ կամ մեկ օր շուտ, ոչ մի կերպ չի նպաստել հանցագործների օրենքից թաքնվելուն, քանի որ վերջիններս մինչեւ ապրիլի 27-ը գտնվել են Գյումրիում եւ փախուստի են դիմել միայն Տիգրանի մահվան լուրն առնելուն պես: «Ինչպե՞ս կարելի է մեղադրել Աշոտ Թափալցյանին քրեական գործ չհարուցելու մեջ, եթե մահացածի հարազատների բոլոր ցուցմունքներում շեշտվում է, որ Տիգրանն ընկել է եւ ոչ մի տեղ չկա գրված, որ տղային դաժանաբար ծեծել են,- հարցադրումով դատարանին դիմեց պաշտպանը,-ինչո՞ւմ են թերացել իմ պաշտպանյալները, եթե ոչ շտապօգնությունից, ոչ հիվանդանոցից ահազանգ չեն ստացել դեպքի կապակցությամբ: Ինչի՞ հիման վրա պիտի նրանք գործ հարուցեին: Իսկ Աշոտ Թափալցյանն էլ ռենտգեն չէր եւ չէր կարող անզեն աչքով տեսնել այն, ինչ հայտնաբերվել է միայն տոմոգրաֆիական ստուգման ժամանակ»: Ինչ վերաբերում է Սիմոն Սարգսյանին, ապա պաշտպանը նշեց, թե հետաքննիչը 3 օր ձգձգել է եւ չի գնացել ու հարցաքննել Տիգրան Թադեւոսյանին, և ինքն ունի իր ձեռքի տակ Մարգարյան հիվանդանոցի բժիշկ Գրիգորյանի ապրիլի 22-ի գրառումը, որտեղ գրված է, որ Տիգրան Թադեւոսյանը ամպրիլի 16-ի ուշ երեկոյան ընդունվել է հիվանդանոց անգիտակից վիճակում եւ գրառումը կատարելու պահին էլ դեռ այդ վիճակում է եղել, հետեւաբար չի կարող ցուցմունք տալ: Կնշանակի իր պաշտպանյալ Սիմոն Սարգսյանը, ով հրաման էր ստացել զբաղվել այդ գործով ապրիլի 16-ի երեկոյան, չէր կարող թերանալ իր գործողություններում: «Իրավական փաստերին ճիշտ գնահատական չի տրվել,- հավելեց Ռ.Մովսիսյանը,- իմ պաշտպանյալները խախտել են հրահանգի կետեր, իսկ հրահանգը օրենքի ուժ չունի»: Օգտվելով ռեպլիկի իր իրավունքից` մեղադրող Վ. Մխիթարյանը կրկին պնդեց առաջադրված մեղադրանքը, շեշտելով, որ ամբաստանյալներ Աշոտ Թափալցյանը եւ Սիմոն Սարգսյանը չարաշահել են իրենց պաշտոնական դիրքը, պատշաճ կերպով չեն գրանցել դեպքը, տաք հետքերով չեն անցկացրել հետաքննություն եւ թույլ են տվել, որպեսզի հանցագործները դիմեն փախուստի: Իրենց վերջին խոսքում ամբաստանյալներն ասացին, որ դատարանից ակնկալում են արդարացման դատավճիռ: d-movsesyan_16.11.09Դատավոր Մովսեսյանը մեկ ժամով ընդմիջեց դատական նիստը վճիռը կայացնելու համար: Մեկ ժամ անց հրապարակելով դատավճիռը` դատավորը ապացուցված համարեց ամբաստանյալների մեղքը, նշելով որ վերջիններիս արարքը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասին, այն է` պաշտոնական լիազորությունների չարաշահում եւ պատիժ նշանակեց ազատազրկման ձեւով՝ Աշոտ Թափալցյանին 1 տարի 6 ամիս ժամանակով, իսկ Սիմոն Սարգսյանին 1 տարի ժամանակով: Քանի որ դեպքը կատարվել էր ապրիլի 16-ին, ապա դատարանը կիրառեց ՀՀ ԱԺ «Համաներում հայտարարելու մասին» 19.06.2009 որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը՝ ամբաստանյալներ Աշոտ Թափալցյանին ու Սիմոն Սարգսյանին ազատելով պատժի կրումից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter