HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀԱԿ-ի հայտարարությունը

Վերջին  շրջանում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շուրջ աղմկոտ քննարկումները կարծես ստվերեցին Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքական այլ խնդիրները: Որքան էլ բախտորոշ եւ պատմական նշանակություն ունենա Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ բնական էր, որ այն դարձավ աշխույժ բանավեճերի եւ քաղաքական ուժերի նոր դիրքավորման առիթ, չպետք է թույլ տալ, որ քաղաքական բանավեճը կենտրոնանա բացառապես այդ խնդրի վրա` ուշադրությունից դուրս թողնելով, նույնքան, գուցե եւ ավելի կարեւոր ու տարողունակ խնդիրներ: Հայ Ազգային  Կոնգրեսը, նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հստակ գնահատականներ տվեցին հայ-թուրքական կարգավորման գործընթացին եւ դրա հետեւանքով առաջացած արտաքին եւ ներքաղաքական զարգացումներին, հիմնավորելով, որ արտաքին քաղաքականության բնագավառում արձանագրված ձախողումները եւ անհարկի զիջումները հետեւանք են Հայաստանում առաջացած խորը տնտեսական եւ քաղաքական ճգնաժամի` ինչը արդյունք է կեղծված նախագահական ընտրությունների, իշխանությունների ոչ լեգիտիմության, մարտիմեկյան սպանդի: Քաղբանտարկյալների առկայությունը, հավաքների եւ խոսքի  ազատության ոտնահարումները, շարունակվող  ոստիկանական բռնաճնշումների բնույթը եւ այլն վկայություն են այն բանի, որ վարչախումբն ի դեմս սեփական ժողովրդի տեսնում է իր ամենաոխերիմ թշնամուն եւ պատերազմ է հայտարարել նրա դեմ: Դրանով իշխանությունն ապացուցում է, որ իր բնույթով ունակ չէ երկիրը կառավարել օրինական ու ժողովրդավարական մեխանիզմներով: Մարդու  իրավունքների ու ժողովրդավարական ազատությունների  համատարած խախտումները, ապօրինի  մենաշնորհային-օլիգարխիկ համակարգի  միջոցով ժողովրդի օր-օրի ահագնացող  մոլագար կողոպուտը անիմաստ են դարձնում այս իշխանության պայմաններում որեւէ բարեփոխման սպասելիք եւ սպառնում են երկրի անվտանգությանն ու պետականության գոյությանը: Երկրում օրինականության ապահովմանը, ժողովրդի կենսական շահերի ու ժողովրդավարական  ազատությունների ապահովմանը, սոցիալական վիճակի թեթեւացմանն ուղղված համակարգված  քայլեր չանելու դեպքում առկա ճգնաժամը ծավալելու է համատարած դժգոհությունը եւ սպառնալու է վերաճել համաժողովրդական ընդվզման: Հայ ազգային  կոնգրեսը, առաջնորդվելով պետականության  ու ժողովրդի առջեւ իր քաղաքական պատասխանատվության  գիտակցումով, շարունակելու է հետեւողական  ու վճռական պայքարը իր առջեւ դրած հիմնական ու տարողունակ խնդրի` սահմանադրական կարգի վերականգնման եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման համար` ինչից ածանցվում են մյուս բոլոր` արտաքին եւ ներքաղաքական խնդիրները ու դրանց լուծումը` անկախ իրենց հնչեղությունից: Ու դրան էլ հարմարեցնելու է իր պայքարի մարտավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter