Քննիչի չպատճառաբանած պատասխանը որդեկորույս մորը չհարցաքննելու համար
«Հետքն» արդեն անդրադարձել է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ, Կարո Սեւանյանի ինքնասպանությանը: Կարոն պայմանագրային հիմունքներով աշխատում էր Ճամբարակ քաղաքի N զորամասում: Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 29-ին պայմանագրային զինծառայողը 3 օրով գնացել էր Արդանիշ` զորահավաքների: Նա այդպես էլ չի վերադարձել տուն, եւ սեպտեմբերի 4-ին նրա դիակը կախված վիճակում գտել էին քրոջ մարագում:
Իրավապահ մարմիններն առաջ են քաշել ինքնասպանության վարկածը, սակայն, Կարոյի մայրն ու հարազատները պնդում են, որ կատարվածը ոչ թե ինքնասպանություն է, այլ սպանություն, քանի որ Կարոն չէր կարող պարանի օգնությամբ խեղդվել ծնկաչոք վիճակում: Բացի դրանից` Կարոյի պարանոցը կոտրված է եղել:
«Հետքի» հետ զրույցում Կարոյի մայրը` Լենա Ասլանյանը, պատմեց, որ նոյեմբերի 3-ին հանդիպել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ: Զրույցին ներկա են եղել պաշտպանության նախարարի տեղակալները, վարչության պետեր եւ այլ ստորաբաժանումների ղեկավարներ եւս: Պաշտպանության նախարարը խոստացել է բացահայտել կատարվածի իրական պատճառները, ինչին Լ. Ասլանյանը հավատում է:
Մարտունի քաղաքի ռազմական ոստիկանության քննիչ Արկադի Մկրտչյանը, ով քննում է Կարոյի ինքնասպանության գործը, Լ. Ասլանյանի ասելով` միշտ խուսափել է հարցաքննել իրեն, սակայն, իր եւ նախարարի հանդիպումից հետո քննիչ Մկրտչյանը եկել ու հարցաքննել է իրեն:
«Քննիչը ինձ չհարցաքննելը բացատրեց այն հանգամանքով, որ մի քանի անգամ եկել է մեր տուն ու տանը մարդ չի եղել: Դա բացառված է, որովհետեւ մեր տանը միշտ մարդ է լինում: Պարզ է, որ քննիչի մեր տուն գալը պայմանավորված էր նախարարի հետ իմ ունեցած զրույցից»,- ասաց տիկին Լենան:
Տիկնոջ ասելով, իր հետ առանձնազրույց է ունեցել նաեւ ՊՆ-ի քննչական վարչության ղեկավարը, ով նույնպես խոստացել է բացահայտել հանցագործությունը: Քանի որ Կարոն պայմանագրային զինծառայող է, փաստի առթիվ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ ՔՕ 110 հոդվածի 1-ին մասով («Ինքնասպանության հասցնելը») նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ եւ նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել