Բաց նամակ Տիգրան Խզմալյանին
Հարգելի պարոն Խզմալյան,
Առաջին եւ առայժմ միակ մասնագիտությամբ տնտեսագետ եմ: Գերազանցությամբ ուսանել եմ Հայաստանի Մայր ԲՈՒՀ-ի համանուն ֆակուլտետում եւ ապա` ասպիրանտուրայում: Նաեւ տարիքիս բերումով մասնագիտական նվաճումներով հպարտանալ չեմ կարող եւ քաջ գիտակցում եմ, որ ի դեմս խոսքիս հասցեատիրոջ, գործ ունեմ Հեղինակության հետ: Եթե կինեմատոգրաֆիայի ասպարեզում կյանքի կոչված Ձեր մտահղացումները տպավորիչ եւ գեղագիտորեն ուսանելի են, ապա մյուս ոլորտը, ուր մուտք եք գործել եւ փորձում եք որոշակի նիշա ապահովել, ամենամեղմ արտահայտությամբ, ձերը չէ: Հարգելի Տիգրան, չէ՞ որ քաղաքականությունը նույնպես մասնագիտություն է, եւ հավանաբար բարդագույն մասնագիտությունն է, այլապես աշխարհի եւ առավելապես մեր հայրենիքի գործերն այսչափ անմխիթարական չէին լինի:
Հիմա կհարցնեք` էդ դեպքում ես ուր եմ «խցկվում»: Ոչ հիմա, ոչ եւս տեսանելի ապագայում մտադիր չեմ զբաղվել քաղաքականությամբ եւ, ուրեմն, տվյալ ուղղությամբ միտք թելադրել: Ես հարցադրող եմ` ընդամենը: Եվ դա, որպես երկրիս ոչ անտարբեր զավակ, դիտում եմ ոչ թե որպես իրավունք, այլ որպես պարտականություն:
Ծանոթանալով նոյեմբերի 14-ի «Մեր երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակը թեմայով» Ձեր զեկույցին (Տես հոդվածը` Տիգրան Խզմալյան. «Բռնատիրությունը պետք է տապալվի» ), ակամայից մտաբերեցի կիսազվարճալի մի դեպք իմ ուսանողական տարիներից:1996 թվին, երբ ԵՊՀ տնտեսագիտության Ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող էի, լույս տեսավ Սամյուելսոնի հեղինակած տնտեսագիտության դասագրքի հայերեն թարգմանությունը: Թարգմանողն, ի մեծ զարմանս ինձ, Հայաստանում Ամերիկյան համալսարանի ոմն ֆիզիկոս էր: Մինչև օրս իմ դեմքին ժպիտ է առաջացնում «ստագֆլյացիա» տերմինի նրա թարգմանությունը: Ստագֆլյացիա նշանակում է տնտեսական լճացում և գնաճի առկայություն, որտեղից էլ ճարպիկ ֆիզիկոսը ստացել էր ԼՃԱԳՆԱ «հանճարեղ» բառը: Ցավալի է , բայց փաստ, որ ձեր վերլուծությունն ինձ հիշեցրեց այդ պատմությունը:
Նախ, հիասթափեցնող էր «Սարդարապատ» միության Ձեր բնորոշումը որպես միայն վերկուսակցական սկզբունքով գործող, սակայն ոչ մի խոսք նրա ազգային բնույթ կրելու վերաբերյալ: Հետո նշում եք, թե նպատակ եք հետապնդում քննարկել ազգային փրկության ծրագիրը: Ասեմ, որ վերկուսակցական լինելն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման է, ի վիճակի լինելու ազգի փրկության ելքեր որոնել: Օրինակ, վերկուսակցական կարող է լինել Հայաստանում ամեն քայլափոխի հանդիպող ցանկացած հայրենակցական միություն. նրանց անդամ են դառնում տարբեր կուսակցական պատկանելությամբ, սակայն միևնույն երկրամասի անհատներ: Քանի դեռ այդ միությունները չունեն ազգային, ոգե-գաղափարական ուղղվածություն, նրանք ի զորու չեն լինի հավաքագրել բավարար ներուժ (նյութական և հոգևոր), որպեսզի կարողանան լուծել ազգային հարցեր: Միայն ու միայն ազգային ու ոգե-գաղափարական բնույթ կրող հոսանքներն ու միություններն են, որ կարող են ի մի բերել ազգային մտավորական վերնախավը` երկնելով ազգային ինքնության ու ԷՈՒԹՅԱՆ վրա խարսխված ազգային փրկության ծրագիր:
Հաշվի առնելով հայ քաղաքական (և ոչ միայն) մտքի ծանծաղությունը, հարկ եմ համարում հակիրճ անդրադառնալ «Ազգ» և «Ոգե-գաղափարական» կատեգորիաներին: Ըստ Նժդեհի, ժողովորդն ավելի շատ կավ է , իսկ Ցեղը` հոգի: Էագետ-հայագետ Ալեքսանդր Վարպետյանը Ցեղ բառն իրավացիորեն փոխարինում է Ազգ-ով ու ստանում ենք, որ ժողովուրդը կավն է, իսկ Ազգը` այդ նույն ժողովրդի ներաշխարհ-հոգին: Ուստիև, կավ ժողովրդի կեցական հարցերով զբաղվում են կուսակցություններն ու վերկուսակցական միությունները: Դա կարող է կատարվել կամ վայրի կապիտալիզմի մեթոդներով կամ էլ ազգի հարստությունը «ազգայնացման» անվան տակ պետականացնելով ու տասնամյակների ընթացքում բյուրոկրատական անարդյունավետ կառավարման ու կոռուպցիայի պատճառով փոշիացնելու ճանապարհով:
Ազգային, Ոգե-գաղափարական (ինքնըստինքյան վերկուսակցական) միություններն են սակայն, որ զբաղվում են Ազգի ներաշխարհը զարգացնելու և «Հոգևոր հայրենիք» կերտելու չափազանց պատասխանատու գործով: Հետևաբար, ո'չ կավա-ժողովրդավարությանը, ԱՅՈ' ԱԶԳԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ-ԱԶՆՎԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ:
Ինչ վերաբերում է Ոգե-գաղափարական հասկացությանը, ապա նախ կուզեի ներկայացնել օբյեկտիվ (մեր կամքից անկախ) իրականության եռահարկ կառուցվածքը` բաղկացած երևույթների, գաղափարների ու ոգեկան-Էությունների աշխարհներից: Սա ցուցադրենք հետևյալ օրինակով. ՔՐԻՍՏՈՍՆ ԷՈՒԹՅՈՒՆՆ է (ոգեկան կամ Էությունների աշխարհ), քրիստոնեությունը գաղափարախոսությունը (գաղափարների աշխարհ), իսկ եկեղեցին` ընդամենը վերոնշյալ «ընդերքի» երևութական արտացոլումը: Եկեղեցու պես, երևութական դատարկաբանություններով են զբաղված կուսակցություններն ու «վերկուսակցական» միությունները և ինչպես հասկանում եք Ոգե-գաղափարական հոսանքներն (օրինակ 1980-ականներին սփյուռքում ձևավորված «Հարատևման ուխտ» ընկերակցությունն ու նրա ակտիվ նախաձեռնող Ալեքսանդր Վարպետյանի կողմից ազգի ընտրանի մտավորականների հետ մեկտեղ 1990- ականներին հիմնադրած «Էություն» Ազգային Իմաստության Տաճարը, ինչպես նաև անցյալ մայիսին ստեղծված «Հարատևում» Ոգե-գաղափարական հոսանքը, (ավելի մանրամասն տես` http://www.eutyun.org/S/E/E/E.htm, http://www.eutyun.org/S/MM/V/E-VGH_8.htm, http://www.eutyun.org/S/1/HARATEVUM/HARATEVUM.htm ) իրենց ուսերին են կրում երևույթների խորքում թաքնված գաղափարների ու Էությունների «քջջումն» ու վերացարկումների օգնությամբ դրանց համակարգումն ու լայն հասարակությանը (կավ ժողովրդին) մատուցումը...
Ինչպես և «հայրենի» իշխանություններն ու «պետական» ընդդիմությունը, դուք համարյա ոչ մի տեղ չեք հատկացնում սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին: Չնայած իրավացիորեն նշում եք տարեկան հայրենիք ուղարկած նրանց մեկուկես մլրդ դոլլարը (մեր պետբյուջեի կեսից ավելին), բայց ոչ թե նրանց ավանդը գնահատելու, այլ իշխանություններին հայկական ռուլետի պահով քննադատելու նպատակով: Եթե «Սարդարապատ» միությունն իրոք ազգային է, այլ ոչ միայն «վերկուսակցական», նա պիտի ուղղված լինի բոլոր հայերի խնդիրների լուծմանը: Կասեք` ի՞նչ կարիք կա մտածել Հայաստանը լքած կամ հայաստանում չբնակվող հայերի մասին, իմ պատասխանը. «Հավատա'նք, հայը Հայաստանից դուրս էլ հայ կմնա, եթե կապված մնաց ցեղի ճակատագրին...» Գարեգին Նժդեհ:
Փորձեմ այստեղ բացել փակագծերը. «Հայաստանը լքած կամ Հայաստանում չբնակվող» հայերի ճնշող մեծամասնությունը ՀՀ նախկին և ներկա քրեա-օլիգարխիկ իշխանությունների թրի տակով չի անցել: Ավելին, նրանք ներկայացնում են հայ ազգաբնակչության այն հատվածը, որը մասնագիտական ու մտավոր կարողությունների շնորհիվ (այլ կերպ ասած «առանց ծանոթի») կարողացել է գործ գտնել ու դիմանալ արտասահմանյան աշխատուժի շուկայում գոյություն ունեցող ծայրահեղ բարձր մրցակցությանը: Հետևաբար, ունենք հարյուր հազարավոր մաքրամաքուր (ազգի դեմ հանցանք չգործած) ու կարողունակ, ինչպես նաև հայրենիքի կարոտից տառապող (իմ փորձից ելնելով գիտեմ) «քայլող ծիրանենիներ- Prunus armeniaca»: Ինչքանո՞վ է այդպիսով նպատակահարմար անտեսել այդ հզոր տնտեսական ռեսուրսի ծառայեցումը հայրենիքի շենացման ու սոցիալ-տնտեսական զարգացման սուրբ գործին...
Երկրորդ, Ձեր հոդվածն ավելի շատ կապիտալիստական հասարակարգը տապալելուն ուղղված պրոպագանդա էր, քան սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն: Մասնավորապես, Խորհրդային տարիների նկատմամբ Ձեր ունեցած նոստալգիկ հիշողություններն անցնում էին ցանկալին իրականի տեղ ներկայացնելու ամեն սահման: Բավական է նշել աբսուրդի հասնող մի փաստ և ԽՍՀՄ «ճոխ» ժամանակների Ձեր վարդագույն փուչիկը հօդս կցնդի: Բոլորիս է հայտնի, որ կոմունիստների օրոք ոչ ոք պատասխանատու պաշտոն չէր կարող զբաղեցնել առանց կոմկուսի անդամության, որի համար, ճիշտ կռահեցիք, անհրաժեշտ էր վճարել կլորիկ գումար-կաշառք...
Մյուս կողմից, ԱՄՆ տնտեսության վերաբերյալ որոշ տվյալներ թերի էին, մյուսները բացարձակապես չէին համապատասխանում իրականությանը: «Ինքնապաշտպանական բնազդից ու ազգային անվտանգության շահերից ելնելով` գերտերությունները ստիպված են շտապ պետականացնել, ազգայնացնել խոշորագույն արտադրություններն ու գործարանները, բանկերը ու ապահովագրական հիմնադրամները` այսինքն կիրառել այն տնտեսական միջոցները, որոնք բնորոշ են սոցիալիստական համակարգին: Նման բան արդեն եղել է քսաներրորդ դարում, երբ երեսունական թվականների ահավոր սննկացումներից ու ֆինանսական աղետից հետո, ԱՄՆ Նախագահ Ռուզվելտը փաստորեն պետականացրեց ողջ տնտեսությունը, փրկելով իր երկիրը փլուզումից:»
Ներկայումս, իրոք որ ԱՄՆ կառավարությունը ստիպված է ԽԻՍՏ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ վարկեր տրամադրել խոշոր ընկերություններին (General Motors, Chrysler) և որոշ դեպքերում (Citybank, Bank of America, Wells Fargo) գնել խոշոր ընկերությունների արժեթղթեր, այդպիսով ձեռք բերելով բաժնեմաս այդ ընկերություններում: Սակայն նույնիսկ վերջին դեպքում Ֆեդերալ կառավարությունը ձեռք չի բերում վերահսկիչ փաթեթն այդ ընկերություններում:
Հետևաբար ասել, թե կառավարությունը պետականացրել է այդ ընկերությունները, մեղմ ասած ճիշտ չի լինի:
Ինչ վերաբերում է Ռուզվելտի վարած տնտեսական քաղաքականությանը, ապա նա ոչ թե պետականացրեց ողջ տնտեսությունը, այլ վարեց խթանիչ ֆիսկալ տնտեսական քաղաքականություն: Դրա ամենավառ օրինակն էր New Deal կոչված ծրագիրը, համաձայն որի ֆեդերալ կառավարությունն ավելացնում էր պետական սոցիալական ծրագրերի վրա ծախսվող գումարները: Արդյունքում ավելանում էր երկրի համախառն ներքին արդյունքը, իր մաս կազմող պետական գնումներ բաղադրիչի ավելացման շնորհիվ: Սակայն տնտեսագետների ճնշող մեծամասնության կարծիքով, ԱՄՆ տնտեսությանը «Մեծ դեպրեսիայից» հանեց ոչ այնքան վերոնշյալ ծրագիրը, որքան երկրորդ համաշխարհային պատերազմի սկսվելը:
Երրորդ, Ձեր զեկույցում բավականին մեծ տեղ էիք հատկացրել մեր իշխանությունների առաջին, երկրորդ սերունդների քննադատմանը առանց նրանց բուն էությունը բացահայտելու: Առանց ժխտելու խորհրդային Հայաստանի ձեռքբերումները տնտեսական, գիտական, կուլտուրական, առողջապահական և այլևայլ ոլորտներում, այնուամենայնիվ կուզեի ձեր ուշադրությունը հրավիրել հետխորհրդային ժամանակահատվածի իրադարձությունների վրա: Սա նպատակ է հետապնդում ներկայացնելու որոշ իրողություններ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով բացակայում էին ձեր զեկույցից:
Կարծում եմ, պատմությանն արժանին մատուցած կլինեմ, եթե ասեմ, որ Արցախյան պայքարը ոչ թե ազգային-ազատագրական էր, այլ ազատագրական (փառք ու պատիվ այդ շարժման բոլոր մասնակիցներին): Արցախը` Հայաստանի պատմական ու անքակտելի հատվածը, մենք ազատագրեցինք Ադրբեջանի լծից, իսկ Հայաստանը մնաց և դեռ մնում է ռսի լծի տակ: Պատահական չէր, որ ՀՀ երրորդ հանրապետության «հիմնադիր» նախագահը շարժման ամենասկզբում դեմ էր ԽՍՀՄ-ից Հայաստանի անկախացմանը: Կար ժամանակ, որ նա աննպատակ էր համարում նույնիսկ ազգային բանակն ու սահմանադրությունը, իսկ նրա «հանճարեղ» միտքը, թե ազգային գաղափարախոսությունը կեղծ քաղաքական կատեգորիա է, արժանի է նոբելյան մրցանակի: Այստեղ խիստ տեղին է նրան հարց ուղղել` արդյոք կեղծ քաղաքական կատեգորիա՞ է հրեաների ազգային գաղափարախոսություն-սիոնիզմը: Արդյոք դրա շնորհիվ չէ՞ր, որ հրեաներն առանց պետության գոյատևեցին մոտ երկու հազար տարի... Ի միջի այլոց, այդ նույն երկու հազար տարվա ընթացքում յուրաքանչյուր հրեա, անկախ թե աշխարհի որ ծայրում էր բնակվում, ամեն քեֆի առաջին բաժակը բարձրացնում էր «հաջորդ տարի Երուսաղեմում» կենացին...
Պարոն Խզմալյան, մի՞ թե պատահականություն կարող ենք համարել մեր երեք նախագահերի անցյալում ներգրավվածությունը ռուսական հատուկ ծառայություններում: Արդյո՞ք պատահական էր Ելցինի, Շևարդնաձեի , Ալիևի, Պուտինի ու այլ ԿԳԲ-կոմունիստ-ական ապարատչիկների հայտնվելը իրենց երկրների ղեկին: Իսկ այդ ինչու՞ մինչև օրս ՀՀ-ն չի բացել Խորհրդային Միության տարիների ԿԳԲ-ի իր արխիվները:
Միով բանիվ, կարելի է վստահաբար պնդել, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ նախկին ԽՍՀՄ շատ երկրներ առայժմ գտնվում են ռուսական հատուկ ծառայությունների լծի ներքո և առնվազն միամտություն է կարծել , թե սոցիալիզմը հետ բերելու կարիք կա: Առանց այդ էլ ապրում ենք դեմոկրատների դիմակ հագած սոցիալիստ-կոմունիստների իշխանության տակ և տեսել ու տեսնում ենք դրա արդյունավետությունը, իսկ պատմությունն ու ժամանակը, որպես «վերջին ատյանի» դատավոր, իրենք են ցույց տվել արևմտյան և խորհրդային տնտեսական համակարգերի հարատևության ներուժը: Ամբողջ հարգանքով ձեր նկատմամբ, մինչև կոկորդը կուշտ ենք սոցիալիստներից...
Ո՞րն է ելքը: Դուք ձեր զեկույցի հենց առաջին պարբերությամբ ասում եք. «Հայրենիքը վտանգված է: Օրեցօր ահագնացող, երկրին նետված մարտահրավերները և կործանման սպառնալիքը կարող են վերանալ միայն սոցիալական համապարփակ փոփոխությունների շնորհիվ, որը պահանջում է ոչ միայն ազգային ուժերի գերագույն լարում, այլ նաև դրան նախորդող սոցիալ-տնտեսական վիճակի վերլուծություն»: Այնուհետև շատ իրավացիորեն անում եք շատ կարևոր եզրակացություն, որ իրականությանը չի համապատասխանում այն, որ այսօրվա բարոյալքված վիճակը հետևանք է ծանր սոցիալ-տնտեսական պայմանների: Բերում եք շատ գեղեցիկ օրինակ, թէ ինչպես ենք մենք հաղթել արցախյան ազատամարտը ծանրագույն տնտեսական իրավիճակում շնորհիվ բարձր քաղաքացիական ինքնագիտակցության ու ազգային համախմբվածության:
Ուստի, օրեցօր ահագնացող, երկրին նետված մարտահրավերները և կործանման սպառնալիքը կարող են վերանալ ոչ թե սոցիալական համապարփակ փոփոխությունների շնորհիվ, այլ ձեր իսկ մատնանշած բարձր քաղաքացիական ինքնագիտակցության ու ազգային համախմբվածության մթնոլորտի ստեղծման:
Վերջինս հնարավոր է իրականացնել միմիայն Ոգե-գաղափարական շարժում սկսելու միջոցով: Դա մեզ հնարավորություն կտա հիմնել և զարգացնել «Հոգևոր Հայաստանը», այնտեղ կառուցել մեր այբուբենի պես «անառիկ ամրոցներ» և ի վերջո հասնել մեր մտա-հոգևոր անկախության: Իսկ հզոր կենսունակ ու մրցունակ տնտեսությունը ինքնըստինքյան կհաջորդի վերոհիշյալին:
Հ.Գ. «Մի վախեցեք նրանցից, ովքեր ի զորու են սպանելու ձեր մարմինը, սարսափեք նրանցից, ովքեր կարող են սպանել ձեր հոգին:»
Հիսուս Քրիստոս, Ավետարան ըստ Մատթեոսի
Արարատ Ստեփանյան
Վաշինգտոն, ԱՄՆ
Նոյեմբեր, 2009
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել