HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարտի 1-ին ոստիկանները գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում»,- գտնում է պաշտպանական կողմը

Սոնա Մաշուրյան 2008թ. մարտի 1-ի առավոտյան Երեւանի  Հանրապետության հրապարակում պաշտոոնական լիազորություններն անցնելու մեղադրանքով ոստիկաններ Գեղամ Հարությունյանի եւ Հովհաննես Ղուկասյանի գործով  դատական նիստում այսօր էլ չսկսվեց դատաքննությունը: Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ,  քննության առավ եւ մերժեց Ոստիկանության Երեւանի վարչության Պետական պահպանության ծառայության գնդի ոստիկաններ Գ. Հարությունյանի եւ Հ.Ղուկասյանի պաշտպան Արշակ Թովմասյանի միջնորդությունը գործով մեղադրող Հարություն Հարությունյանի դեմ բացարկ հայտնելու մասին: Ըստ պաշտպանական կողմի` ողջամիտ կասկած կա, որ մեղադրողը անկողմնակալ չէ: Մասնավորապես, ըստ պաշտպանի, դատախազը գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն է  իրականացրել, հաստատել մեղադրական եզրակացությունը, դատարանում շարունակում է պաշտպանել մեղադրանքը, թեեւ ամբաստանյալները ընդամենը պահպանել են հասարակական կարգը, իսկ իրավախախտ քաղաքացուն ռետինե մահակներով հարվածներ հասցվել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում: Ըստ նրա, ինչպես ցույց տվեցին զոհերի հանգեցրած հետագա` մարտի 1-ի երեկոյան դեպքերը, անհրաժեշտ պաշտպանության կարիք, իրոք, կար: Պաշտպանը նշեց նաեւ, որ մարտիմեկյան գործերով օրինական ուժի մեջ մտած  դատավճիռներով արդեն հաստատված ու ապացուցված է համարվում, որ Երեւանում եղել են զանգվածային անկարգություններ, որի ընթացքում ոստիկանների նկատմամբ կիրառվել են կյանքի եւ առողջության համար վտանգավոր բռնություններ: Մեղադրող Հարություն Հարությունյանը առարկեց  միջնորդության դեմ, նշելով, որ ամբաստանյալներին ներկայացված մեղադրանքը «լիովին  ապացուցված է ապացույցների բավարար  ամբողջությամբ»: Ըստ մեղադրողի, իրավախախտ քաղաքացու նկատմամբ ուժ գործադրելու եւ անհրաժեշտ պաշտպանության դիմելու կարիք չի եղել, քանի որ քաղաքացին արդեն իսկ վնասազերծված է եղել: Պաշտպանական կողմը ժամանակ խնդրեց դատարանից գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու համար, եւ դատական նիստը հետաձգվեց մինչեւ նոյեմբերի 24-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter