HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անահիտ Դանիելյան

Միջազգային զբոսաշրջային ասպարեզում Ղարաբաղին հաջողվեց ճեղքել շրջափակումը

NKR_17.11.09Նոյեմբերի 9-12-ը Լոնդոնում անցկացված WTM (World Travel Market) զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին առանձին տաղավարով մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվիրակությունը` ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանի գլխավորությամբ: Այսօր Ստեփանակերտում հրավիրած մամուլի ասուլիսը նվիրված էր այդ ցուցահանդեսին: Սերգեյ Շահվերդյանի գնահատմամբ` այս տարվա ցուցահադեսների մասնակցությամբ հաջողվեց ճեղքել միջազգային զբոսաշրջության բնագավառում այն շրջափակումը, որը ստեղծվել էր 2003 եւ 2005թթ. Բեյրութում եւ Մոսկվայում անցկացված ցուցահանդեսներին մասնակցելուց հետո: Հենց դրանցից հետո Ադրբեջանի ջանքերով միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսների կազմակերպիչները մինչեւ 2008 թվականը սկսեցին մերժել Ղարաբաղի հայտերը: Այս ուղղությամբ 2008թ. վերջերին սկսված աշխատանքների արդյունքում 2009-ի գարնանը հաջողվեց ստանալ Բեռլինում կազմակերպած միջազգային ցուցահանդեսին մասնակցելու թույլտվություն: Մասնակցությունը հաջողվեց, բայց մեծ դժվարություններով, որոնցից մեր պատվիրակությունը զերծ չէր նաեւ այս տարվա երկրորդ ցուցահանդեսի ժամանակ, որը կայացավ աշնանը, Փարիզում: Այս երկու դեպքերում էլ Ադրբեջանը շատ մեծ ջանքեր էր ներդնում Ղարաբաղի պատվիրակության մասնակցությունը տապալելու համար, ինչը, Ս.Շահվերդյանի խոսքերով, զգացվում էր ողջ միջոցառման ընթացքում: Այս անգամ, սակայն, չնայած Ադրբեջանի ջանքերին, ցուցահանդեսի մասնակցությունն անցավ առանց խոչընդոտների, եւ ինչպես պատվիրակության ղեկավարն է խոստովանում, Ադրբեջանի ազդեցությունն այնքան էլ չզգացին: Այս ամենը հաշվի առնելով է հենց պարոն Շահվերդյանը գալիս այն եզրահանգման, որ ճեղքվել է միջազգային զբոսաշրջության բնագավառում Ղարաբաղի շրջափակումը: Բացի տարբեր երկրների զբոսաշրջության ոլորտի պատասխանատուների եւ մասնագետների հետ գործնական հարաբերություններ ստեղծելուց, Արցախի պատվիրակությանը հաջողվել է նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերել միջազգային հայտնի մի քանի լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, ինչի շրջանակներում Ղարաբաղի մասին քարոզչություն կտարվի այդ նույն լրատվամիջոցներով: Լոնդոնում կայացած ցուցահանդեսին մասնակցելու ծախսերը ամբողջությամբ հոգացել է ԼՂՀ կառավարությունը, բացառությամբ մասնավոր սեկտորի ներկայացուցիչների այնտեղ մնալու ծախսերը: Ի դեպ, առաջին անգամ մեր պատվիրակության կազմում կար նաեւ մասնավոր սեկտորի ներկայացուցիչ` «Արմենիա» հյուրանոցից: Իսկ ընդհանուր առմամբ, այս տարվա ցուցահանդեսներին մասնակցելու գործում իր ֆինանսական աջակցությունն է ցուցաբերել նաեւ «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը` շուրջ 10 մլն դրամի չափով: Լոնդոնում կայացած ցուցահանդեսը Ղարաբաղի պատվիրակության այս տարվա վերջին ցուցահանդեսն է: Հաջորդը, որը կկայանա Իտալիայում, կլինի գալիք տարվա փետրվարին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter