HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Քաղաքապետը  լույսն անջատելու  հանձնարարություն չի տվել 

Ստեփանակերտի քաղաքապետ Վազգեն Միքայելյանն այսօր «Հետքին» պարզաբանումներ է տվել օրերս տպագրված նյութում հնչեցված հարցերի վերաբերյալ` կապված փախստական Ռիտա Գալայանի ընտանիքի տեղափոխման եւ էլեկտրական հոսանքի անջատման հետ: (Տես հոդվածը` Փախստական ընտանիքի համար «պատժամիջոց» է ընտրվել էլեկտրական լույսի անջատումը) Մեր զրույցի ժամանակ քաղաքապետը հավաստիացրեց, որ իր հանձնարարականով չի անջատվել այդ քաղաքացու էլեկտրական հոսանքը: Նա նույնիսկ զարմանք արտահայտեց, թե ինչու է «Արցախէներգոն» կատարում քաղաքապետարանի հանձնարարականը, այն դեպքում, երբ ընկերությունը քաղաքապետարանի ենթակայության տակ չէ: «Քաղաքացու լույսը ոչ ոք իրավունք չունի անջատել, եւ դա բացառվում է, որ քաղաքապետարանի հանձնարարականով լինի»,-նշեց քաղաքապետը` ի պատասխան մեր այն հիշեցման, որ քաղաքապետարանի բնակշահագործման բաժնի պետը խոստովանել է, որ ինքն է հանձնարարել: Նա միաժամանակ շեշտեց, որ քաղաքացու լույսը պետք է միացվի, իսկ Աջափնյակ տեղափոխման հարցը պետք է ինչ-որ ձեւով լուծել, բայց ոչ ուժի կամ  նման քայլի կիրառմամբ: «Ցանկացած ղեկավար, եթե ուզում է ուժ կիրառել, ուրեմն շատ թույլ մարդ է: Ուժի կիրառումն անթույլատրելի է»,-հավելեց Վազգեն Միքայելյանը: Նա խոստացավ միջամտել, որ այսօր իսկ լույսը միացնեն: Տեղեկացնենք, որ փախստական ընտանիքի լույսը հենց նոր միացրեցին: Քաղաքապետը գտնում է, որ անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում է տվյալ քաղաքացին, եթե որոշմամբ իրեն հատկացված տուն կա, ուրեմն պետք է ազատի հանրակացարանը եւ տեղափոխվի նոր բնակարան: Քաղաքապետը խոստացավ նաեւ տեղափոխման հարցերի շուրջ զրուցել Ռիտա Գալայանի հետ: Իսկ Աջափնյակ թաղամասում հասարակական տրանսպորտի հարցը, քաղաքապետի խոսքերով, կլուծվի 2010 թվականի փետրվար ամսին անցկացվելիք տենդերի արդյունքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter