Լուսամուտներից եւ պատշգամբներից աղբի փաթեթներ շպրտելը դարձել է սովորույթ
Նկարում պատկերված և աղբի մեջ թաղված այս շենքը Ալավերդի քաղաքի Էվոյան փողոցի 1-ա շենքն է: Այս աղբակույտերի միջով ամեն օր ներս ու դուրս են անում շենքի բնակիչները: Բակում խաղում են շենքի երեխաները: Իրենց տեղում հաստատուն այս աղբակույտերը յուրահատուկ կոլորիտ են հաղորդում բարեկիրթ կենցաղավարությանը անհաղորդ շենքի բնակիչներին: Չէ որ, վերջին հաշվով, շենքի բակում աղբը լցնում են հենց նրանք:
Եթե պարտադրված են լցնում, պատասխանատուներից չպահանջելով խնդրի լուծումը, այսինքն անտարբերությունը նույնպես, ոչ մի ձեւով չի արդարացնում նրանց: Ալավերդու քաղաքապետարանը 2009 թ.-ի համայնքի բյուջեի եկամուտներից 30 մլն դրամ է հատկացրել քաղաքի աղբահանության համար: Նոյեմբերի 17-ի դրությամբ այդ գումարից քաղաքապետարանն արդեն ծախսել է 26,5մլն դրամը: Այդուհանդերձ, Ալավերդին մաքուր քաղաքների շարքին չի դասվում: Աղբահանության տեսակետից անմխիթար վիճակում են նաև քաղաքի մյուս բարձրահարկ բնակելի շենքերի աղբատարները, որոնց շրջակայքում շաբաթներով չհեռացված աղբի մեջ մշտապես «խրախճանքներ» են սարքում թափառող շներն ու կատուները: Բնակիչների մեծամասնության համար վաղուց արդեն սովորույթ է դարձել շենքերի` իրենց բնակարանների լուսամուտներից և պատշգամբներից, դեպի բակ աղբի փաթեթներ շպրտելը: Իսկ նրանք, ովքեր ըմբոստանում են այս երեւույթի դեմ, ստիպված են լինում կռվել հարևանների հետ: Պատահում է, որ շեմ- շեմի ապրելով` տարիներով չեն շփվում: Որքան էլ դրդապատճառները ազնիվ լինեն, հարևանի հետ խռովելն ու թշնամանալը արդարացված չէ:
Խորհրդային տարիներին, Ալավերդու Հայպետշին թաղամասի շենքերի բակերում անակնկալ հայտնվում և պատշգամբից աղբ թափող բնակչին հայտնաբերած ԲՇՏ-ի «կամենդատ» Բեթխեմն իր ձեւով «դաստիարակում էր» : Այսօր, Ալավերդու հին բնակիչները, կենցաղային աղբի մեջ թաղված շենքերի մոտով անցնելիս, երանությամբ են հիշում տիկին Բեթխեմին ու շենքերրի բակերը աղտոտող բնակիչներին հասցեագրված նրա հիշոցները: Իր գործը սիրող Բեթխեմն ամեն գնով հասնում էր իր աշխատանքային պարտականության անթերի կատարմանը: Նրա հիշոցները Ալավերդիում հիմա հումորով են հիշում, իսկ աշխատանքը՝ երանությամբ: Ցավոք, ետխորհրդային տարիներին Ալավերդու բնակելի շենքերում բնակշահագործման տեղամասերի աշխատողները հայտնվում են միայն սպասարկման վարձավճարներ հավաքելու համար, որն էլ վճարելիս բնակիչները մշտապես հարցնում են, թե որ սպասարկման համար են նրանք ուզում այդ վճարները: Իսկ շենքերի բակերը մաքուր են թե ոչ, նրանց բնավ չի հետաքրքրում: Դրա մասին հիշեցնելիս էլ՝ արդարանում են, թե համայնքապետարանի բյուջեից ֆինանսավորում չեն ստանում: Աղբահանությունն Ալավերդու քաղաքապետարանին պատկանող «Ալավերդի Բարեկարգում» ՍՊԸ-ի գործն է, իսկ այս ՍՊԸ-ն նունիսկ մի Բեթխեմ չարժե:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել