«ՀԱԿ-ը պատրաստվում է ստանձնել երկրի կառավարումը»
Հայ ազգային կոնգրեսն այսօր հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական խնդիրներին` նշելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խնդիրը, չնայած իր կարևորությանը, ստվերեց հայ ժողովրդի և պետականության համար այլ կարևոր խնդիրների արծարծումը:
Այս մասին այսօր «Հայացք» ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին տեղեկացրեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Վերջինն անդրադարձավ երկորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը` ուղղված առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանի ելույթին:
«Ես կմեկնաբանեի քաղաքական հայտարարություն: Ցավոք սրտի, արված հայտարարությունը որսորդի հայտարարություն է, որսորդի բառապաշար, որը քաղաքականության մեջ մենք չենք հասկանում, քանի որ սաֆարիներին չենք մասնակցում: Կարելի է ցավալ, որ այդ մարդը կլիզմայի մակարդակից չբարձրացավ: Կոնկրետ մեղադրանքներ էին ուղղված, կոնկրետ իրողությունների արձանագրություններ էին, և ուղղակի պետք էր դրանց անդրադառնալ, եթե ասելու բան կար»,- ասաց նա:
ՀԱԿ-ի մաս կազմող «Հայ կամավորականների համախմբում» ազգային-քաղաքական նախաձեռնությունը նախօրեին հայտարարություն էր տարածել, որը վերաբերում է Լ. Տեր-Պետրոսյանի ելույթին: Լ. Զուրաբյանը նշեց, որ Հայ ազգային կոնգրեսի հռչակագրում գրված է, որ ՀԱԿ-ին մաս կազմող բոլոր կուսակցությունները պահպանում են իրենց ինքնուրույնությունը` ընդհուպ մինչև բոլոր տեսակի ընտրություններում ինքնուրույն մասնակցելու իրավունքը: Բնական է, որ ՀԱԿ-ում կարող են տարբեր տեսակետներ լինել:
«Եթե այնտեղ որոշակի դժգոհություններ կան` Կոնգրեսի վարած քաղաքականության վերաբերյալ, դա ես նույնպես բնական և ընդունելի եմ համարում, քանի որ նմանատիպ դժգոհությունները միշտ էլ աշխատանքային կարգով հայտնվել են քաղխորհրդի նիստերում»,- ասաց նա:
Լ. Տեր-Պետրոսյանի ելույթը իշխանական կողմն իբրև «հեռացող կարապի երգ» էր բնութագրել: Անդրադառնալով այս հարցին` Լ. Զուրաբյանը նշեց, որ չեն փորձում Տեր-Պետրոսյանի հետ բանավիճել, միակ բանը, որ իշխանական քարոզչամեքենան փորձում է ասել, դա այն է, որ Տեր-Պետրոսյանը գնում է:
«Նույն բանը մի տարի առաջ էին ասում: Մինչև նրա առաջադրումն ասում էին, թե նա երբեք չի առաջադրվի և այլն: Սա արդեն քարոզչամեքենայի շատ սովորական դարձած մի հնարք է, որը ցույց է տալիս նրանց թուլությունը»,- ասաց նա:
Լ. Զուրաբյանը հավաստիացրեց, որ Կոնգրեսի գրասենյակում ակտիվ աշխատանքներ են ընթանում, ՀԱԿ-ը պատրաստվում է «ստանձնել ամբողջական պատասխանատվությունը ժողովրդի առջև, ստանձնել երկրի կառավարումը»: Հայ ազգային կոնգրեսը առաջվա նման պահանջում է Սերժ Սարգսյանի հրաժարականը:
«Կոնգրեսը շատ հստակ պահանջ է դրել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների: Եվ մեր աշխատանքները հենց դրան են ուղղված»,- ասաց նա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել